Հարց 45 – Հոբի պատմության մեջ գրված է, թե «Եկան Աստծո հրեշտակներն Աստծո մոտ, նրանց հետ եկավ և սատանան… և ասաց նրան Տերը. «Նայեցի՞ր քո մտքով իմ ծառա Հոբին, քանզի չկա երկրի վրա նրա նման անարատ այր` ճշմարիտ, աստվածապաշտ` հեռու ամենայն չարից: Սատանան պատասխանեց… մի՞թե ձրի է պաշտում Հոբը Տիրոջը» և այլն: Ինձ զարմանալի է թվում այս խոսքը. սատանան ի՞նչ համարձակություն ունի գալ Աստծո առջև, որ Աստված էլ Հոբի առումով պարծենա սատանայի դեմ:

Պատասխան – Առաջին մասում ասացինք, որ Սուրբ Գրոց մեջ երբ ասվում է` Աստված խոսեց. Աստված երևաց, այն իրականում Աստծո Էությունը չէ, այլ Աստծո հրեշտակը, որ Աստծո անունից խոսելով և լինելով Աստծո փոխանորդ` Աստված է անվանվում: Նույնը կարող ենք ասել և Հոբի տան պահապան հրեշտակների մասին, երբ խորհում էին, թե փորձության ժամանակ, որ մոտեցել էր, ինչպե՞ս պետք էր վարվել Հոբի տան հետ, քանզի Աստված այն հայտնել էր հրեշտակներին: Այդ խորհրդի ժամանակ սատանան ևս եկավ, և հրեշտակների մեջ նախապատվություն ունեցողը, որ Աստծուն փոխարինողն էր, սկսեց գովել Հոբի աստվածապաշտությունը:

Թեև բարեգործ մարդիկ բոլոր հրեշտակների ուրախությունն ու պարծանքն են, սակայն առավել ևս այդպիսին են իրենց պահապան հրեշտակների համար: Սատանան ասաց այն հրեշտակին. «Մի՞թե Հոբը ձրի է պաշտում իր Աստծուն. ստո՞ւյգ դու հաստատում ես, որ դրա համար չես լցրել նրա տունը ներքին ու արտաքին բարիքներով. արդ` վերցրո՛ւ նրանից իր բոլոր ինչքը, տե՛ս` ինչպես դեմ հանդիման քեզ կանիծի»: Եվ հրեշտակն Աստծո անունից արձակեց սատանային: Ապա նախ Հոբի որդիներին ու ինչքը և բոլոր բարիքները ցրեց, հետո մարմինը զանազան ախտերով ու վերքերով պատեց և այլն, ըստ կարգի (տե՛ Հոբի գիրքը):

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․