Մինչև Սողոմոնի ձեռքով Երուսաղեմում կառուցվում է տաճարը: Թեև Դավիթը փափագում էր տապանակի համար մի հատուկ տաճար կառուցել, սակայն Դավիթը, այս մտադրությունը Նաթան մարգարեին հայտնելով, խորհուրդ է հարցնում, և այդ գիշեր Աստված մարգարեին հրամայում է. «Գնա,՛ իմ ծառա Դավթին ասա´, որ ինձ համար տուն չկառուցի, այլ իր մահվանից հետո իր որդին թող կառուցի»:
Քանի որ Դավիթը միշտ պատերազմում էր, և նա շատ արյուն էր թափվել, ուստի այս է պատճառը, որ նրա ձեռքով տաճար կառուցելու արտոնություն չի տրվում: Սակայն Դավթի ցանկությունը Աստծուն ընդունելի և հաճելի լինելով` խոստանում է նրան պաշտպանել թշնամիներից և մանավանդ նրա և որդիների թագավորությունը հավիտյան ապահով և կանգուն պահել Տիրոջ առջև:
Աստծու սույն մխիթարիչ խոստումն ու խոսքերը Նաթանը հայտնում է թագավորին, որը խիստ մեծ ցնծությամբ` գնում է տապանակի մոտ և ջերմագին սիրով շնորհակալություն մատուցելով Աստծուն` խոստովանում է Նրա ողորմությունը, ճանաչում Նրա ամենակարող զորությունը և մանավանդ խոնարհ սրտով խնդրում, որ միշտ իր ողորմությունն ու շնորհն անպակաս անի իրենից և իր որդիներից, ինչպես մանրամասնորեն գրված է Սուրբ գրքում:
Արդ, քանի որ Աստծուց իսրայելացիներին խոստացված երկրի մի քանի քաղաքներ թշնամիները գրավել էին, Դավիթը ցանկանում է դրանք նույնպես ձեռք բերել (Բ Թագ. 8:1): Ուստի մովաբացիների վրա հարձակվելով` քաջությամբ նվաճում է, ու քանի որ նրանց գերիների մի մասին սպանելու և մնացածին կենդանի էր թողնելու, ուստի նրանց բոլորին, գետնին պառկեցնելով, վիճակ է հանում` իմանալու, թե ովքեր` կյանքի, և ովքեր` մահվան են արժանի, հետո մի արտ չափելու նման, պարանով այդ մարդկային դաշտը չափելով, մահվան արժանի գերիներին սաստիկ տանջանքներով սպանում է, իսկ ապրելու համար սահմանվածներին հարկատու է դարձնում. նրանց պառկած վայրը երկուական չվանի երկարություն ուներ (Բ Թագ. 8:2):
Հարկ է իմանալ, որ Հեսուն Աբրահամին խոստացված վայրերը, Աստծու հրամանով իսրայելացիների տասներկու ցեղերի անուններով վիճակ հանելով, բաժանել էր, և այդ վայրերն իրավացիորեն իսրայելացիների սեփական կալվածքներն էին։ Ահա սրա պատճառով Դավիթը, թշնամու ձեռքից բռնությամբ այս վայրերը վերադարձնելով, անզգամ և անիրավ թշնամուն պարանով չափելուց հետո սպանելու իրավունք էլ ուներ: Քանի որ նրանք իսրայելացիներին չափով տրված վայրերը բոլոր օրենքներին հակառակ հանդըգնել էին գրավել:
Դարձյալ Աստծու խոստումի համաձայն` Մուրադ գետը (Լիբանանի լեռան կողմից) իսրայելացիների համար սահման նշանակված լինելով՝ (Հեսու 1:3-5) Դավիթը ցանկանում է հասնել մինչև այդ սահմանը, ուստի Սուբայի թագավոր Ադրաազարի վրա շարժվելով` հարվածում և նվաճում է և նրա երկրից շատ պղինձ վերցնում, որը Սողոմոնը հետո տաճարի ավազանների, գերանների և այլ կարիքների համար է գործածում:
Այդ միջոցին Դամասկոսի ասորիների թագավորը, Ադրաազարին օգնության գալու համար նրանց դեմ պատերազմելով, հաղթում է, և Ասորիքը Դավթին հարկատու լինելուց բացի` Դավիթը, Դամասկոսի առջև պահակակետ կառուցելով, այնտեղ զորք է պահում, որպեսզի միգուցե թշնամին զորանալով` իսրայելացիների սահմանը չանցնի և խաղաղ բնակչությանը տագնապ և վնաս չպատճառի: Այս նախազգուշական միջոցառումները ձեռնարկելուց հետո վերադառնում է:
Դավթի սույն հզոր դիրքին և բռնած քաղաքականությանը նայելով` իսրայելացիների երկրին սահմանակից բոլոր ազգերը մեծապես երկյուղում են, քանի որ Աստծու ողորմությամբ ում հետ պատերազմում էր, հաղթանակում էր: Ուստի Եկմաթի երկիրն էլ իսրայելացիներին սահմանակից լինելով` նրա թագավորը՝ Թովուն, վախից ցանկանում է Դավթի հետ բարեկամանալ, և այս նպատակով իր որդու հետ բազում ընծաներ՝ ոսկի, արծաթ և պղնձե թանկարժեք անոթներ, ուղարկելով գոհունակություն է հայտնում Ադրաազարի նկատմամբ տարած հաղթանակի համար: Քանի որ վերջինս Թովուի ոխերիմ թշնամին էր: Դավիթը, նրա ընծաները ընդունելով, նրա հետ բարեկամություն է հաստատում:
Դու Դավթի հավատարմությունը տե´ս: Որովհետև, ինչպես երևաց թշնամիների դեմ պատերազմում, իր հավատարիմ սիրելի ընկերոջ՝ Հովնաթանի քաղցր հիշատակը չի մոռանում, Սավուղի մտերիմներից Սիբա անունով մի մարդու հարցնում է, թե արդյոք Սավուղի սերնդից որևէ մեկը կա, որին, հանուն Հովնաթանի սիրո, ողորմություն անի:
Երբ իմանում է, որ Հովնաթանի` երկու ոտքից կաղ որդին՝ Մեմփիբոսթեն, կենդանի է, իր մոտ է բերել տալիս և նրան սիրաշահ խոսքերով մխիթարելուց հետո, Սավուղի բոլոր կալվածք արտերը և ողջ ունեցվածքը նրան շնորհելով, պատվիրում է, որ այնուհետև միշտ իր արքայական սեղանից ուտի: Սակայն հիշյալը Միքա անունով մի փոքր որդի ունենալու պատճառով և´այդ մանկան, և´ արտերի կառավարումը վերոհիշյալ Սիբային է հանձնում, որպեսզի Մեմփիբոսթեն կարողանա Երուսաղեմում մնալ և արքունիքում, որպես արքայի որդիներից մեկը, կատարյալ հանգիստ վայելի:
Հասկացի´ր. ինչպես, օրինակ, Հովնաթանը Դավթին է մխիթարում նրա տագնապալից վիճակում, այդպես էլ Դավիթը, նրա նվիրվածությունը չմոռանալով, նրա խեղճ որդուն, իբրև իր որդի, միշտ իր մոտ է պահում: Քանի որ հավատարիմ և առաքինի լինելով` նեղության մեջ իր հետ բարեկամություն անող և իրեն օգնող մարդկանց չի մոռանում, այլ փոխարենը ցանկանում է նրանց բարերարություն անել:
Ինչպես ամոնացիների Նաաս թագավորը, Դավթի հորն ու մորը Սավուղից հեռու պահելու համար միառժամանակ իր մոտ պահած լինելով, բարեկամաբար էր վարվել (տե´ս ԻԱ հարցը), երբ Նաասը մեռնում է, նրա որդի Ամոնն է թագավորում, և Դավիթը նրան մխիթարելու և նրա գահակալությունը շնորհավորելու համար հատուկ պատվական մարդիկ է ուղարկում նրա մոտ: Սակայն Ամոնի պալատականները, Դավթի ուղարկած մարդկանց անտեղի կասկածելով, լրտես համարելով, ածիլում են նրանց մորուքները և զգեստներն էլ գոտկատեղից վար կտրում:
Երբ այս պատվավոր դեսպանները այսպիսի անպատվաբեր վիճակում Երիքով են վերադառնում, Դավիթն իմանում է եղելությունը և պատվիրում, որ մնան Երիքովում, մինչև նրանց մորուքները երկարեն, և նոր միայն Երուսաղեմ վերադառնան: Արդ, հայտնի է` մի այսպիսի անիրավ վարմունքի հետևանքը պիտի պատերազմը լիներ, ուստի ամոնացիք, վերոհիշյալ ասորիների Ադրաազար թագավորին և այլոց մեծ գումար և ընծաներ խոստանալով, բոլոր կողմերից անհամար զորք են հավաքում:
Դավիթը, նրանց այս նախաձեռնության մասին իմանալով, իր սպարապետ Հովաբին նրանց դեմ է ուղարկում, որը, քաջությամբ մարտնչելով, հաղթում է, իսկ ասորիները` խայտառակությամբ փախչում: Երբ ամոնացիները տեսնում են ասորիների փախուստը, իրենք էլ փախչելով գալիս, պատսպարվում են քաղաքում, որպեսզի իսրայելացիների սրից ազատվեն: Եվ քանի որ թշնամին փախչում է, ուստի այս է պատճառը, որ Հովաբը վերադառնում է Երուսաղեմ:
Սակայն Ադրաազարը, որին Դավիթը, մի անգամ նվաճելով, իրեն հարկատու էր դարձրել, և որը թեև այս վերջին անգամ էլ է Հովաբից հաղթվում, հանգիստ չմնալով` իսրայելացիների վրա հարձակվելու համար ասորիներից ուրիշ զորք է հավաքում: Դավիթը սա լսելուն պես այս անգամ ժողովում է բոլոր իսրայելացիներին, և ինքն անձամբ Հորդանանն անցնելով` պատերազմում է քաջաբար, և Աստծու օգնությամբ նրանց կոտորում է և նրանց ողջ պաշարը գրավում:
Արդարև, այս անգամ ասորիներն այնքան են ընկճվում, որ ոչ միայն վախենում են ամոնացիներին օգնություն ցույց տալուց, այլև իրենք էլ, Դավթին անձնատուր լինելով, խոստանում են նրան միշտ հնազանդ և հպատակ մնալ: