Իսրայելը հետո ո՞ւր գնաց:

Հովր լեռան ստորոտը: Այստեղ Աստված Մովսեսին պատվիրում է, որ Ահարոնին և նրա որդի Եղիազարին լեռը բարձրացնի, որտեղ Ահարոնի զգեստը հանելով՝ Եղիազարին զգեստավորի, և Ահարոնն այնտեղ մեռնի: Մովսեսի՝ աստվածային սույն հրամանը գործադրելուց հետո Ահարոնը հարյուր քսաներեք տարեկանում մեռավ, և ժողովուրդը երեսուն օր սուգ արեց նրա վրա:

Արադ երկրի թագավորը՝ Քանանիսը, պատերազմի դուրս գալով իսրայելացիների դեմ, գերիներ է առնում և տանում իր երկիրը, որը մոտ էր իսրայելացիների բանակատեղիին: Ուստի իսրայելացիները, իրենց հույսն Աստծո վրա դնելով, ուխտ են անում, որ Աստված  իրենց հաղթանակ պարգևի, նզովի Արադի բնակիչներին և ամբողջ երկիրը: Արդարև, իսրայելացիները Աստծո զորությամբ հաղթում են, կոտորում են այդ երկրի մարդկանց, անասուններին և կործանում նրանց քաղաքները: Այդ պատճառով իսրայելացիներն այդ տեղը կոչեցին Հորմա (նզովք):

Հետո Հովր լեռից դեպի կարմիր ծովի ճանապարհն են շարժվում: Եվ երբ այն տեղից էլ Եդոմի երկրի մոտակայքում շրջելով դեգերում են, ժողովուրդը, ճանապարհից հոգնելով, դարձյալ սկսեց գանգատվել և Աստծուն ու Մովսեսին բամբասել՝ ասելով, թե «Եգիպտոսից մեզ հանեցիր անապատում կոտորելու համար, ո՛չ հաց ունենք, ո՛չ ջուր, այս փուչ հացից (մանանայից) զզվեցինք»:

Դու նայի՛ր ժողովրդի ապերախտությանը. ճանապարհին փոքր կամ մեծ նեղությունների համար մինչ այն ժամը տեսած հրաշքները մոռանալով՝ երկնքից իջնող մանանայից ձանձրանում է, հանդգնում այն փուչ հաց անվանելու չափ: Պարզ է, որ նրանց սիրտը Եգիպտոսի հետ է կապված, նրանց միտքը զվարճությանն ու հեշտասիրությանն էր հակված, նրանց լեզուն, թունավոր լինելով, մշտապես և ամեն առիթով մեղադրելով «Ինչո՞ւ մեզ Եգիպտոսից հանեցիր» են ասում, որով՝ որպես մի թունավոր նետով, Մովսեսի սիրտը խոցելուց բացի, գրգռում են Աստծո բարկությունը:

Ուստի Աստված նրանց հանցանքների համեմատ որպես պատիժ թունավոր օձեր է ուղարկում, որից շատ շատերը մահանում են: Ժողովուրդը, երբ այսպիսի պատիժը տեսավ, խոստովանելով, որ հանցավոր են, և աղաչում են Մովսեսին, որ աղոթի Աստծուն օձերի անհետացման համար: Մովսեսն ինչպես անցյալում էր աղոթում նրանց համար, այս անգամ էլ սրտագին աղոթքով դիմում է Աստծուն և Նրա պատվիրանի համաձայն մի պղնձե օձ պատրաստելով՝ մի փայտի վրա է դնում, որը մի բարձր վայրի վրա է կանգնեցնում, որպեսզի օձերից խայթված մարդիկ դրան նայելով բժշկվեն: Արդարև, ովքեր գնալով նայում էին, Աստծո զորությամբ իսկույն առողջանում էին:

Օրինա՛կ վերցրու. պղնձե օձի գտնվելու տեղը գնալ և նրան նայելով՝ բժշկվելու մեջ մեղքի փոխարեն ապաշխարելու օրինակն է իմացվում, քանի որ միայն զղջումով մարդը թողություն չի կարող գտնել, այլ պարտավոր է իր հանցանքի համաձայն խոստովանահայրը ինչ որ ապաշխարություն նշանակի՝ որպես մեղքի հատուցում, այն սրտի մտոք և ճշտությամբ կատարի, այս է թողություն գտնելու միակ և օրինական միջոցը:

Դու նայի՛ր Աստծո ողորմությանը: Հիրավի, օձերը պատիժ էին, և պղնձե օձը որպես դեղ կանգնեցվեց, սակայն այս տնօրինությունը շատ խորհրդավոր է, քանզի հոգևոր իմաստով այն Գողգոթայի վրա Հիսուս Քրիստոսի խաչվելով մարդկային ցեղը մեղքից փրկելու օրինակն էր:

Իսրայելացիները, այդ պղնձե օձը իրենց հետ Երուսաղեմ տանելով, թերևս որոշ ժամանակ անց զոհեր մատուցելով, սկսեցին պաշտել այն, սակայն Երուսաղեմի Եզեկիա թագավորը այն կոտրատելով ոչնչացրեց, ինչպես որ հայտնի է (Դ Թագ 18:4):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902 թ.:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․