5 Հոկտեմբեր, Շբ
Ա. Հոգով աղքատ լինել: Սրա գործադրությունը աշխարհային ամեն զվարճություն, մեծություն և հարստություն ի սեր Հիսուսի արհամարհելով՝ խոնարհությամբ կամավորապես աղքատ լինելն է, մեղքի շարժառիթներից և մարմնի չափազանց հոգսերից խույս տալով՝ չար գործերի երբեք մասնակից չլինելը և հետևաբար միշտ առաքինություն գործելն է, որը հոգու անմեղության անխաբ ապացույցն է:
Օրինակ՝ սրբերի ամբողջ դասը, մարմնավոր հաճույքներն ի սեր Հիսուսի մտքից հանելով, միայն նրա պատվիրանները կատարելուն նվիրվեց իր ամբողջ կարողությամբ և այսպես հոգով աղքատ, այն է՝ անմեղ մնալով՝ արքայության անգրավ փառքին արժանացավ: Նմանապես այն անձինք, որոնք աշխարհը թողնում են ի սեր Հիսուսի, սեփական կյանքի բոլոր պարտականությունները անթերի կատարելով, եթե աշխարհի բնական ընթացքով այլևայլ նեղությունների ու նյութական աղքատության են ենթարկվում, անտրտունջ համբերում են և սրտի կատարյալ գոհունակությամբ տանում վշտերը. նրանք հոգով աղքատ կհամարվեն պայմանով, որ իրենք առիթ տված չլինեն իրենց կրած վշտերին ու նեղություններին:
Իրենց սխալների և անօրեն ընթացքի հետևանքով տագնապի ու վշտի դատապարտված անձինք կամ նյութական աղքատության մատնված մարդիկ, որոնք սովոր են միշտ տրտնջալ իրենց աղքատության համար, իրավունք չունեն հատուցում ակնկալելու. այդպիսիք պետք է նախ իմանան, որ իրենց կրած նեղությունները և տանջանքները իրենց մեղքերի և հանցանքների փոխարեն տրված պատիժ են, և հետևաբար պետք է ուղղեն իրենց ընթացքը:
Սրա համար թող երկնչեն և զգուշանան նրանք, ովքեր հպարտ են և աշխարհային հոգսերով չափազանց զբաղված, որովհետև եթե երանի տրվեց նրանց, ովքեր առաքինության սիրով և խոնարհությամբ հրաժարվում են աշխարհի խաբուսիկ պատրանքներից և հաճույքներից, ընդհակառակը, վա՜յ կտրվի նրանց, ովքեր լիովին անձնատուր են մարմնավոր վայելքներին ու հաճույքներին: Այդպիսիք, շուտով հուսախաբ լինելուց զատ, փորձով կտեսնեն իրենց վերջին զղջման ապարդյուն լինելը:
Բ. Սգավոր լինել: Այս խոսքը ոչ թե մարմնավոր, այլ հոգևոր սգո կամ տրտմության իմաստով պետք է հասկանալ. սա միայն Աստծու պատիվը պահելու փափագով հանձն առնված սգո կամ տրտմության մասին է: Քանի որ նա, ով չի ուզում բարկացնել Աստծուն, մեղք չգործելու համար միշտ ահով ու դողով ապրում է սգավոր վիճակում: Որովհետև մեղքը Նրա կամքին հակառակ է, իհարկե, մեղավորին արդարությամբ պատժում է, բայց երբ մեղավորը Աստծուն բարկացնելու կամ նրա պատիվը չպահելու համար զղջմամբ և ապաշխարությամբ տրտմում ու սգում է, Նա էլ իր ողորմությամբ մեղավորի հետ հաշտվում է և մխիթարում նրան:
Այս մասին արժե մեծ տրտմությամբ խորհել, որովհետև եթե մարդը պարտավոր է իր անձի համար տրտմել և սգալ, որ Աստծուն չբարկացնի, այդպես էլ պարտավոր է խորհել և սգալ բոլոր մեղավորների համար, թե ինչու Աստծու պատիվը չեն պահում և բարկացնում են նրան. և նրանց ուղղվելու համար պետք է միշտ եռանդով աշխատել, ինչպես որ բոլոր սրբերը Աստծու փառքի համար նախանձախնդրությամբ հանձն առան իրենց ամբողջ կյանքը հոժարակամ սիրով անցնել այսպիսի հոգևոր սգավորությամբ:
Սակայն ափսոս, որ շատերը, մեղավորների ուղղվելու և դարձի համար չաշխատելուց բացի, առանց իրենց անձնական մեղքերի համար ևս սգալու, զղջալու և ապաշխարելու, հավիտենապես կկորչեն: Եթե մարդիկ, մարմնավոր կամ նյութական վնասների հանդիպելով, սովորաբար տրտմում են և ջանում են շտապ ազատվել դրանցից և վերացնել կրած վնասն ու կորուստը, նույնքան և առավել պարտական են հոգևոր վնասների հանդիպած ժամանակ, այն է՝ մեղքերի մեջ ընկած ժամանակ ջանքեր գործադրել և տրտմել շտապ ազատություն ձեռք բերելու համար: Եվ եթե իրապես այդքան ջանք գործադրվեր սրա համար, մարդիկ արդեն արժանի կլինեին Աստծու արքայության անվախճան փառքին: Մանավանդ պետք է նկատի առնել, որ հաճախ մարմնավոր ցավերի նկատմամբ ցուցաբերված հոգատարությունն ու տրտմությունը մարդու համար ոչ միայն օգտակար չեն լինում, այլև ընդհակառակը, տեսակ-տեսակ ախտեր առաջ բերելով՝ մեռցնում են:
Լա՛վ խորհիր ուրեմն, ո՛վ մարդ, հոգևոր և մարմնավոր սգի զանազանության մասին, որովհետև, օրինակ, երբ մի մարդ իր ունեցվածքը կորցնի, անշուշտ, կցավի և կտրտմի, բայց դրանով իր կորուստը չի գտնի և ցավից չի ազատվի. մինչդեռ մեղավորը կորցրած աստվածային շնորհն ու անմեղությունը, անշուշտ, կարող է հոգեպես ունեցած և զգացած տրտմությամբ ու սգով նորից ձեռք բերել և այսպիսով Աստծու արքայության արժանանալով՝ դժոխքի դատապարտությունից ազատվել:
Գ. Հեզ լինել: Այս առաքինությունն էլ նշանակում է, որ մարդն ի սեր Աստծու խոնարհությամբ իրեն բոլոր մարդկանցից ավելի ցածր ու մեղավոր է համարում, հնարավորինս խույս տալով աշխարհիկ զբաղմունքներից՝ միշտ հետամուտ է բարիք գործելու: Այսպիսի հեզ և խոնարհ մարդը ոչ միայն Աստծուն է հաճելի, այլև այս աշխարհում հանգիստ ու խաղաղ է ապրում, որովհետև հպարտությամբ ոչ ոքի չի հակառակվում և չի վիճում, իրեն լավագույն վիճակի արժանի չհամարելով՝ ոչ ոքի չի նախանձում: Եթե իրեն վշտացնեն, առանց բարկության կհամբերի, եթե վնասվի, իր հանցանքներին վերագրելով՝ միշտ գոհ և շնորհակալ կլինի: Որքան էլ բարի գործեր ունենա, ոչ ոքի չի ուզում հայտնել, որպեսզի իրեն գովել չտա:
Հակառակ սրան՝ եթե հպարտ մարդը մի փոքր բարիք է գործում, փափագում է ամբողջ աշխարհին հայտնել, որպեսզի գովեն իրեն: Այդ պատճառով Աստծուց վարձ չի կարող ստանալ, որովհետև ոչ թե ի պատիվ նրա, այլ իր անձնական փառքի համար գործած կհամարվի:
Դ. Միշտ արդարություն գործելու իղձ տածել: Թեպետև արդարություն գործադրելը ամեն մարդու իրավունքն իրեն հատուցել է նշանակում, բայց այս պարագայում խոսքն առաքինության մասին է, որովհետև առաքինությունն այն է, որ Աստծու շնորհով գործի է դրվում արդարության բոլոր պայմանների համաձայն, բայց պայմանով, որ մի մարդ որքան էլ առաքինության մեծամեծ գործեր ունենա, այդ բոլորը մոռանալով` իբր թե բնավ բարիք չի գործել, միշտ նորանոր առաքինական գործերի հետամուտ լինի՝ կատարյալ եռանդով և անկեղծ իղձով ու ջանքերով:
Լա՛վ խորհիր, եթե մարդ, միշտ իր մեղքը մտաբերելով, խոնարհությամբ զղջա և ապաշխարի, կարող է թողություն գտնել: Ընդհակառակը, եթե առաքինությունը մտաբերելով՝ հպարտանալու լինի, իր վարձը բոլորովին կկորցնի: Ուրեմն եթե կուզես, որ հանցանքներդ ներվեն, դա մտքիցդ բնավ մի՛ հանիր, և եթե կուզես վարձ ստանալ, գործածդ առաքինությունը մոռանալով՝ միշտ առաքինություն գործելու տե՛նչ ունեցիր, ինչպես քաղցած մարդը՝ հացի, իսկ ծարավ մարդը ջրի է տենչում բնականորեն ու եռանդագին:
Մարդկային մարմինը հողից կազմված լինելու պատճառով նյութական սննդի, իսկ հոգին, աննյութ լինելով, հոգևոր սննդի կարոտ է: Սակայն եթե նյութական սնունդը սովորականից ավելի լինի, անպատճառ կվնասի, իսկ հոգևոր սնունդը որքան շատ լինի, այնքան առավել կզորացնի, և առաքինության սերը կավելանա մարդու մեջ: Այս պատճառով երկնային արքայության փառքին արժանանալ ցանկացողն այս աշխարհի վրա քաղցած ու ծարավ մարդու նման առաքինության ծարավի կլինի:
Ե. Ողորմություն տալ: Ընդունելի ողորմությունն այն է, որ մարդն իր կարողության չափով սիրով ու հոժարակամ առատորեն տալիս է միայն ի սեր Աստծու և նրա օրհնյալ ու սուրբ անվան փառքի համար: Որովհետև մարդու ողջ ունեցածը աստվածային տուրք ու պարգև է, ողորմություն տվողը ոչ թե իր ունեցվածքից է տալիս, այլ Աստծու տուրքից, այդ պատճառով պարտական է նրա պատիվը պահելու և հրամանը կատարելու փափագով տալ: Աստված, ողորմած լինելով, թեև իր շնորհը ոչ ոքի համար չի խնայում, բայց վարձի արժանի լինելու համար առաքինություն գործող մարդկանց երկրի վրա միմյանց կարոտ է թողնում:
Որովհետև երբ կարողություն ունեցող մարդն անճար մարդուն օգնության է հասնում, վերջինս էլ, առանց իր վիճակից գանգատվելու, իրեն արված բարիքը ճանաչելով, սրտի խոնարհությամբ գոհ ու շնորհակալ է լինում ընդունած բարերարությունից. երկուսն էլ Աստծուց ընդունում են իրենց վարձը: Ճշմարիտ է, որ հանուն Աստծու գործած առաքինություններից բոլորն էլ ընդունելի են, սակայն անօգնական մարդկանց հարկավոր եղած օգնությունը և նրանց ցույց տրված գթությունը, սիրո զգացումից բխած լինելով, այն աստիճան են փառավորում մարդուն, որ նրան Աստծուն են նմանեցնում, քանի որ ինչպես Աստված է ողորմում բոլորին, այնպես էլ գթասիրտ մարդը՝ բոլոր կարոտյալներին:
Կարոտյալներին ուղղված ողորմությունը միայն տուրք տալու մեջ չէ, այլ հոգևոր խրատով առաքինության ճանապարհները սովորեցնելու և մեղավորներին դարձի բերելու մեջ: Մանավանդ որովհետև մարդկային հոգին իմացական և աննյութ գոյություն է, նրա փրկության հանդեպ ցույց տրված գթասիրությունը նյութական կամ դրամական ողորմությունից ավելի ընդունելի է: Երբ ողորմություն ես տալիս, տե՛ս, որ մարդկանցից փառավորվելու և փոխարենը ստանալու իղձ չտածես, որովհետև այսպիսի անարժան դիտավորությամբ ողորմություն տվողները Աստծուց վարձ չեն կարող ստանալ, առավել ևս հանցավոր են, քանի որ նրա անվան հատուկ փառքը զուր սեփականացնել են ջանում:
Խրա՛տ առ, եթե աղքատին գթացողն ու ողորմություն անողն է Աստծու ողորմությանն արժանանում, ուրեմն պարզ է, որ անգութ ու անողորմ մարդիկ նրա ողորմությունից զրկվում են:
Զ. Սրտով սուրբ լինել: Արարածների ընդհանուր վիճակը քննելով՝շատերը կարող են իմանալ Աստծու մեծ զորությունը, իմաստնությունը, բարությունը, գթությունն ու արդարությունը, բայց այս աստվածային հատկությունները իմանալով չէ մարդ արքայությունը ժառանգում, այլ Աստծուն կատարյալ և ջերմ սիրով սիրելով: Ճշմարիտ աստվածասիրությունն էլ նրա պատիվը պահելու, նրա պատվերներին և օրենքներին հնազանդվելու և բոլոր չար գործերից հեռու մնալով՝ միշտ սուրբ սրտով և մաքուր մտքով առաքինություն գործելու մեջ է: Այս պատճառով ով կամենում և տենչում է Աստծուն տեսնել արքայության մեջ, պետք է սիրտն ու միտքը մաքրի մեղսալի անմաքուր մտքերից, որովհետև մարդը պարտավոր է ոչ միայն չար գործերից զգուշանալ, այլև չար և անմաքուր մտքերից:
Է. Խաղաղարար լինել: Խաղաղարար մարդը ոչ միայն ինքն է կռվից խույս տալով ամենքի հետ սիրով և բարեկամությամբ վարվում, այլև կռվողներին միմյանց հետ հաշտեցնելով՝ սեր և բարեկամություն է հաստատում մինչև իսկ ոխերիմ թշնամիների միջև, և հատկապես երբ Աստծուն բարկացնում է, իսկույն զղջմամբ և ապաշխարությամբ շտապում է Աստծու հետ հաշտվել:
Բացի սրանից, թե՛ խրատ և թե՛ առաքինության օրինակ տալով այլոց, որոնց իրենց չար ճանապարհից դարձնում և հաշտեցնում է Աստծու հետ, նմանվում է Հիսուս Քրիստոսին: Քանի որ ինչպես նա մարդկային ազգը հայր Աստծու հետ հաշտեցրեց, այնպես էլ խաղաղարար մարդը մեղավորին հաշտեցնում է Աստծու հետ: Ընդհակառակը, նա, ով բանսարկությամբ մարդկանց միմյանց հետ գժտեցնում է և նրանց միջև խռովություն ու ատելություն սերմանում, նման է սատանային:
Ը. Արդարության համար հալածվել: Հիրավի, երանի տրվեց արդարության ծարավի մարդկանց, ինչպես վերևում նշեցինք, բայց արդարության կատարման և գործադրության համար եռանդագին աշխատող մարդիկ, որոնք դրա պատճառով չարաչար նեղվում են, իհարկե, ավելի մեծ ողորմության կարժանանան: Քանի որ նրանք ոչ միայն իրենք են արդարությունը սիրում և միշտ գործադրում, այլև արդարության դեմ գործող մարդկանց աստվածային կամքը հայտնելով,անհրաժեշտ խրատը տալուց բացի՝ նաև հանդիմանում են խոտորվածներին: Այդ պատճառով, երբ նեղության կամ ցավերի են ենթարկվում, գոհությամբ տանում են բոլոր զրկանքները, որովհետև վստահ են, որ առավել ողորմության արժանի կլինեն և իրենց վարձը կավելացնեն: Այս կերպ բոլոր սրբերը արդարության սիրո համար երկրի վրա միառժամանակ հալածանք կամ չարչարանք կրեցին, սակայն հանդերձյալ արքայության մեջ անվախճան փառքը ժառանգեցին:
Թ. Հիսուսի անվան համար նախատինք կրել կամ վատաբանվել և համբերել: Հիրավի, ով էլ վնասից խույս տա, բնական է, բայց երբ Աստծու փառքին նախանձախնդիր մարդիկ հաճությամբ և կամավորապես նախատվում են ու համբերում, ապացուցում է, որ նրանք կատարյալ հավատ և սաստիկ սեր ունեն առ Աստված: Ուստի Աստծու շնորհով բնությունն այստեղ պարտվում է:
Այս պատճառով աստվածասեր մարդը որքան էլ չարչարանք կրի և հալածվի, որքան էլ չարախոսություն և վատաբանություն լսի, գիտի, որ նույնքան առավել պետք է վարձատրվի. դրա պատճառով էլ ուրախությունը կրկնապատկվում է: Սակայն պայմանով, որ իր կրած չարաչարանքների և տառապանքների պատճառն ինքը եղած չլինի, այլ միայն և միայն Աստծու սուրբ անվան ու փառքի համար չարչարված լինի, որովհետև իր թերության ու սխալների պատճառով հալածվող, չարչարվող և վատաբանվող մարդը ոչ միայն չի ուրախանում, այլև առավել ևս միշտ ապաշավանքի և խղճի խայթի է ենթակա լինում: