Քանի որ Մովսեսը Նաբավ լեռան վրա պիտի մեռներ, իր վերաբերյալ արդյոք որևէ կտակ թողե՞ց:

Ո՛չ, իրեն վերաբերող որևէ կտակ չթողեց, սակայն Աստծո պատվիրանները ժողովրդին նորից ու նորից հանձնարարեց զգուշությամբ և ճշտությամբ կատարել: Ուշադրությո՛ւն դարձրու, թեպետ Մովսեսը քառասուն տարի շարունակ ժամանակ առ ժամանակ Աստծո պատվերն ու օրենքը ժողովրդին բացատրելու պարտականության մեջ երբեք չթերացավ, այդուհանդերձ մահվան ժամը մոտենալու պահին ժողովրդին հավաքեց և մինչ այդ պահը Աստծո՝ իրենց արված բարերարությունները, գործած հրաշքները, իրենց հայրերի անօրեն ընթացքի պատճառով շատ անգամ Աստծո բարկանալով պատժելը և մանավանդ Աստծո օրենքներն է վերստին հիշեցնում, որպեսզի հրամանն հակառակ ընթացքի մեջ լինելով՝ իրենք ևս չպատժվեն:

Քանի որ Եգիպտոսից ելնող ժողովուրդը, ովքեր քսան տարեկանից բարձր էին, իրենց անհնազանդության պատճառով, աստվածային վճռի համաձայն, բոլորն էլ անապատում մեռան, բացի Հեսուից և Քաղեբից, որոնք ողջ էին:

Արդ, այն ժամանակ ներկա եղող ժողովրդի առջև, որոնցից ոմանք մանուկ հասակում էին Եգիպտոսից դուրս եկել, ոմանք էլ անապատում էին ծնվել, նախապես տրված պատվերները մի անգամ ևս հաստատելուց բացի, այլ պատվերներ էլ է ավանդում: Մանավանդ Քրիստոսի՝ մեր Փրկչի գալուստն է նախապես նրանց հայտնում, որպեսզի գալու ժամանակ Նրա հրամանին և օրենքին հնազանդվեն:

Քանի որ իսրայելացիները կռապաշտության էին հակված, այս պատճառով մեծ զգուշությամբ պատվիրում է, որ կռապաշտների հետ մոտ հարաբերություններ չունենան, կուռքեր չպաշտեն, քանզի երբ պաշտելու լինեն, բոլոր առումներով մի թշվառ վիճակի մատնվելով՝ սաստիկ պատիժների էլ պիտի ենթարկվեն:

Դարձյալ. Մովսեսը պատվիրում է, որ Աստծո օրենքներին չհնազանդվողներին անեծք, իսկ հնազանդվողներին օրհնություն տրվի, Հորդանան գետը անցնելով երկաթ (մուրճ) չդիպած քարերից շինված սեղանի վրա զոհ մատուցեն, և ժողովրդի վեց ցեղերը՝ Շմավոնի, Ղևիի, Հուդայի, Իսաքարի, Հովսեփի և Բենիամինի, մնան Գարիզին լեռան վրա, իսկ մյուս վեց ցեղերը՝ Ռուբեն,ի Գադի, Ասերի, Զաբուղոնի, Դանի և Նեփթաղիմի, կանգնեն Գեբաղ լեռան վրա, օրենքը չկատարողներին անիծելով՝ Գեբաղ լեռան վրա կանգնածներն «ամեն» թող ասեն, իսկ օրենքը կատարողներին օրհնություն տալով՝ Գարիզին լեռան վրա կանգնածները «ամեն» ասեն:

Հետո երկինքն ու երկիրը վկա բերելով՝ Մովսեսը մինչ այն ժամանակ խոսածների համառոտ բովանդակությունը որպես պատմություն կամ օրհնության հիշատակարան գրի է առնում, որպեսզի ժողովուրդը կարդա և բերանացի սովորի չմոռանալու համար:

Բացի այդ, օրինակի համար, Հակոբ նահապետը, մահանալիս Աստծո զորությամբ իր տասներկու որդիներին օրհնություն տալով հանդերձ, նրանց սերունդներին ժամանակի ընթացքում պատահելիքը հայտնեց,  նմանապես Մովսեսը, մահամերձ ժամանակ իսրայելացիների յուրաքանչյուր ցեղին արժանի օրհնությունը տալով, հետագայում նրանց պատահելիք բաների մասին հայտնում է Աստծո ազդեցությամբ:

Ապա Աստծո հրամանով Մովսեսը  Նաբավ լեռը ելած ժամանակ տեսնում է այն երկիրը, որն Աստված խոստացել էր տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, և այնտեղ վախճանվելով՝ հրեշտակի ձեռքով թաղվում է «Մովաբի ձոր» կոչված վայրում. գերեզմանի տեղը ոչ ոքի չի հայտնվում, ու ժողովուրդը, երեսուն օր սուգ պահելով, ողբում է իր մարգարե աաջնորդին:

Մովսեսն իր ամբողջ կյանքի ընթացքում երբեք մարմնավոր հանգիստ չգտավ, քանի որ դեռևս եռամսյա մանուկ էր, որ փարավոնի երկյուղից մայրը նրան Նեղոս գետը գցեց: Թեև հրաշքով ազատվելով՝ թագավորի պալատում մեծացավ, սակայն իր ազգի կրած չարչարանքները տեսնելով՝ ինքն էլ նրանց չարչարանակից լինելու նման անհանգիստ էր: Ազգի փրկության պատճառով օտար երկիր փախչելով՝ անգամ հովվություն անել հանձն առավ:

Լինելով իսրայելացիների առաջնորդը՝ թեև քառասուն տարի անտանելի նեղությունների ենթարկվեց, բայց ոչ մի պահ հույսով աղոթելուց չդադարեց: Այդքան մեծաթիվ ժողովրդի իշխան և առաջնորդ եղավ, սակայն միշտ խոնարհ մնալով՝ հպարտությունը երբեք չկարողացավ տիրել նրա սրտին: Միշտ հնազանդ և Աստծո փառքին այնքան նախաձախնդիր էր, որ մինչև իր մահը Նրա հրամանը ժողովրդին հայտնելու պաշտոնի մեջ երբեք չթերացավ:

Աշխարհի վրա նա ուրիշ բան չի փնտրել, բացի Աստծուց, և Նրա փառքը տեսնելն  էր ցանկանում: Բացի այդ, «Աստծո ծառա» կոչվելով՝ նրա փառքը առավել ևս մեծացավ, քանի որ մարդուս համար Աստծո ծառա լինելուց բացի ավելի մեծ փառք ու պատիվ երկրի վրա չի կարող լինել: Մովսեսի նման մարգարե Իսրայելում երբեք չեղավ, ինչպես Ս. Գիրքն է հայտնում :

Մովսեսը մեռնելիս թեև հարյուր քսան տարեկան էր, սակայն Աստծո կամոք նրա անձը երբեք չթուլացավ, և ոչ էլ նրա աչքերը տկարացան, ուստի քայլելով և միայնակ բարձրացավ Նաբաթ լեռը մեռնելու համար:

Օրինա՛կ վերցրու Մովսեսի առաքինությունից. որքան հնարավոր է, քո կամքով մեծության մի՛ ձգտիր, քանի որ աշխարհիկ մեծությունը մարդու թե՛ մարմնի և թե՛ հոգու hամար վտանգավոր է: Եթե արդար ես, պարզ է, որ նեղություններ պիտի կրես, քանի որ չարությանը հակված մարդիկ խիստ շատ են. բոլորին լավ կառավարելու համար ահագին ջանք և տքնություն է անհրաժեշտ:

Եթե անարդար լինես, ժողովուրդը կսկսի ապստամբել և մի օր կարող է վնասել քեզ, այս իսկ պատճառով այս աշխարհի վրա անիրավ դատավորը կամ իշխանավորը միշտ երկյուղ կրելուց բացի հանդերձյալ կյանքում էլ սաստիկ պատժվում է: Եթե Մովսեսի պես քեզ էլ ի վերուստ ժողովրդին առաջնորդելու հրավեր է լինում, աստվածային կամքին մի՛ հակառակվիր և նրա նման ամեն մի նեղության համբերելով՝ միշտ տքնի՛ր ժողովրդի բարիքի համար:

Քանի որ մեծությունը ոչ թե իշխելու մեջ է կայանում, այլ իշխանությանդ տակ եղողների բարեկեցության մեջ, ինչպես նաև նրանց շահի համար կրելիք նեղությունների և վսեմ պայքար մղելու մեջ: Մինչ աշխարհը քնի մեջ հանգիստ է վայելում, ժողովրդի արդար և բարի իշխանը, նրա բարվոք կառավարելու շուրջ խորհելով, գրեթե միշտ քնի կարոտ է մնում: Ամեն մարդ իր սեփական օգուտի մասին է խորհում, իշխանավորը, բոլորի օգուտի մասին մտածելով, բնականաբար, ավելի կամ նվազ անհանգիստ է լինում:

Սակայն եթե արդարությամբ կառավարելով՝ բոլորի ուղղության համար աշխատի և բոլորին առաքինության օրինակ լինի, այն ժամանակ իր վարձը խիստ մեծ և փառավոր կլինի: Քանի որ յուրաքանչյուր անձ իր առաքինության վարձն է առնում, իսկ ուրիշների առաքինության պատճառ եղողը, նրանց համար էլ է Աստծուց վարձ ստանում: Սրան հակառակ, անարդարացի կառավարելու հետևանքով որոնց գայթակղության կամ մեղքի պատճառ է եղել, նրանց համար ավելի պատժի է արժանի լինում:

Այսուհանդերձ պիտի գիտենանք, որ թե՛ հոգևոր և թե՛ մարմնավոր իշխանավորները, որքան էլ արդարությամբ և առաքինությամբ կառավարեն, դարձյալ բամբասանքից բոլորովին զերծ և ազատ չեն կարող լինել, քանի որ մարդիկ իրար նկատմամբ գերազանց և փառավորագույն լինելու ցանկությամբ ընդհանրապես իրար են մեղադրում, իրար պակասությունները գտնելու առիթ են փնտրում, ոմանք՝ նախանձից, ոմանք՝ տգիտությունից:

Թեպետև մարդկանց պարսավանքից և չարախոս լեզվից ազատ լինելը բացարձակապես անհնար է, սակայն համբերությամբ նրանց ուղղության համար աղոթելը և միաժամանակ աշխատելը թե՛ հնարավոր է և թե՛ սրբազան պարտականություն: Լա՛վ խորհիր այս մասին և մի՛ կարծիր, թե երբ չարերը չուղղվեն, քո վարձը կկորսվի, այլ նրանք ավելի մեծ պատժի արժանի կլինեն:

Վերջապես, թե ի՛նչ է մեծությունը, ուրիշի մի՛ հարցրու, այլ Մովսեսին և նրա օրինակի՛ն հետևիր ամենայն համբերությամբ և արիությամբ, որպեսզի սխալների մեջ չընկնես և պատժի արժանի չլինես:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902 թ.:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․