Ե՞րբ բացվեց Զաքարիա քահանայի պապանձված լեզուն:

Երբ որդին ծնվեց, ուզում էին անուն տալ նրան: Հրեշտակի հայտնության համաձայն՝ սահմանված ժամանակը լրանալուց հետո Եղիսաբեթը ծնեց մանկանը, և  ազգականներն ու հարևանները, լսելով, որ Աստված մեծ ողորմություն է արել նրան, շատ ուրախացան: Քանի որ Եղիսաբեթը ամուլ լինելուց զատ նաև ծեր էր և բնականորեն զավակ ունենալու հնարավորությունը կորցրած, ահա այս վիճակում ողորմելով՝ Աստված զավակ պարգևեց նրան:

Օրենքի համաձայն՝ ութերորդ օրը կամենում են թլփատել նրան և հոր անվամբ Զաքարիա կոչել, բայց մայրը չի համաձայնվում և հայտնում է, թե Հովհաննես պիտի անվանի նրան: Նրանք պատասխանում են, թե՝ «Քո ցեղում Հովհաննես անունով մարդ չկա», և  հորը նշանացի հարցնում, թե ի՛նչ անուն պետք է տալ: Տախտակ ուզելով՝ նա ևս վրան գրում է, թե Հովհաննես է նրա անունը, և դրանով նրանց զարմանք պատճառելուց բացի, լեզուն հրաշքով բացվում է և  սկսում է  Աստծուն օրհնել::

            Հիրավի, Զաքարիան ուրախ էր այս պարագայում, բայց բոլոր լսողները զարմանախառն երկյուղով հարցնում էին միմյանց, թե ի՛նչ պիտի լինի այդ մանուկը:  Հովհաննեսը, Աստծու շնորհով լցված, մինչև քարոզչությունն սկսելը անապատում էր բնակվում: Բացի սրանից, Զաքարիան Սուրբ Հոգու շնորհների ազդեցությամբ սկսեց մարգարեանալ և Աստծուն փառաբանել, որը վաղուց ի վեր մարգարեների բերանով տված պատգամների համաձայն՝ իր ժողովրդին փրկեց թշնամուց: Առավել ևս հայտնում է, թե Հովհաննեսն Աստծու մարգարե պիտի կոչվի և Փրկչի առջևից գնալով՝ նրա ճանապարհը պիտի հարթի ու ժողովրդին ազդարարի, թե Աստծու ողորմությամբ իրենց մեղքերի քավություն ստանալով՝  պիտի ազատվեն խավարի ծանր լծից:

Այս իմաստով Հովհաննեսն առավոտյան արուսյակի, իսկ Փրկիչը՝ արեգակի նման են, որովհետև ինչպես որ արուսյակը արեգակի ծագելու ապացույցն  է, Հովհաննեսն էլ  արդարության արեգակի ծագման՝ Փրկչի ծնննդյան  նախակարապետը եղավ: Ինչպես որ աշխարհի թագավորները, երբ մի այլ քաղաք են գնալու լինում, իրենցից առաջ մարդ են ուղարկում, որ բոլորը պատրաստ լինեն, այդպես էլ Հիսուս Փրկիչ երկնավոր թագավորը աշխարհ գալու ժամանակ նախ Հովհաննեսին ուղարկեց իբրև կարապետի, որպեսզի իր գալուստը հայտնի, քանի որ Հովհաննեսն իր քարոզչությունն այսպես սկսեց. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի թագավորությունը մոտեցել է»,  որով իմաց տվեց Փրկչի գալուստը:

Հիշի՛ր, Զաքարիայի պապանձվելը. թեև իր համար պատիժ համարվեց, բայց դրանում ևս խորհուրդ կա. քանի որ Քրիստոսն օրենքի լրումն էր, ուստի նրա գալստյանը նախորդած կարապետի՝ Հովհաննեսի ծննդյան ավետման ժամանակ Զաքարիայի համրանալը և ծնվելուց հետո նրա լեզվի բացվելը  նշանակում են, որ Քրիստոսի գալստյամբ հին օրենքի տիրող տրամադրությունները կատարվեցին և լռեցին, իսկ նոր օրենքի ճառագայթները երևան եկան մարդկությանը լուսավորելու համար: Այս պատճառով  Հովհաննեսը առաքյալների սկիզբը և մարգարեների լրումը համարվեց: Ինչպես վերևում նշվեց, Աստծու Խոսքը, որ Մարիամի արգանդն իջնելով՝ մարմին առավ, երբ ժամանակը լրացավ, ծնվեց Բեթղեհեմ քաղաքում:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․