6 Հոկտեմբեր, Կիր
Ո՛չ, հետ չի դառնում: Ընդհակառակը, ցանկանալով նրան անպատճառ իրեն ենթարկեցնել, Ռափսակ անունով մի զորավարի և մի քանի մարդու ուղարկում է Եզեկիայի մոտ, որ սա հնազանդվելով, առանց ավերելու հանձնի Երուսաղեմը: Հիշյալ զորավարը, մոտենալով քաղաքին, Եզեկիայի հետ խոսելու ցանկություն է հայտնում, որը նրա մոտ երեք մարդ է ուղարկում` նրա ցանկությունն իմանալու և իրեն տեղեկություն բերելու:
Ռափսակը Եզեկիայի ուղարկած պատգամավորների հետ այսպես է խոսում. «Ո՞ւմ վրա եք հույս դրել` Սենեքերիմին անձնատուր չեք լինում. Եզեկիան չի կարող ձեզ փրկել: Եթե հույսը դրել է Եգիպտոսի թագավորի վրա, ապա նա եղեգնյա գավազանի նման է, որին հենվողը շուտով կործանվելու է, և եթե Աստծու վրա է հույս դրել, Նա չի փրկի նրան, քանի որ քանդել է նրա սեղանները, և մանավանդ ո՞ր աստվածն է կարողացել իր ժողովըրդին փրկել Սենեքերիմից, որ ձեր Աստվածը կարողանա: Մի´ հետևեք Եզեկիայի խորհուրդներին, նա ձեզ խաբում է, և սովից ու ծարավից իզուր պիտի մեռնեք»:
Քանի որ Ռափսակն այս խոսքերը բարձրաձայն և եբրայերեն է ասում, որպեսզի պարըսպին գտնվող զորքը լսելով հանձնի Երուսաղեմը, ուստի Եզեկիայի զորավարները, ասորերեն իմանալով, առաջարկում են ասորերեն խոսել, բայց նա, ձայնն ավելի բարձրացնելով, եբրայերեն շատ բաներ է ասում ընդդեմ Աստծու և թագավորի, ինչպես գրված է Սուրբ գրքում:
Հիրավի, Ռափսակի խոսքերն Աստծու կարողության դեմ էին և անհանդուրժելի, սակայն քանի որ Եզեկիան պատվիրել էր, որ ընդհանրապես չպատասխանեն, ուստի պատգամավորներըն առանց որևէ պատասխան տալու, իրենց հագուստները պատռելով, գալիս պատմում են թագավորին: Նա ևս պատռում է իր հագուստը և քուրձ հագնելով, հույսը Աստծուց չկտրելով` գալիս է տաճար` աղոթելու և նրա օգնությունը խնդրելու:
Սրանից բացի` մարդ է ուղարկում Եսայի մարգարեի մոտ և հայտնում, որ ինքը շատ տագնապալի վիճակում է և խնդրում է, որ ազգի փրկության համար աղոթի Աստծուն: Այն ժամանակ Եսային իր մոտ գնացածներին պատասխանում է. « Եզեկիային հայտնե´ք, որ չվախենա, քանի որ Սենեքերիմը տխուր լուրեր է ստացել և պիտի վերադառնա և երբ վերադառնա, սրով պիտի սպանվի»:
Արդարև, Եսայի մարգարեի մարգարեության համաձայն, Սենեքերիմը տեղեկանում է, որ Եթովպիայի Թարակ թագավորը մեծ բանակով պատերազմի է ելել իր դեմ, ուստի իր բանակը Լաքիսից վերցնելով` շարժվում է Լոբնա և փորձում գրավել այն, որպեսզի Թարակ թագավորի գալու ժամանակ ինքը կարողանա դիմագրավել նրան: Հիշյալ Ռափսակը, տեղեկանալով, որ Սենեքերիմը գնացել է Լոբնա, ինքն էլ է Երուսաղեմից Լոբնա գնում:
Թեև Սենեքերիմը ցանկանում էր օր առաջ գրավել Երուսաղեմը, սակայն վերոհիշյալ պատճառներով ստիպված էր վերադառնալու և միառժամանակ հետաձգելու գրավումը, ուստի Լոբնայից նամակ է ուղարկում Եզեկիային, որով առաջարկում է անձնատուր լինել: Ինչ Ռափսակն էր ասել, նույնն էլ Սենեքերիմն է կրկնում` Իսրայելի Աստծուն կուռքերի հետ համեմատելով և ասելով, որ Նա չի կարող նրան իր ձեռքից ազատել, և նմանատիպ խոսքերով աստվածային կարողության դեմ մի շարք հայհոյանքներ է գրում:
Եզեկիան, նամակը կարդալով, իսկույն տաճար է գնում և այն սեղանի առջև դնելով` սկսում է սրտահույզ հառաչանքներով պաղատել Աստծուն և խնդրել, որ իրեն ազատի անզգամ թշնամուց և աշխարհին ցույց տա Իր աստվածային զորությունը: Այստեղ հարկ է նկատի առնել, թե աղոթքով և պաղատանքներով Աստծու օգնությանը հույս դնողը ինչպե´ս է ազատվում ահավոր թշնամու սպառնալիքից: Քանի որ Եզեկիան դեռ աղոթում էր տաճարում, ահա Եսայի մարգարեն Աստծու հրամանով հայտնում է նրան. «Աստված ընդունեց քո աղաչանքները, մի՛ վախեցիր, քանի որ Սենեքերիմը անկարող է Երուսաղեմ մտնելու, նույնիսկ անկարող պիտի լինի այն պաշարելու և եկած ճանապարհով պիտի վերադառնա, քանի որ Տեր Աստված այսպես է ասում. «Ինձ և Իմ ծառա Դավթի անվան համար պիտի պահեմ սուրբ քաղաքը»» (Դ Թագ. 19:34):
Արդարև, այն գիշեր Աստծու հրեշտակը Սենեքերիմի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ է կոտորում: Հիշյալը, իր զորքի այսպիսի սաստիկ կոտորածը տեսնելով, երկյուղից Նինվե է փախչում. Սենեքերիմն իր անձն ազատելու համար պաշտած կուռքերի սեղանի առջև շնորհակալություն հայտնելու ժամանակ նրա երկու որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, սրով հարվածում և սպանում են նրան, և իրենք էլ փախչելով գնում և ապաստանում են Հայաստանի Արարատյան գավառում (Ես. 37:38): Սպանվածի երրորդ որդին՝ Ասորդանը, հաջորդում է հորը Նինվեում:
Այն ընթացքում, երբ վերոհիշյալ Սենեքերիմը, Հուդայի երկիր մտնելով, ցանկանում է գրավել Երուսաղեմը, ինչպես հիշատակվել է, Եզեկիան հիվանդանում է մահաբեր հիվանդությամբ: Եսայի մարգարեն, գալով հիվանդ թագավորի մոտ, ասում է. «Պատրաստի՛ր կտակդ, քանի որ պիտի մահանաս» (Ես. 38:1): Եզեկիան իսկույն դեմքը տաճարի կողմն է դարձնում և սրտաճմլիկ հառաչանքներով արտասվելով` խնդրում է Աստծուն, որ գթությամբ և ողորմությամբ իրեն առողջություն պարգևի:
Աստված նրա ջերմեռանդ աղոթքն ընդունելով` Եսային, դեռևս պալատից դուրս չեկած, նորից ի վերուստ ազդվում է` վերադառնալով թագավորին հայտնի, որ երեք օրից առողջանալով` տաճար պիտի գնա և տասհինգ տարի էլ պիտի թագավորի և Ասորեստանի թագավորի բռնություններից պիտի ազատվի և, վերջապես, առողջանալու համար պետք է վերքերին թուզ դնի:
Եսային, ըստ աստվածային հրամանի հետ դառնալով, թագավորին հայտնում է ուրախալի լուրը, և թեև Եզեկիան ուրախանում է դրանից, սակայն նշան է խնդրում, որպեսզի բոլորին հայտնի լինի, որ իր բժշկվելը Աստծու հատուկ ողորմության արդյունք է, և որ ամբողջ աշխարհի առջև ապացուցվի Նրա գթությունն ու մեծ զորությունը:
Արդ, քանի որ պալատի պատին արևի ժամացույց կար, որը Աքազ թագավորն էր կառուցել տվել, և որը երևում էր Եզեկիայի պառկած տեղից, Եսային պատասխանում է. «ժամացույցի սլաքի ստվերը տասն աստիճան իսկույն առաջ կշարժվի»: Եզեկիան պատասխանում է. «Դա բնական է, դրա փոխարեն ստվերը տասն աստիճան հետ թող դառնա»: Եզեկիայի ցանկությունն արեգակի ընթացքին հակառակ էր, քանի որ ստվերի տասն աստիճան հետ դառնալն արեգակի հետ գնալուց էր կախված, սակայն Եսայի մարգարեի ասածն արեգակի առաջ գնալով պիտի լիներ: Աստված ամենակարող լինելով` Եսայու աղոթելուն պես, աստվածային կամքով արևը սովորականի պես առաջ գնալու փոխարեն հետ է գնում (Դ Թագ. 20:11):
Այն ժամանակ հիշյալ ժամացույցի սլաքի ստվերն էլ ի´նչ աստիճանի վրա գտնվում էր, տասն աստիճան հետ է գնում, և կատարվում է բարեպաշտ արքայի խնդրանքը, և արևը սովորականի նման շարունակում է իր ընթացքը. միայն թե այդ օրը սովորականից ավելի է երկարում:
Հիրավի, Աստված կարող էր որևէ կերպ Եզեկիային բժշկել, սակայն այս պարագայում, ցանկանալով նրան է´լ ավելի փառավորել, որպես նրա բժշկվելու նշան կամ ապացույց, որ նա պիտի բժշկվի և մանավանդ տասհինգ տարի էլ պիտի թագավորի, արեգակի ընթացքը հետ է շրջում, որպեսզի նրա առաքինությունն աշխարհին հայտնի լինի, և ամեն մարդ, օրինակ վերցնելով, հավատարմությամբ ծառայի Աստծուն, ինչ վիճակում էլ լինի:
Քանի որ այս հրաշքը զարմանքի և հիացմունքի նյութ է դառնում ոչ միայն Երուսաղեմում, այլև ամբողջ աշխարհում, ինչպես, օրինակ, Բաղդադի Մարովդակ թագավորը, իմանալով այս հրաշքի մասին և միաժամանակ իմանալով, որ այդ հրաշքը Հուդայի Եզեկիա թագավորի բժշկության համար է տեղի ունեցել, ցանկանում է բարեկամանալ նրա հետ և բազում ընծաներով մարդ է ուղարկում նրա մոտ:
Եզեկիան ոչ միայն սիրով և ուրախությամբ է ընդունում հյուրերին, այլև իր զորությունն ու հարստությունը նրանց ցույց տալու փափագով, ինչ որ կար գանձարանում, ամբողջն անխոհեմությամբ ցույց է տալիս:
Մարովդակ թագավորի մարդկանց գնալուց հետո Եսայի մարգարեն Եզեկիային հարցնում է. «Ո՞վ էին այդ մարդիկ, և ինչե՞ր տեսան քո պալատում», թագավորը ստիպված հայտնում է, թե ովքեր էին, և ինչու էին եկել, և ինչ որ իր պալատում կար, ամբողջը տեսան. այդ ժամանակ Եսային Աստծու հրամանով հայտնում է. «Բոլոր ցույց տվածներդ մի օր Բաբելոն (Բաղդադ) կտարվեն, և որդիներդ էլ անպատճառ Բաբելոնի թագավորին պետք է ծառայեն»:
Սույն խոսքերը Եզեկիայի համար պատիժ և հանդիմանություն էին, քանի որ անխոհեմությամբ և մանավանդ հպարտությամբ իր ողջ հարստությունը Բաբելոնից եկած մարդկանց էր ցույց տվել, սակայն հանցանքն ընդունելով, առանց հուսահատվելու հնազանդությամբ խոնարհվում է Աստծու կամքի առջև: Արդարև, մարգարեի վճռի համաձայն, միառժամանակ անց Բաբելոնի արքան Եզեկիայի տան բոլոր թանկագին իրերը Բաբելոն է տանում, բայց ոչ թե նրա, այլ որդու իշխանության օրոք, ինչպես որ այսուհետև պիտի պատմվի հաջորդաբար` ըստ Սուրբ գրքի պատմության: Այնուհետև, երբ Եզեկիան մահանում է, անչափ մեծ պատվով թաղում են Երուսաղեմում` արքաներին հատուկ մասնավոր գերեզմանում:
Ընթերցո´ղ, օրինա´կ վերցրու բարեպաշտ Եզեկիա թագավորից, որը երբ արտասվելով աղոթում է Աստծուն և իր ամբողջ հույսը Նրա ամենազոր օգնության վրա դնում, ոչ միայն բժշկվում է հիվանդությունից, այլև ազատվում է թշնամու անարգ բռնություններից և սպառնալիքներից և միաժամանակ երկար ապրելու էլ արժանանում: Աստվածասեր թագավորը, առանձնակի ջերմեռանդորեն աղոթելուց բացի, խոնարհություն է ունենում Եսայի սուրբ մարգարեի ընդունելի աղոթքի օժանդակությանը դիմելու` իմանալով և համոզված, որ Աստված անպատճառ լսում է Իր հավատարիմ ծառայի աղոթքները. արդ, եթե դու էլ ցանկանում ես բոլոր վնասներից և պատիժներից զերծ լինել, մի´շտ աղոթիր և միևնույն ժամանակ խնդրի´ր նաև արժանիների աղոթքը, որպեսզի քեզ համար բարեխոս լինեն առ Աստված: