6 Հոկտեմբեր, Կիր
Չպատժեց: Թեև ժողովուրդն այս պարագայում արժանի էր պատժի, սակայն Աստված Իր անսահման ողորմությամբ առանց անմիջական պատժի նրանց մոտ հրեշտակ ուղարկեց, որպեսզի ուղղվեն: Գաղգաղա կոչված վայրում մարմնավոր կերպարանքով հրեշտակ հայտնվեց և տեղեկացրեց, որ եթե շարունակեն Աստծո օրենքներին հակառակ իրենց ընթացքը, պիտի պատժվեն, եթե անմիջապես չզղջան:
Թեպետ հրեշտակի խոսքերը լսելով՝ արտասվեցին, ողբացին, սակայն այդուհանդերձ իրենց չար ճանապարհներից ետ չդարձան: Քանզի նախորդ հարցում նշածի համաձայն՝ Հեսուի մահվանից հետո, մինչ նոր առաջնորդ կկարգեին, ամեն մարդ ընթանում էր իր սրտի ցանկությունների համաձայն (Դատ. 21:24), ուստի ժողովուրդն այն վիճակին հասավ, որ հանդգնեց անգամ միմյանց վնասներ և չարիքներ պատճառել (տե՛ս Դատ. 17-21 գլուխները, որտեղ ընդարձակորեն նկարագրվում է այս):
Օրինակ հիշենք հետևյալ դեպքերը:
Եփրեմի ցեղից Միքա անունով մի մարդ կուռք է պատրաստում և մի ղևտացու գտնելով՝ նրան այդ կուռքի համար քահանայության է կարգում և համարձակ սկսում պաշտել այն: Ապա Դանի ցեղը իրեն հատկացված տեղի սակավության պատճառով և կռապաշտների երկրից ընդարձակ տարածքներ գրավելու ցանկությամբ քննելու և հետազոտելու հանձնարարությամբ թվով հինգ հոգի ուղարկում է շրջակա գավառները լրտեսելու:
Սրանք վերոհիշյալ Միքայի տանը իջևանելու ժամանակ մի ղևտացու տեսնելով՝ իմանում են նրա այնտեղի պաշտոնի մասին և առաջարկում Աստծուն հարցնել, թե արդյո՞ք կհաջողվի նրանց գործը, նա էլ պատասխանում է. «Գնացե՛ք, խաղաղություն է(հաջող է)»:
Ապա հետախուզում են Լայիսա քաղաքը և լուր բերում: Դանի ցեղից վեց հարյուր մարդ զինվելով՝ վերոհիշյալ քաղաքի վրա արշավելու ժամանակ Միքայի տնից իրենց հետ վերցնում են հիշյալ ղևտացուն և կուռքերը, տունն էլ կողոպտում են՝ հափշտակելով ողջ ունեցվածքը: Միքան, թեև հիշյալ մարտիկների հետևից ընկնելով, բողոքում է և գանգատվելով՝ աղաղակում սույն բռնության դեմ, բայց տեսնելով, որ իրեն էլ կարող են սպանել, վախենալով՝ հուսահատված ետ է վերադառնում:
Հիշյալ արշավախումբը Լայիսայի բնակիչներին էլ կոտորելով՝ քաղաքը այրում է: Նրանք բնակվում են այդ գրաված վայրում և այն իրենց ցեղի անունով Դան են անվանում: Ահա այդ օրերից մինչև իսրայելացիների գերությունը Դանի ցեղը պաշտում էր հիշյալ կուռքին: Հետագայում իսրայելացիների թագավորը նույնպես իր կերտած երկու ոսկե հորթերից մեկին այդտեղ հաստատեց, որպեսզի ժողովուրդը Երուսաղեմ գնալու փոխարեն այնտեղ զոհեր մատուցի (Գ Թագ 12:29):
Դարձյալ մեկ այլ դեպք:
Եփրեմի գավառում մի ղևտացիր էր բնակվում, որը Բեթղեհեմից կին է առնում: Որոշ ժամանակ հետո նրանց մեջ անհամաձայնություն է ծագում, և կինը հոր տուն է վերադառնում: Երեք ամիս հետո ամուսինը գնում է Բեթղեհեմ, աները պատվով ընդունում է նրան և առաջվա նման սիրով հաշտվում են:
Ապա ղևտացին իր կնոջ հետ որոշում է իր բնակավայրը վերադառնալ, և Բենիամինի գավառի Գաբաա կոչվող վայրի ճանապարհին լինելով՝ որոշում են այնտեղ գիշերել: Սակայն բնակիչներից ոչ ոք գիշերը նրանց չի հյուրընկալում, որի պատճառով թեև սկզբում հրապարակում են մնում, սակայն Եփրեմի երկրից մի ծերունի մարդ, որը Գաբաաում էր բնակվում, ուշ ժամի տուն վերադառնալիս նրանց իր տունն է տանում, և մինչդեռ ուրախությամբ ուտում և խմում էին, քաղաքի չարագործ մարդիկ տունը շրջապատելով՝ ցանկանում են բռնել ղևտացուն և իրենց պիղծ խորհուրդներն իրագործել:
Թեև հիշյալ ծերունին շատ է աղաչում և պաղատում, մինչև անգամ համաձայն է լինում իր աղջկան և ղևտացու կնոջը նրանց հանձնել, սակայն այդ ամբարիշտները ոչ մի կերպ չեն ցանկացանում զիջել, և ամեն կերպ ղևտացուն են պահանջում: Մինչ նրանք սույն վիճաբանությունն էին անում, ղևտացին ճարահատյալ համաձայնում է այդ անամոթ մարդկանց ձեռքը մատնել իր կնոջը, որպեսզի ինքը ազատվի: Ողջ գիշեր՝ մինչև առավոտ, ողորմելի կնոջ վրա իրենց պիղծ կիրքն են հագեցնում, և առավոտյան արձակում: Սակայն խեղճն այն աստիճանի է հասնում, որ հազիվ կարողանում է հասնել իրենց իջևանած տան մոտ, որտեղ ընկնելով և ձեռքը տան շեմին դնելով՝ մահանում է: Ղևտացին էլ, որը իր կնոջից հույսը կտրել էր, կամենում է իր ճանապարհը շարունակել, դուռը բացելով և իր կնոջը այնտեղ տեսնելով՝ կարծում է, թե կենդանի է: Իսկ երբ հայտնաբերում է, որ մահացած է, առանց որևէ մեկին հայտնելու գրաստի վրա է դնում և տանում իր քաղաքը: Նրա մարմինը տասներկու կտորների բաժանելով՝ հատուկ մարդկանց միջոցով մեկական կտոր է ուղարկում իսրայելացիների տասներկու ցեղերին՝ հայտնելով գաբաացիների այդ անօրեն արարքի մասին:
Այս գարշելի եղելության լուրը իսրայելացիների ցեղերի մեջ տարածվելուն պես իսկույն չորս հարյուր հազար զինյալ մարդ է հավաքվում Մասեփայում: Այնտեղ գործը ստուգելուց հետո բոլորը միաբերան աղաղակում են, որ հարկավոր է իրավունքն ու արդարությունը գործադրել: Ուստի որոշելով պատժել այդ չարագործներին, Բենիամինի ցեղի մեծերին լուր են ուղարկում, որ հիշյալ անզգամներին իրենց հանձնեն: Սակայն նրանք հիշյալ չարագործներին պաշտպան կանգնելով՝ նրանց չեն ցանկանում հանձնել: Եվ մանավանդ գաբաացիներից բացի, քսանհինգ հազար զինյալ և յոթ հարյուր լավ նշանառու և պարսատիկ նետող զինված մարդիկ էլ են պատրաստվում մարտնչելու:
Արդ, իսրայելացիների տասնմեկ ցեղերը բենիամինցիների սույն ապօրեն վարքը տեսնելով՝ միաբերան որոշում են նրանց առանց իրենց արժանի պատիժը տալու տուն չվերադառնալ, և որ Բենիամինի ցեղին աղջիկ տվողը կամ նրանցից աղջիկ առնողը նզովված լինի: Նաև՝ իսրայելի ցեղերի մնացած մարդիկ, եթե միաբանված իրենց հետ չմասնակցեն պատժին, նրանք ևս պատժի արժանանան, և սույն վճիռը երդմամբ հաստատելով՝ քառասուն հազար մարդու հանձնարարում են պաշար պատրաստել:
Սակայն մի այսպիսի մեծ գործի համար գլխավոր հրամանատարի կարիք ունենալու պատճառով հարցնում են Աստծուն, և Նա էլ Հուդայի ցեղապետին է առաջնորդ ընտրում: Երբ պատերազմը սկսվում է, իսրայելացիներից երկու հազար մարդ է մահանում:
Սրանք անտարակույս հույս ունեին Բենիամինի ցեղին հաղթել, ուստի երբ այդ ձախորդությանն են հանդիպում, սրտակոտոր մինչ երեկո նստում և արտասվում են իրենց վիճակի համար:
Թեպետ և նորից պատերազմի դուրս գալու համար Աստծուն հարցնում են և պատերազմում, սակայն այս անգամ էլ ութ հազար մարդ է կոտորվում: Այն ժամանակ նորից արտասվելով ծոմ են պահում, և խորանի առջև փրկության համար բերկրալից սրտով ողջակեզներ են մատուցում (Դատ. 20:21):
Խրատվի՛ր, ի՜նչ զարմանալի բան, որ նրանք Աստծո հրամանով պատերազմ են ձեռնարկում և կոտորվում են: Բնավ մի՛ զարմացիր, որ նրանք որպես դատախազներ հավաքվել էին գաբաացիներին դատելու, սակայն նրանցից առավել ևս պատժի արժանի լինելով՝ կոտորվեցին:
Որովհետև երբ ժողովրդից շատերը կուռքերին երկրպագեցին, ոչ ոք չկամեցավ նրանց ուղղվելու համար դատախազ լինել: Սակայն կուռքեր պաշտելը Աստծուն ուրանալ է նշանակում, և ամեն մի մեղքից առավել ծանր է:
Օրինակ, ահա վերոհիշյալ Միքան, որը Եփրեմի ցեղից էր, և Դանի ամբողջ ցեղը և այդ կուռքին քահանա կարգված ղևտացին որպես կռապաշտներ ծանրորեն մեղանչել էին Աստծո դեմ:
Դարձյալ, նրանք իրենց բազմության վրա հույս դնելով՝ հպարտացան, և բենիամինցիներին անպատճառ հաղթելու հույսն ունեին: Բացի այդ, ճակատամարտի վախճանը, թե ինչպիսին կլինի, մարդու համար բոլորովին անորոշ է, նրանք, առանց գործն իր հանգամանքներով քննելու, բարկությամբ երդվելով՝ իրենք իրենց պարտավորեցրին: Մանավանդ պատերազմելու վճիռ կայացնելուց հետո նոր միայն Աստծուն հարցնում են, թե ո՞վ լինի զորավարը կամ զորահրամանատարը, այս պատճառով Աստված նրանց չի օգնում, որպեսզի իրենց չափը ճանաչելով՝ խրատվեն, և ի սրտե դառնան առ Աստված:
Արդարև, երբ նրանք իրենց ընթացքն ուղղեցին, իրենց հույսը միայն Աստծո զորության վրա դրեցին, արտասվելով ու ծոմապահությամբ պատարագ մատուցեցին, հաջորդ օրն իսկ մի նշանակալից հաղթանակով Բենիամինի ցեղից քսանհինգ հազար մարդ կոտորելուց բացի նրանց քաղաքներն էլ կործանեցին, և թե՛ մարդկանց և թե՛ անասուններին բոլորին առհասարակ սրի բերանը գցեցին: Միայն վեց հարյուր մարդ անապատ փախչելով՝ Ռեմոնի ժայռ կոչված վայրում ապաստան գտավ և ընդհանուր կոտորածից ազատվեց:
Թեպետ այս անգամ նրանց նպատակի և բաղձանքի համաձայն՝ իրենց վրեժխնդրության կիրքը կատարելապես հագեցավ, սակայն քանի որ նրանք իսրայելացիների ցեղի մի մասն էին կազմում, այդ պատճառով մյուս ցեղերը հետագայում սրտացավորեն մեծապես զղջացին: Քանի որ նրանք նաև երդվել էի, որ Բենիամինի ցեղին աղջիկ չտան, սակայն նրանցից վեց հարյուր մարդ փախուստով ազատված լինելով՝ մտածում է, որ եթե նրանց աղջիկ տան, իրենց երդմանը դեմ գնալով՝ պիտի մեղանչեն, իսկ եթե նրանց աղջիկ չտան, ապա իրենք չեն ամուսնանա և իսրայելացիների մի ցեղը կկորչի, իսկ եթե կռապաշտներից աղջիկ առնեն, ապա բացահայտորեն օրենքին հակառակ կգործեն, ուստի այս առումով մեծ մտատանջության են ենթարկվում:
Սակայն նաև երդվել էին, որ իսրայելացի լինելով հանդերձ, որ քաղաքի բնակիչները որ պատերազմի չմասնակցեն, պիտի պատժի արժանի համարվեն: Հաբիս քաղաքից ոչ ոք պատերազմին չմասնակցեց. տասներկու հազար ընտիր զորք ուղարկեցին այդ քաղաքի վրա, որոնց բնակիչներին՝ առհասարակ մեծ թե փոքր, կոտորեցին՝ բացի կույս աղջիկներից, որոնց ընդհանուր թիվը այդ քաղաքում չորս հարյուր էր միայն:
Ապա նրանք միասնական որոշմամբ լուր են ուղարկում անապատում ապաստանած վեց հարյուր բենիամինցիներին, որոնց չորս հարյուրին կնության են տալիս Հաբիսի չորս հարյուր կույս աղջիկներին, իսկ մնացած երկու հարյուրի համար հարսնացու գտնելու միասնական որոշմամբ պատվիրում են, որ թաքնվեն Սելովի այգիներում, և երբ Զատկին (Պասեք) աղջիկներն իրենց սովորության համաձայն այնտեղ պարեն, ամեն մեկը իսկույն մի աղջիկ բռնելով իր համար կին վերցնի, և ոչ ոք նրանց չարգելի:
Արդարև, գործը վերոհիշյալ ձևով կարգադրելով՝ հիշյալ վեց հարյուր մարդով Բենիամինի ցեղը օրըստօրե բազմացավ, և թեպետ Իսրայելի տասներկու ցեղի թիվը չպակասեց, սակայն չար և անզգամ մարդկանց՝ արդարությանը հակառակ լինելու անխոհեմ ընթացքի պատճառով՝ բազում մարդկանց կորստյան և քաղաքների ավերման պատճառ եղավ:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Բ, Վաղարշապատ, 1902 թ.: