22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Երբե´ք, ո՛չ. մանավանդ խիստ տրտմելով՝ արտասվում է: Որովհետև Սիկիլակը կողոպտողների դեմ Դավթի արշավելու օրն էր, երբ Սավուղը, պատերազմում վիրավորվելով, մահանում է, և ամաղեկացի մի մարդ, նրա թագն ու բազկակալը (որոնք թագավորը կրում էր զարդարանքի համար) մի կերպ ձեռք բերելով, Դավթին է տանում՝ կարծելով, որ նա, Սավուղի մահվան համար ուրախանալով, իրեն մեծամեծ պարգևներ պիտի տա։ Այս ակնկալիքով երկրորդ օրը Սիկիլակ գալով՝ պատերազմում Սավուղի և Հովնաթանի մահվան բոթն է հայտնում:
Սակայն նենգությամբ, որպեսզի կեղծավորությունը հայտնի չդառնա, իբր թե մեծ տխրության հանդիպած մարդ, զգեստները պատռելով, գլխին մոխիր ցանած՝ ներկայանում է Դավթին: Երբ Դավիթը հարցնում է, թե որտեղից է գալիս, և Սավուղը ինչպես է մահացել, նա պատասխանում է. «Գեղբուե լեռան վրա հանդիպեցի, երբ Սավուղը ընկած էր իր նիզակի վրա և թշնամին էլ նրան շրջապատած լինելով՝ ինձ տեսնելուն պես ասաց. «Սպանի´ր ինձ», և ես, տեսնելով, որ նրա համար այլևս կենդանի մնալու հույս չկա, նրան սպանելով թագն ու բազկակալը քեզ՝ իմ տիրոջը, բերեցի»:
Լա´վ հիշիր. Սավուղը, ինչպես վերն է հիշատակվել, ինքնասպան է եղել, սակայն երբ հիշյալ ամաղեկացին Դավթին հաճոյանալու համար խոստովանում է, որ ինքն է նրան սպանել, արդարացիորեն դատապարտվում է մահվան: Ուստի Դավիթը նրան պատասխանում է. «Դու ինչպե՞ս չես վախեցել ձեռք բարձրացնել թագավորի վրա, ուրեմն քո արյունը՝ քո գլխին, քանի որ ինքդ խոստովանեցիր, որ թագավորին դու ես սպանել»: Եվ երբ տեսնում է, որ հիշյալ ամաղեկացին այլևս որևէ պատասխան չի կարողանում տալ, հրամայում է, որ անմիջապես սպանեն այդ անզգամ մարդուն:
Օրինա´կ վերցրու. սույն թշվառ ամաղեկացին, Դավթին խաբելով, դրամ կորզելու նպատակ ուներ, կամ երբ նա թագավոր դառնար` դիրքի և փառքի հասնելու, սակայն փոխարենը իր կյանքն է տալիս. ահա այսպիսին է կեղծավոր և ստախոս մարդկանց վիճակը: Իսկապես, մասնավոր շահի համար ասված հիշյալ ստախոսությանը հակառակ՝ Սավուղի և Հովնաթանի մահը ստույգ էր, որի պատճառով էլ Դավիթը և նրա հետ բոլոր իսրայելացիները տրտմությամբ են համակվում և այդ օրը մինչև երեկո լացով և ծոմապահությամբ սուգ անում: Սրանից բացի՝ Դավիթը, երգ հորինելով, Սավուղին և Հովնաթանին է ներբողում, ինչպես որ Սուրբ գրքում այն հայտնի է որպես պատմական բանաստեղծություն:
Դու այստեղ Դավթի առաքինությա՛նը նայիր: Իր հակառակորդի մահվան մասին լսելով, ծոմապահությամբ արտասվելուց և սգալուց բացի՝ նրա անունը ներբողական երգերով փառաբանում է: Դու նույնպես, ո´վ ընթեցող, մի՛ ուրախացիր ոսոխիդ՝ վտանգի մեջ լինելու, վնաս կրելու և կամ մահանալու պատճառով, որպեսզի նրա նման սխալվելով՝ չմեղանչես, քանի որ ուրիշին չարիք ցանկացողը իր անձի հանդեպ է չարիք գործում (ըստ առածի` չարիքը խորհողի համար է չարիք): Սակայն իր անձի հանդեպ չարիք գործելը բնությանը հակառակ է, հետևաբար մարդը մինչև չի սխալվում, չի կարող հանցանք գործել: Արդ, եթե սխալվելով մեղանչել ես, ուղիղ սրտով իսկույն զղջա, որպեսզի չպատժվես, մանավանդ քո դեմ չարիք գործողի հանցանքները ների՛ր, որպեսզի քո հանցանքներն էլ ներվեն, քանի որ ուրիշի հանցանքներին թողություն տալու զլացող անձը, չի կարող թողություն գտնել հավիտյան` որպես թողության անարժանի անձ (Սիրաք 28:2):
Եվ քանի որ Դավիթը Սավուղի հալածանքներից խույս տալով էր Սիկիլակում բնակվում, ուստի նրա մահվան լուրը ստանալուց հետո թեև վերադառնալու ցանկություն է ունենում, սակայն միայն, ըստ իր կամքի չգործելու ցանկությամբ, քահանայի ձեռքով Աստծուն հարցնելուց հետո Աստծու հրամանով է Քեբրոն գալիս, որտեղ Հուդայի ցեղի իշխանները միավորվելով նրան թագավոր են ընտրում:
Թեպետ (տե՛ս ԺԸ հարցը) Սամվել մարգարեն նախապես Բեթղեհեմում գաղտնի օծել էր նրան՝ որպես բոլոր իսրայելացիների թագավոր լինելու նշան, և այս անգամ էլ որոշակիորեն Քեբրոնում է թագավոր ընտրվում, սակայն ոչ թե ամբողջ Իսրայելի ժողովրդին թագավորելու համար է ընտրվում, այլ միայն Հուդայի ցեղի, որից էլ ինքը սերում էր:
Հաբիսի բնակիչները թաղել էին Սավուղի և նրա որդիների մարմինները (տե՜ս ԻԵ հարցը): Երբ Դավթին պատմում են այդ դեպքը, նա, մեծապես ուրախանալով, նրանց մեծամեծների մոտ մարդ է ուղարկում՝ շնորհակալություն հայտնելու, և Հուդայի երկրում իր թագավորելը տեղեկացնելով` խոստանում է Սավուղին արված իրենց լավության փոխարեն առաջին իսկ պատեհ առիթով իր կողմից բարիք անել:
Հիրավի, բոլոր իսրայելացիները Դավթից գոհ էին և բացահայտորեն համաձայն էին նրա թագավորելուն։ Սակայն Սավուղի զորապետ Աբենները, որը հակառակ էր Դավթին, և որի իշխանության ներքո էին իսրայելացիների զորքերը, նամանավանդ Սավուղի հորեղբոր որդին լինելու պատճառով, ազգականության նախանձախնդրությամբ Սավուղի Հեբուսթե որդուն վերցնելով, զորքի մոտ է տանում, որն այդ ժամանակ Հորդանան գետի դիմացի կողմում` Գաղաադի գավառում էր գտնվում:
Հեբուսթեն նախ այդտեղ եղած ժողովրդին է թագավորում, սակայն Աբենները օրըստօրե զանազան խաբեություններով և կեղծավորություններով գրավում է այլ վայրերի մարդկանց սրտերը, դրա պատճառով էլ իսրայելացիների տասնմեկ ցեղերը կամա թե ակամա, գոնե կարճատև նրա իշխանության ներքո են անցնում: Քանի որ Սամվելը կանխապես արդեն հայտնել էր, որ թագավորությունը նրանից վերցվելով` իսրայելացիները երկու մասին պիտի բաժանվեն (Ա Թագ. 15:28). ահա նրա խոսքն այս ձևով է կատարվում. Դավիթը` Հուդայ թագավոր, իսկ Հեբուսթեն, իսրայելացիների թագավոր լինելով, բնականաբար ժողովուրդը երկու մասի է բաժանվում:
Սակայն պարզ է, որ մի ազգի մեջ երկու թագավոր լինելու հետևանքը վտանգավոր և տխուր պիտի լիներ, որն էլ լինում է: Քանի որ Աբենները Գաբավոն է գնում, Դավթի Հավաբ զորապետն էլ նույնպես մի գործով այնտեղ գնալու ժամանակ, Գաբավոնի աղբյուրի մոտ միմյանց պատահելով` նստում են դեմ դիմաց: Նախ թշնամություն ցույց չտալով` միմյանց որպիսությունը հարցնելուց հետո Աբենները չար դիտավությամբ Հավաբին առաջարկում է, որ երկու կողմերից մարդիկ դուրս գան ռազմական վարժանքների, և երբ նա համաձայնում է, իսկույն տասներկուական մարդ ասպարեզ գալով սկսում են մենամարտել՝ իբրև իրենց պատերազմական կատարելությունը ցույց տալու:
Քանի որ սրանք միմյանց չէին վստահում, ուստի յուրաքանչյուրը, մի ձեռքով ընկերոջ մազերը բռնելով, իսկ մյուս ձեռքով սուրը ընկերոջ կողը մտցնելով, անմիջապես մահանում են, այնպես որ այդ վայրի անունը մնում է Դավաճանների դաշտ (Բ Թագ. 2: 16): Քանի որ այնտեղ, իբրև թե միմյանց դավաճանելու փափագով, քսանչորս մարդ է մահանում:
Սրանից բացի, երբ երկու կողմերի միջև թշնամությունը հայտնի է դառնում, սկսում են պատերազմել: Աբենների կողմը պարտվելով` խույս է տալիս, և փախչելու ժամանակ Աբեններին հետապնդում է Հովաբի եղբայր Ասայելը, որը արագաշարժ պատանի էր և քաջություն ցուցաբերելու եռանդով համակված` հետապնդում է, որպեսզի սպանելով տիրանա Աբենների զենքերին:
Աբենները, որը Հովաբի համար ցանկանում է խնայել նրան, ասում է. «Զորքից մեկին բռնի´ր և նրա զենքերը վերցրո´ւ, ինձնից հեռու մնա, որ քեզ չսպանեմ»: Այս խոսքը թեև բազմիցս է կրկնում, սակայն Ասայելը չի ցանկանում հետ կանգնել իր մտադրությունից: Ուստի Աբենները, նեղ դրության մեջ հայտնվելով, նիզակով հարվածելուն պես Ասայելը վերջին շունչն է փչում: Եվ Աբենները գնալով իր զորքով մի բլուրի վրա է կանգ առնում:
Հովաբը, որը, նրան հետապնդելով, հանդիպող ամեն մի զինվորի կոտորում էր, երբ երեկոյան հիշյալ բլուրի մոտ է հասնում, Աբեններն ասում է. «Մի՞թե բոլորին պիտի կոտորես, չգիտե՞ս, որ վերջում վատ կլինի, արդեն բավական չէ՞, մինչև երբ պիտի քո մարդկանց չասես, որ ձեռք քաշեն իրենց եղբայրերին կոտորելուց» (Բ Թագ 2:26): Երբ Հովաբը լսում է սույն խոսքերը, բարկությունը մեղմանում է, և երդումով հայտնում է. «Եթե դու չլինեիր, առավոտյան նորից ամեն մեկն իր եղբորը պիտի հետապնդեր` որպես թշնամի»:
Արդարև, Հովաբը չէր ցանկանում, որ զորքերը միմյանց կոտորեն, քանի որ մեկ ազգ են, սակայն Աբենների կեցվածքից բարկանալով` հրաման է տալիս կոտորել նրա մարդկանց: Ուստի երբ նա հաղթվելով այդ խոնարհ խոսքն է ասում, Հովաբն իսկույն հետ դառնալու փողն է հնչեցնում, և երկու կողմերը, միմյանցից բաժանվելով, իրենց տեղն են վերադառնում: Եվ այն օրը Հովաբի զորքից Ասայելից բացի ևս տասնինը մարդ, իսկ Աբենների զորքից երեք հարյուր մարդ է մահանում. Ասայելին էլ թաղում են Բեթղեհեմում` հոր գերեզմանի մեջ: