Հեղիի մահից հետո ո՞վ է լինում դատավոր:

Սամվելը: Քանի որ նրա առաքինությունը բոլոր իսրայելացիներին էր հայտնի, ուստի նրան միաձայն դատավոր են ընտրում: Սամվելը ոչ մի վայրկյան չի թերանում` կատարելու Աստծու հրամանները ժողովրդին ամեն կերպ սովորեցնելու պարտականությունը: Մանավանդ նա հարատև աղոթում էր, և ժողովուրդը նրանից բարի օրինակ է վերցնում. նրա օրոք օրենքին հակառակ իրենց նախկին վարքից հեռանում են, և կարող ենք ասել՝ կատարելապես ուղղվում են: Դու Սամվելի հավատքի´ն նայիր. որովհետև իսրայելացիների դատավորն է դառնում, սակայն չի փորձում տապանակը թշնամու ձեռքից ազատելու համար զորք գումարել և նրա վրա հարձակվելու շարժում և նախաձեռնություն անել, միայն իր ողջ ուշադրությունը նվիրում է ժողովրդին ուղղորդելուն և աղոթքին: Քանի որ գիտեր, որ տապանակը իսրայելացիների մեղքի պատճառով է գերվել, և եթե իսրայելացիները զղջալով հնազանդության շավղին կանգնեն, Աստված կարող է այն առանց պատերազմի էլ ազատագրել: Արդարև, երբ իսրայելացիները իրենց չար ճանապարհից հետ են դառնում, Աստված էլ մեծ հրաշքով տապանակը փրկում է թշնամու ձեռքից, ինչպես նշվել է վերը: Այնուհետև Սամվելը իսրայելացիներին հավաքում է Մասեփաթում, որպեսզի Աստծու պատվիրաններն ու օրենքները նրանց նորից հիշեցնելով` խոստում ստանա, որ այլևս ոչ մի անգամ օրենքին հակառակ վարք չեն ունենա, և եթե նորից բարկացնեն Աստծուն, մի արարքով ցույց է տալիս, որ դարձյալ կպատժվեն: Այսինքն` ջուր հանել տալով` Աստծու առջև՝ գետնին է թափում: Քանի որ ինչպես գետնին թափված ջուրն է ոչնչանում, այդպես էլ Աստծու դեմ գործող ժողովուրդը պետք է գետնին թափված ջրի նման ոչնչանա: Արդարև, ժողովուրդը սույն օրինակը ազդու խրատ ընդունելով` բոլորը միահամուռ զղջում են և խոստովանում, որ Տիրոջ առջև մեղավոր են և այդ օրը ծոմ պահում: Իսկ այլազգիները, լսելով իսրայելացիների հավաքվելու մասին և կարծելով, որ պատերազմելու նպատակ ունեն, մեծ բազմությամբ պատրաստվում են հարձակվելու նրանց վրա: Թշնամու սույն շարժման մասին իմանալով` ժողովուրդը վախենում է և Սամվելին խնդրում, որ իրենց փրկության համար անդադար աղոթի Տեր Աստծուն, քանի որ իրենք թշնամու դեմ դուրս գալու բավականին զորություն չունեն: Երբ Սամվելը, զոհ մատուցելով, աղոթում էր, հանկարծ թշնամին հարձակվում է մեծ բազմությամբ, սակայն Աստծու կամեցողությամբ իսկույն սարսափելի որոտ և զարհուրելի ձայներ են լսվում, որոնցից թշնամու զորքի մեջ իրարանցում է ընկնում, բոլորովին շփոթվում են, փրկվելու համար սկսում են փախչել: Այն ժամանակ իսրայելացիները, նրանց հետևից ընկնելով, մեծ վնաս են հասցնում, և հեշտությամբ հաջողվում է առանց որևէ վնաս կրելու մեծ մասին կոտորել: Եվ քանի որ այս հաղթանակի համար Աստծու հատուկ օգնությանն էին պարտական, ուստի Նրա այս բարերարության հիշատակը անմոռաց պահելու համար Սամվելը, մի քարե կոթող կանգնեցնելով, այդ վայրի անունը Աբենեզեր («օգնող վեմ») է դնում, որպեսզի ապագա սերունդներն իմանան, որ մինչև այնտեղ Աստված օգնել է իսրայելացիներին: Արդարև, մինչ այժմ պատմած դեպքերից հայտնի է, որ երբ կռապաշտները, և՛ իսրայելացիների սրից, և՛ աստվածային հարվածներից կոտորվելով, տկարանում էին, միառժամանակ հանդարտ և խաղաղ էին մնում, իսկ երբ հարձակվելու համար իրենց բավականին զորեղ էին զգում, դարձյալ իսրայելացիների երկիր արշավելով` բազում վնասներ էին հասցնում: Սակայն այս անգամ Աստծու ողորմությամբ և Սամվելի աղոթքով նրանք այնքան են կոտորվում, որ վախենում են և Սամվելի օրոք այլևս չեն համարձակվում հարձակվել իսրայելացիների վրա: Բացի դրանից` նախկինում իսրայելացիներից բռնի գրավված վայրերը վերադարձնում են, և այսպիսով, իսրայելացիներն ազատվում են թշնամուց: Հարկ է օրինակ վերցնել Սամվելի առաքինությունից: Թեպետ թշնամին տկարանում է, և իսրայելացիներն էլ իրենց չար ճանապարհից հետ են դառնում, բայց նա չի դադարում դարձյալ ժողովրդին խրատելուց: Նա, իր ծննդավայր Արիմաթիմ քաղաքում բնակվելով, այնտեղ սեղան է կառուցում, որպեսզի առանձին աղոթի և երկրպագություն մատուցի Աստծուն: Սակայն միգուցե ժողովուրդը, նորից մեղանչելով, Տիրոջ բարկությունն իր վրա հրավիրի, և նա, տարեցտարի հատկապես նրանց վիճակը իմանալու, Աստծու օրենքը քարոզելու, Նրա Սուրբ կամքը ժողովրդին հայտնելու և նամանավանդ նորահաս սերնդի կրոնական և բարոյական դաստիրակության գործը հսկելու համար անդադար քաղաքից քաղաք շրջելով, վերստին Արիմաթիմ էր վերադառնում այնպիսի գոհ և խաղաղված մտքով, որ միայն պարտաճանաչ անձանց է հատուկ: Սամվելն արդեն ծերացել էր, և երկու որդիներին, որոնցից մեկի անունը Հովել էր, մյուսինը` Աբիա, դատավոր է կարգում: Սակայն նրանք, ընչասեր լինելով, արդարությամբ չեն դատում: Ժողովուրդը, դժգոհ նրանց այս վարմունքից, Արիմաթիմ գալով, Սամվելին ասում է. «Ահավասիկ դու ծերացար, քո որդիները քո շավղին չեն հետևում, այլ ազգերի նման մեզ թագավո´ր կարգիր, որ մեզ կառավարի»: Ժողովրդի այս պահանջը Սամվելին նպատակահարմար չի թվում, քանի որ Աստված, իսրայելացիների թագավոր չկարգելով, հատկապես ցանկացել էր Ինքը կառավարել, այժմ այլ ազգերի նման ժողովուրդը ցանկանում էր մարդկանց իշխանությանը ենթարկվել: Բայց քանի որ բոլորը միավորվել էին սրա շուրջը, այս է պատճառը` մերժողական պատասխան չի տալիս, գործը աղոթքով Աստծու կամքին է հանձնում, և Աստված պատասխանում է, որ ժողովրդի խնդրանքն ընդունի. «Նրանք մինչև հիմա ինչպես Ինձ արեցին, այդպես էլ քեզ կանեն, քանի որ ոչ թե քեզ մերժեցին, այլ Ինձ մերժեցին, որ իրենց վրա չթագավորեմ»: Ինչքան էլ Աստծու այս խոսքը ծանր հանդիմանություն էր ամբողջ ժողովրդին, Սամվելի համար մխիթարություն էր: Քանի որ նրանք, ինչպես Աստծու բարերարությունը չհասկանալով, կուռք էին պաշտում, նույնպես և Սամվելի լավությունը մոռանալով` խնդրում են թագավոր կարգել` առանց մտաբերելու այն պարտքը, որը ստիպված են լինելու վճարելու թագավորին: Այս է պատճառը. որ Աստծու հրամանով Սամվելը այդ պարտականությունների, ինչպես նաև թագավորների մասին տեղեկություններ տալու համար ժողովրդին հայտնում է. «Թագավորը ձեր որդիներին բռնությամբ իրեն ծառայության պիտի հատկացնի, պիտի գրավի ձեր կալվածքները, ձեր ստացվածքներից և բերքից տասանորդ վերցնի, եթե հետո գանգատ անեք, Աստված չի լսի», սակայն ժողովուրդը ոչ մի կերպ չի ցանկանում հասկանալ: Հիրավի, մինչ այն ժամը իսրայելացիները թագավոր չունեին, սակայն Աստծու ողորմությամբ և նրա հզոր պաշտպանությամբ բոլոր ազգերից ամեն ինչով ավելի փառք ու պատիվ ունեին, և միայն այն ժամանակ, երբ նրանք մեղանչում էին, Աստված բարկանալով կռապաշտներին նրանց դեմ էր ուղարկում, որպեսզի զղջալով քավեն իրենց մեղքը, և երբ զղջում էին, իսկույն ազատում էր նրանց, ինչպես հայտնի է մինչ այժմ պատմածներից: Ուրեմն նրանք թագավոր խնդրելու փոխարեն պարտավոր էին միշտ Աստծու կամքը կատարել, սակայն, դժբախտաբար, իրենց հանցանքները չմտաբերելով` թագավոր են ցանկանում, կարծես նրա զորությամբ թշնամուց զերծ և ազատ են մնալու: Սամվելը Աստծու հրամանով Սավուղ անունով մի անձնավորության իսրայելացիների թագավոր է կարգում:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․