Հիսուսը վերոհիշյալ լեռից ո՞ւր իջավ:

Կափառնայում քաղաք: Եվ այնտեղ ժողովրդին ուսուցանելու ժամանակ ամենքը զարմանում են, որովհետև հեղինակությամբ էր խոսում: Առաքյալները նույնպես, նրա հրամանով նույն գավառներում շրջելով, քարոզում էին ժողովրդին: Եվ որովհետև Գալիլեայի Հերովդես թագավորը իր Փիլիպոս եղբոր կնոջը՝ Հերովդիային, ապօրինաբար կնության առնելու պատճառով հանդիմանվել էր  Հովհաննես Մկրտչից,  Հերովդիայի դրդմամբ նրան բանտարկել էր (ինչպես որ ԺԹ. հարցում հիշվեց):

Այո՛, Հերովդեսն այդ անզգամ  կնոջ սիրտը չկոտրելու համար կամեցավ սպանել Հովհաննեսին, բայց ժողովրդից վախենալու պատճառով բավարարվեց նրան բանտարկելով միայն (թեև գրված չէ, թե բանտում որքան ժամանակ մնաց, բայց ենթադրվում է, թե բանտարկությունը մեկուկես տարի է տևել):  Ահա այն ժամանակ, երբ Հիսուսը քարոզում էր Կափառնայումում, դարձյալ նույն Հերովդիա կնոջ պահանջով Հերովդեսը բանտում սպանել տվեց Հովհաննես Մկրտչին: Այսպես կատարվեց դեպքը:

Հերովդեսի ծննդյան օրն էր: Նա մի մեծ խնջույք է տալիս իր նախարարների, հազարապետների և Գալիլեայի մեծամեծների համար: Երբ որ Հերովդիայի աղջիկը հրավիրվածների առջև պարում է, թե՛ Հերովդես թագավորին և թե՛ բոլոր ներկաներին վերին աստիճանի դուր է գալիս, այնպես որ թագավորը բազում երդումներով խոստանում է աղջկան տալ,  ինչ որ խնդրի իրենից, մինչև իսկ իր թագավորության կեսը: Այնժամ աղջիկը դուրս է ելնում և մորից հարցնում, թե ինչ խնդրի: Գարշելի կինը, քանի որ երկար ժամանակից ի վեր Հովհաննեսի մահն էր փափագում, այս անգամ պատեհ առիթը գտնելով, աղջկան թելադրում է Հովհաննես Մկրտչի գլուխը խնդրել:

Աղջիկը, իսկույն ներս մտնելով, ասում է. «Փափագում եմ, որ անմիջապես այս ափսեի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը տաս ինձ»: Այս ամբարիշտ խնդրանքի համար թեև շատ է տրտմում, բայց իր երդման պատճառով և մանավանդ չուզելով այդքան հյուրերի ներկայությամբ իր մերժմամբ խայտառակել աղջկան, իսկույն դահիճ է ուղարկում և Հովհաննեսի գլուխը բերել տալով՝ ափսեի վրա աղջկան է տալիս, իսկ նա էլ մորն է տանում: Հովհաննեսի աշակերտները, իրենց վարդապետի մահվան լուրը լսելով, նրա մարմինը թաղելուց հետո գալիս են ու Հիսուսին պատմում թագավորի անօրեն արարքի մասին:

Ուշադրության արժանի է, որ իր սրտի չարությամբ Հովհաննեսին գլխատել տալով՝ Հերովդեսը թեև մեծ մեղք գործեց, բայց չվախեցավ: Իսկ նրա մահից հետո Հիսուսի հրաշագործությունների մասին լսելուն պես սկսում է վախենալ, որովհետև մինչ այդ ժամանակ նրա անունը չէր լսել: Եվ մանավանդ երբ ոմանք ասում են, թե Հովհաննեսը հարություն առավ, ուրիշները՝ թե՝ Եղիան հայտնվեց, և կամ անցյալի մարգարեներից մեկը երևաց, այն ժամանակ Հերովդեսը զարմանքով և երկյուղով ասում է. «Հովհաննեսին ես սպանեցի, սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»: Այո՛, ուզում է Հիսուսին տեսնել (Ղուկ. 23:8), որպեսզի սիրտը հանգստանա, քանի որ կարծում է, թե այդ հրաշքները գործողը նույն ինքը Հովհաննեսն է՝ հարություն առած:

Խրա՛տ առ անզգամ ու չար կնոջ հետ ապօրինի սիրո շղթայով կապված մարդու թշվառ վիճակից: Հերովդեսը, որ մի ամբողջ երկրի էր իշխում, անամոթ մի կնոջ գերի եղավ, քանի որ երբ Հերովդիայի աղջիկը խնջույքի ժամանակ մեծամեծ մարդկանց առջև տիրաբար հրամայում է, թե՝ «Ուզում եմ, որ անմիջապես այս ափսեի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը ինձ տաս», Հերովդեսը, տրտմելով հանդերձ, անկարող է լինում նրան մերժել, ընդհակառակը, շտապում է նրա պատվերն իսկույն կատարել:

Այս պարագայում Հերովդեսը, որքան որ ինքն իրեն նախատեց՝ այդուհանդերձ տրտմելով, այնքան ավելի իր տկարությունը հայտնեց, քանի որ տրտմությունը տկարության ապացույց է: Մարդ այն ժամանակ է տրտմում, երբ իր կամքին հակառակ մի բան է պատահում, և ինքը չի կարողանում արգելք լինել դրան: Հատկապես «Ինչ որ խնդրես, կտամ» ասելով և երդմամբ հաստատելով՝ իր տխմարությունը ցույց տվեց, քանի որ այդպիսի խոստումը հիմարության նշան է:

Սակայն մի՛ զարմացիր, զգայական բաղձանքն ու կիրքը մարդու միտքն այն աստիճան են մթագնում, որ այլևս անկարող է լինում զանազանել իր համար լավն ու վատը, օգուտն ու վնասը: Ինչպես որ անամոթ Հերովդիան ևս չարության մեջ այնքան էր առաջ գնացել, որ վրեժխնդրության կիրքը գոհացնելու համար իր աղջկան իշխանությունից կամ հարստությունից զրկեց: Քանի որ մինչ այդ Հերովդեսը խոստացել էր մինչև իսկ իր թագավորության կեսը տալ աղջկան, ինքը՝ մայրը, իր սրտում խեղդելով մայրական բնական զգացումը, նրան թույլ չի տալիս ուրիշ բան խնդրել, այլ հիմարաբար պատվիրում է միայն Հովհաննեսի գլուխը պահանջել:

Ահա այսպիսին է քինախնդիր մարդու վիճակը. ուրիշին բարիք չկամենալով՝ հանձն է առնում իրեն չարիք հասցնել: Հերովդիան այս անօրենությունը գործեց Հովհաննեսի կշտամբանքից ազատվելու համար, բայց երբ Հովհաննեսի այսօրինակ մահը հայտնի դարձավ, ինքն աշխարհի բերանն ավելի շատ ընկավ և է՛լ ավելի խայտառակվեց, ինչին արժանի էր:

Այդ ժամանակ առաքյալները, որ գնացել էին քարոզելու, վերադարձան Կափառնայում և Հիսուսին պատմեցին,  թե ինչ էին քարոզել և ուսուցանել ժողովրդին: Հիսուսը նրանց հետ Բեթսայիդա քաղաքի մերձակա անապատն է գնում՝ այնտեղ մի փոքր հանգիստ առնելու, քանի որ քարոզ լսելու ցանկությամբ այն աստիճան մեծ բազմություն էր գալիս նրանց մոտ, որ մինչև իսկ հաց ուտելու ժամանակ չէին գտնում: Այս անգամ ևս, ժողովուրդը, տեսնելով, որ նա աշակերտների հետ նավակով գնաց, և գուշակելով, թե ուր պետք է գնա, ամեն կողմից ոտքով գնում և Հիսուսից առաջ հասնում է  նրա գնացած վայրը: Երբ նավակից ելնելով՝ Հիսուսը տեսնում է այդ մեծ բազմությունը, որ անհովիվ ոչխարի էր նման, գթալով սկսում է քարոզել նրանց և բոլոր հիվանդներին էլ մարդասիրաբար բժշկում է:

Տե՛ս մեր փրկչի մարդասիրական գթությունը, քանզի այդ հազարավոր մարդկանց բազմությունը քարոզությամբ՝ որպես հոգևոր կերակուրով, հագեցնելուց և նրանց հիվանդներին բժշկելուց զատ, կամենալով այդ բազմությանը նաև մարմնավոր կերակուր տալ՝ քարոզը դիտմամբ երկարացնում է: Եվ որովհետև բազմությունը խիստ մեծ էր և մանավանդ քաղաքից կամ գյուղից հեռու՝ անապատ տեղում, Փիլիպոսին հարցնում է, թե որտեղի՛ց կարելի է հաց գտնել, որ նրանք ուտեն:

Ճշմարիտ է, որ ինքը գիտեր, թե ի՛նչ պետք է անի և ի՛նչ եղանակով պետք է այդչափ բազմությանը կերակրի, սակայն այդ հարցը տալիս է առաքյալին՝ փորձելու համար, որը Հիսուսին պատասխանում է, թե՝ «Երկու հարյուր դահեկանի հացը բավական չի լինի այս բազմության համար»: Քիչ հետո առաքյալները Հիսուսին ասում են. «Հրամա՛ն տուր ժողովրդին այս անապատ տեղից գնալ և իրենց համար կերակուր գնել, քանի որ այստեղ կերակուր չունեն ուտելու»: Նա պատասխանում է. «Հարկ չկա, որ նրանք ուրիշ տեղ գնան. դո՛ւք նրանց կերակուր տվեք, որ ուտեն»:

Սակայն առաքյալները ևս, ուտելու բան չունենալով, սկսում են խորհել, թե այդչափ բազմության համար  բավականաչափ հաց որտեղի՛ց կարող են հայթայթել և առաջարկում են Հիսուսին թույլ տալ իրենց, որ գնան ու երկու հարյուր դահեկանի հաց գնեն ժողովրդի համար: Հիսուսն ասում է. «Նայեք, թե քանի՞ հաց ունեք»: Եվ երբ նրանք նայում են, տեսնում են, որ միայն մեկը հինգ հատ գարեհաց և երկու ձուկ ունի: Անդրեասը հայտնում է Հիսուսին, թե պատրաստի ինչ ունեն՝ միաժամանակ ավելացնելով, թե ինչպե՞ս կարելի է այդքանով  բավարարել այսչափ բազմությանը (որովհետև բացի կանանցից ու երեխաներից հինգ հազար հոգի կար):

Հիսուսն առաքյալներին պատվիրում է բազմությանը հարյուրական և հիսունական հոգով հերթով խումբ-խումբ նստեցնել խոտի վրա: Ապա հինգ հացն ու երկու ձկները ձեռքն առնելով՝ նայում է դեպի երկինք, օրհնում և կտրում է դրանք ու տալիս առաքյալներին: Եվ երբ  նրանք  ժողովրդին  են տալիս, ամենքն էլ ուտում և կշտանում են, որովհետև Փրկչի օրհնությամբ հինգ հացն ու երկու ձուկը այն աստիճան էին շատացել, որ այդքան բազմությունը ուտել կշտանալուց բացի՝ ավելացած կտորտանքը Հիսուսի հրամանով հավաքելով՝ տասներկու լիքը զամբյուղ են վերցնում:

Այս հրաշքը տեսնելով՝ ժողովուրդն ասում է. «Սա է ճշմարիտ մարգարեն, որ պիտի գար աշխարհ»: Եվ Հիսուսին թագավոր դարձնելու մտադրություն և ցանկություն ունեցան: Սակայն նա, իմանալով նրանց մտադրությունն ու դիտավորությունը, կրկին լեռը բարձրացավ միայնակ:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․