Պատասխան – Թեպետ կային ուրիշ ավետարանիչներ, սակայն սրբազան հայրապետներն այս չորսին ընտրեցին, որի համար խորհրդավոր պատճառներ են մատնանշում` ասելով, թե Քրիստոսի վերաբերյալ ավետարանչությունը գլխավորաբար չորս բանի վրա էր խարսխված, այսինքն` մարդեղության, թագավորության, խաչի վրա զենման և փառքով երկինք համբարձման: Մատթեոսը մեծամասամբ, Քրիստոսի մարդեղության մասին է խոսում, Մարկոսը` առյուծակերպ թագավորության, Ղուկասը` պարարտ եզի նման, զենման մասին, իսկ Հովհաննեսը` արծվի նման փառքի և աստվածության բարձրագույն խորհուրդների մասին:
Ահա թե ինչու երբ այս չորս Ավետարանիչներին են նկարում, թվարկված չորս կենդանիների պատկերները ևս նրանց հետ միասին են դնում, որոնք իբր յուրաքանչյուրի խորհրդանիշն են: Եվ թեպետ չորսն են, բայց միայն մի սկիզբ ունեն, ինչպես եդեմական դրախտից բխած աղբյուրը մեկն էր, բայց չորս մասի էր բաժանվում: Ճիշտ այդպես և չորս ավետարանիչները, Աստծո Հոգու միայն մի աղբյուրից առաջանալով, աշխարհի չորս ծագերն աստվածածանոթությամբ փայլեցրին: