22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Աստված օրհնի:
Հին Կտակարանում կա մի դրվագ, ուր Տերը խոսում է Մովսեսի և Ահարոնի հետ և ասում. «... խոզը, որ թեև կճղակաբաշխ է՝ կճղակներ ունի, բայց չի որոճում, ուրեմն նա ձեզ համար պիղծ է»: (Ղևտ 11:7):
Աստված, առաջնորդելով հրեա ժողովրդին, բազմաթիվ օրենքներ էր կարգել, որտեղ սննդին վերաբերող շատ այլ արգելքներ ևս կային: Սակայն օրենքի ողջ նպատակն այն էր, որ մարդը հասկանա իր տկարությունը աստվածային զորության հանդեպ, և ընդունի այն իրողությունը, որ օրենքով (օրենքները պահելով) փրկության արժանանալ հնարավոր չէ:
Աստված աշխարհ ուղարկեց Իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին (Հովհ 3:16) որպեսզի, ով հավատում է Նրան չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Աստծո Որդին աշխարհ գալով՝ մարդուն ազատեց օրենքի իշխանությունից՝ կարևորելով Աստվածային սիրով սերմանված հավատքը, որը մարդուն կառաջնորդի դեպի փրկություն: Հոգևոր բարձր գիտակցությամբ, կամ զորեղ հավատքով մարդու համար կարևոր չէ սննդի այս կամ այն տեսակը, քանի որ Տերն ասաց. «Ոչ թե բերանից ներս մտածն է պղծում մարդուն, այլ ինչ որ ինչ որ դուրս է ելնում բերանից այն է պղծում մարդուն» (Մտթ. 15:11): Հինկտակարանյան օրենքի նշանակությունը մարդուն դեպի Քրիստոս ուղղորդելն էր, իսկ Քրիստոս աշխարհ եկավ, աստվածային Իր զորությամբ մարդուն օրենքից վեր բարձրացրեց և վկայակոչեց մարդու ազատ կամքը, որով մարդը զերծ է մնում օրենքից՝ կատարելով Աստծո բարի կամքը իր իսկ բարեկեցության և փրկության համար: Սակայն հրեաները չհասկացան այս, քանի որ մնացել էին օրենքի գերիշխանության տակ, այդ իսկ պատճառով էլ խաչեցին Քրիստոսին:
Նոր Կտակարանը Հին Կտակարանի լրումն է՝ ամբողջացումը, և մենք՝ որպես քրիստոնյաներ, նորկտակարանյան ճշմարտություններից սովորում ենք հետևել Քրիստոսին և Քրիստոսով արժանանալ հավիտենական կյանքի և փրկության: Ինչպես Առաքյալն է ասում կերակուրը դեր չունի մեր փրկության համար, կարևորը հավատքն է (Գործք 15:20):