Ի՞նչ է լինում Իսրայելի վերոհիշյալ Ովսեե թագավորը:

Շատ թշվառ վիճակ է ունենում: Որովհետև և՛ ինքը, և՛ իր ժողովուրդը գերեվարվելով` նրա օրոք վերանում է Իսրայելի թագավորությունը: Թեև Ովսեեն, ինը տարի թագավորելով, իր նախորդների նման կռապաշտության հակված չի լինում, սակայն նաև կուռքերը չվերացնելով` նրանց չար կյանքին է հետևում, և Ասորեստանի Սալմանասար թագավորը, որը Նինվեում հաջորդել էր Թգլատպալասարին, հարձակվում է նրա վրա և իր միահեծան իշխանության ներքո առնում նրան:

Ովսեեն ճարահատյալ խոստանում է տարեկան հարկ վճարել Սալմանասարին և այս պայմանով վերադառնում իր երկիր: Սակայն Ովսեեն չի ցանկանում հավատարիմ մնալ իր խոսքին և քանի որ Ասորեստանի թագավորին դիմադրելու հնարավորություն էլ չի ունենում, մարդ է ուղարկում Եգիպտոսի Սովա թագավորի մոտ` փափագելով նրա հետ  դաշինք կապել, որպեսզի հարկ չվճարի, և նույն տարվա հարկը չի վճարում: Երբ Սալմանասարը լսում է դրա մասին, մեծ զորքով հարձակվում է Իսրայելի վրա և պաշարում Սամարիա մայրաքաղաքը:

Հիրավի, Ովսեեն երեք տարի դիմանում է պաշարմանը, սակայն երբ Եգիպտոսի թագավորից կամ մի այլ տեղից օգնություն չի լինում, վերջապես Սամարիան գրավում են, և ոչ միայն Ովսեեին, այլև մայրաքաղաքի և արվարձանների բոլոր բնակիչներին գերեվարում Ասորեստան` բնակեցնելով Աղատ ու Աբովք քաղաքներում, ինչպես նաև Քրդստանի լեռնային վայրերում:

Դրանից բացի, որպեսզի Իսրայելի քաղաքները ամբողջությամբ չավերվեն և չվերանան, Սալմանասարը Ասորեստանից, Բաղդադից և այլ վայրերից կռապաշտ ժողովուրդներ է բերել տալիս և բնակեցնում է Սամարիայում և Իսրայելի այլևայլ քաղաքներում: Երբ սրանք, իրենց կուռքերն իրենց հետ բերելով, ըստ իրենց սովորության, սկսում են պաշտել դրանք, Աստծու կամքով առյուծներ են հայտնվում և շատերին հոշոտում, այնպես որ մինչև անգամ առյուծերի վախից անկարող են լինում դուրս գալու քաղաքներից և իրենց գործերով զբաղվելու:

Երբ Սալմանասարը, լսելով այդ դեպքի մասին, հարցնում է պատճառը, պատասխանում են. «Այն երկիր ուղարկածդ մարդիկ չեն ճանաչում իսրայելացիների Աստծուն, և Նրա օրենքը չիմանալու և չկատարելու պատճառով առյուծները Աստծու կողմից պատիժ են ուղարկված»: Սրա պատճառով Սալմանասարի հրամանով գերեվարված քահանաներից մեկը գնալով բնակվում է Բեթելում և փորձում ժողովրդին ծանոթացնել Իսրայելի Աստծուն և սովորեցնել Նրա օրենքները:

Թեև նրանք շարունակում էին պաշտել իրենց կուռքերը, սակայն երբ սկսում են երկնչել Իսրայելի Աստծուց, առյուծները հեռանում են և այլևս չեն երևում:

Արդ, մինչ այժմ պատմածից հայտնի է դառնում, որ Իսրայելի առաջին թագավոր Հերոբովամից մինչև Ովսեեն քսան թագավորներ երկու հարյուր հիսուն տարի թագավորում են տասը ցեղերին, սակայն բոլորն էլ, Աստծու պատվիրաններին և օրենքներին հակառակ ընթանալով, ոչ միայն իրենք են վտանգավոր և տագնապալից օրեր ունենում, այլև իրենց թագավորության վերանալու և բնակիչների գերեվարվելու պատճառ են դառնում:

Դու Աստծու արդարությո´ւնը տես. նրանք կուռքեր են երկրպագում և կռապաշտների ձեռքով էլ պատժվում են, ինչպես որ նրանց հանցանքի մասին որոշակիորեն խոսվում է Սուրբ գրքում:

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․