12 Հոկտեմբեր, Շբ
Ո՛չ. որովհետև ժողովուրդը, մոռանալով նրա բարերարությունները, Աբիսողոմին թագավոր է հռչակում։ Ուստի որպեսզի հասկանա նրանց մտադրությունը, չի շտապում և միառժամանակ Հորդանան գետի այն կողմում է մնում: Արդարև, ինչքան էլ ժողովուրդը թերանում է Դավթին հպատակվելիս և հնազանդվելիս, բայց Աբիսողոմի մահվանից հետո դարձյալ Դավթին հնազանդվելու պատրաստակամություն է հայտնում: Մանավանդ Դավիթը թշնամու ձեռքից ազատել էր իսրայելացիներին, և նրա լավությունը ժողովուրդը դեռ հիշում էր, ուստի նրա փախստական կարգավիճակը մտաբերելով` խղճահարվում են և միմյանց ասում. «Մենք Աբիսողոմին թագավոր դարձրինք, սակայն նա պատերազմում մահացավ, արդ, մինչև ե՞րբ թագավորին իր տեղը չպիտի վերադարձնենք»:
Իսրայելացիների տասնմեկ ցեղերը, այս մտադրությամբ միավորվելով, Դավթին տեղեկացնում են, որ իրենք պատրաստ են հնազադվելու նրան, սակայն սրա մասին Հուդայի ցեղը լռում է: Այո´, Դավիթը Հուդայի ցեղից լինելու պատճառով նրանք է´լ ավելի էին հակված Դավթին, սակայն քանի որ նրանք նույնպես հպատակվել էին Աբիսողոմին, դրա համար էլ իրենց հանցանքի ծանրությունը զգալով` խիստ ամաչում էին:
Դավիթը տեղյակ էր նրանց այս վիճակին, ուստի Սադովկ և Աբիաթար քահանաների միջոցով և սիրալիր խրախուսում է նրանց, որ մյուս ցեղերից հետ չմնան, նաև Աբիսողոմի զորավար Ամեսայիին, որն իր քեռու որդին էր, հրավիրում է առանց երկյուղի իր մոտ գալ, և նրան պատիվ, պաշտոն է խոստանում: Ահա Դավթի այսպիսի հաշտարար վարմունքից անչափ ազդված` Հուդայի ցեղը ոչ միայն նրա մոտ պատգամաբեր է ուղարկում` հրավիրելով Երուսաղեմ, այլև իրենք խիստ շատ բազմությամբ բոլոր ցեղերից առաջ Գաղգաղա են գնում և սպասում Հորդանան գետի ափին:
Երբ Դավիթը գետափ է հասնում, նրան անիծող Սեմեին (տե´ս ԼԳ հարցը), զղջալով իր արածի համար և ի պատիվ Դավթի, հազար հոգով ընդառաջ է գնում արքային: Այնտեղ է գալիս նաև Մեմփիբոսթեին ծառայության նշանակված Սիբան՝ տասնհինգ որդիներով և ծառաներով, որոնք Հուդայի ցեղի մարդկանց հետ մեծ ու փառավոր պատվով Դավթին Հորդանանի այս կողմն են տեղափոխում: Այնտեղ Սեմեին, արքայի ոտքերն ընկնելով, իր հանցանքի համար ներողություն է խնդրում, և թեև Հովաբի եղբայրը՝ Աբեսսան, նախանձախնդրորեն ցանկանում է սպանել Սեմեին արքային անիծելու հանդգնության պատճառով, սակայն Դավիթը թույլ չի տալիս` ասելով. «Պետք չէ, որ այսօր որևէ մեկը մահանա, քանի որ այսօր ես իսրայելացիները թագավոր եղա», և երդվում է, որ Սեմեին չպիտի սպանի:
Ինչքան Դավիթը մնում է Հորդանանի հակառակ ափին, նրա հավատարիմ բարեկամ Բերզելին (տե՛ս ԼԴ հարցը), որը շատ հարուստ մարդ էր, ոչ միայն նրա բոլոր կարիքներն է հոգում, այլև նրան պատվով ճանապարհ դնելու համար անձամբ է գալիս այնտեղ: Դաիթը ցանկանում էր նրան իր հետ Երուսաղեմ տանել և իր մոտ պատվով պահել, սակայն նա, ութսուն տարեկան ծերունի լինելով, թագավորին խնդրում է, որ բարեհաճի իր փոխարեն որդուն՝ Քամաամին, այդ արտոնություններով պատվելու: Դավիթը սիրահոժար ընդունում է նրա խնդրանքը, ուստի ողջագուրվելով Բերզելիի հետ` նրան վերադարձնում է իր տեղը:
Սակայն Դավիթն առանց սպասելու մյուս ցեղերի հավաքվելուն, միայն Հուդայի ցեղի մարդկանց հետ գետն անցնելով, գալիս իջևանում է Գաղգաղայում, ուստի երբ իսրայելացիների մյուս ցեղերը, խումբ -խումբ գալով, տեսնում են, որ նա անցել է գետը, խիստ բարկանում են, թե ինչու է միայն Հուդայի ցեղին մի այդպիսի նախապատվություն տալիս: Թեպետ այս առումով իսրայելացիներն էին մեղավոր, քանի որ դանդաղել էին ժամանակին գալ, սակայն նրանք, խռովարարներ լինելով, Դավթին մի անպաշաճ եղանակով ասում են. «Ինչո՞ւ Հուդայի ցեղի մարդիկ թագավորին գողացան և Հորդանանի այս կողմն անցկացրին»:
Այս խոսքով թագավորին էլ են հանցավոր համարում, և սակայն նրանք անիրավ էին, ուստի թեև Դավիթը բնավ նրանց չի պատասխանում, սակայն Հուդայի ցեղի մարդիկ ասում են. «Թագավորը մեր ցեղից է, դուք ինչո՞ւ եք նեղանում, թագավորից ի՞նչ կերանք, կամ մի՞թե ընծաներ տվեց մեզ և կամ արտոնություննե՞ր շնորհեց»: Սրան իսրայելացիների ցեղերը պատասխանում են. «Մենք ձեզնից տասնապատիկ ավելի ենք, ինչո՞ւ եք թշնամաբար վարվում մեզ հետ. մեզ է վայել թագավորին բերելը» և այլն: Այսպիսով, երկու կողմերից էլ վեճը սաստկանում էր, այնպես որ երբ Հուդայի ցեղն իր իրավունքն էր պնդում, իսրայելացիների ցեղից Սաբեե անունով մի չար մարդ, իսկույն փող հնչեցնելով, աղաղակում է. «Դավթից մենք բաժին չունենք, ո´վ իսրայելացիներ, թող ամեն մարդ իր տեղը վերադառնա». սա ասելով` հեռանում է, և բոլոր իսրայելացիները անմտաբար հետևում են նրան:
Այսպես Դավիթը խորապես վշտանում է`տեսնելով, որ միայն Հուդայի ցեղի հետ է մնում, քանի որ մինչ բոլոր իսրայելացիների հնազանդությանը վստահ` առոք-փառոք Երուսաղեմ էր մտնում, ահա ապստամբությունը նորոգվելով` պարտավորվում է միայն Հուդայի ցեղի մարդկանց հետ մտնելու Երուսաղեմ: Սրանից բացի, երբ տուն մտնելով` տեսնում է այն հարճերին (որոնց թողել էր տան պահպանության համար, և որոնց պատիվը Աբիսողոմը բռնաբարել էր. տե՛ս ԼԴ հարցը), շատ մեծ տխրությամբ է համակվում և այնուհետև նրանց այլևս չմերձենալով` առանձին տանն է հոգում է նրանց սնունդը, և նրանք ամենայն հնազանդությամբ մինչև մահ որբևայրի են մնում:
Վերոհիշյալ Մամփիբոսթեն, որը Դավթի փախչելու օրվանից ո´չ եղունգներն էր կտրել, ո´չ մորուքը սանրել և ո´չ էլ զգեստները փոխել, միշտ սուգով և տրտմությամբ էր անցկացնում իր օրերը: Դավթի գալու ժամանակ այդ նույն սգավոր կերպարանքով էլ ընդառաջ է գալիս Դավթին: Դավիթը հարցնում է, թե ինչու իր հետ չէր գնացել: Սա մեկ առ մեկ պատմում է, թե իր խարդախ ծառա Սիբան ինչեր է արել իր մեկնումը անհնարին դարձնելու համար (տե՛ս ԼԳ հարցը), և Դավթից շնորհակալ լինելով` հայտարարում է. «Իմ հոր գերդաստանի մարդիկ մահապարտ են»:
Թեպետ Դավիթը եղելությունը ճիշտ է ընկալում, սակայն այդ օրը խնդիրը պարզելու պատեհ ժամանակ չունենալով, Սիբային պարգևած նրա կալվածքների միայն կեսն է վերադարձնում, որին Մեմփիբոսթեն պատասխանում է. «Բավական է` իմ տերն առողջ վերադարձավ, թող բոլոր կալվածքները նրան լինեն»: Եվ այնուհետև Դավիթը պատվով իր մոտ է պահում նախկինի նման` ի պատիվ իր մտերիմ Հովնաթանի սիրո, որի հիշատակը իր սրտում միշտ քաղցրորեն էր պահում: