Հիսուսը քանանացի կնոջ դստերն ինչո՞ւ իսկույն չբժշկեց:

Նրա հավատն աշխարհին հայտնելու համար: Որովհետև թեև սկզբից նրա խնդրանքն անպատասխան թողեց և վերջում էլ մինչև շան աստիճանի նվաստացրեց նրան, բայց կինն առանց երբևէ բարկանալու իր թախանձանքը շարունակեց, և նրա կատարյալ հավատը երևան եկավ: Այս դեպքից իմացվում է նաև, որ իսրեայելացիներից առաջ հեթանոս և կռապաշտ ժողովուրդները պետք է Հիսուսին հավատային:

Հիրավի, Հիսուսը եկել էր մարդկային ամբողջ ցեղի փրկության համար, բայց որովհետև իր շնորհը նախ Իսրայելին, հետո հեթանոսներին պիտի պարգևեր: Ահա այս պատճառով կնոջն ասում է. «Թո՛ւյլ տուր, որ մանուկները հագենան», ինչպես որ սուրբ ավետարանը նախ Իսրայելի ժողովրդին, հետո կռապաշտ ազգերին քարոզվեց: Բայց և այնպես, իսրայելյան ազգը, ապերախտ գտնվելով, Հիսուսի շնորհից զուրկ մնաց, իսկ հեթանոսները ողորմության արժանացան:

Այնուհետև, երբ Հիսուսը կրկին Գալիլեայի ծովեզերք է գալիս, այնտեղ մի խուլ ու համր մարդու են բերում նրա մոտ և աղաչում են, որ նրա վրա ձեռք դնի: Եվ որովհետև բազմությունը մեծ էր, Հիսուսը, նրան առանձին մի տեղ տանելով, մատները նրա ականջների վրա է դնում և ապա թքում է այնտեղ: Նույն ժամանակ նրա լեզվից բռնելով՝ նայում է երկինք և հառաչելով ասում է. «Բացվի՛ր», որով մարդն իսկույն բժշկվում է: Հիսուսը նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել, բայց նրանք  սկսեցին ավելի հռչակել նրա հրաշալի գործն ու կարողությունը, այնպես որ ամենքը, զարմանքով լցված, ասում էին. «Այս մարդը ամեն բան լավ արեց, որովհետև խուլերի ականջներն է բացում և համր մարդկանց խոսել տալիս»: Այս կերպ իրենց երախտագիտությունն էին հայտնում:

Այս հրաշքը գործելուց հետո Հիսուսը, երբ լեռը ելնելով, նստում է այնտեղ, նրա մոտ շատ ժողովուրդ է հավաքվում, որոնք իրենց հետ բերում են տեսակ-տեսակ ցավագար մարդկանց՝ կաղեր, կույրեր, համրեր և խեղանդամներ, որոնց նրա ոտքերի մոտ են դնում, և երբ ամենքին բժշկում է, զարմանալով հանդերձ՝ փառավորում են Իսրայելի Աստծուն: Այս պարագայում ժողովուրդն այնքան գոհացավ, որ երեք օր լեռան վրա մնաց, և նրանց կերակուրը պակասեց: Այսուհանդերձ դարձյալ Հիսուսից բաժանվել չուզելով՝ հանուն նրա սիրո ամայի և վայրի անապատում էին մնում:

Այստեղ տե՛ս մեր Փրկչի մարդասիրությունը, որովհետև նա գիտեր, որ ժողովրդի ուտելիքը սպառվել է, որի պատճառով առաքյալներին կանչելով՝ ասում է. «Գթում եմ այս ժողովրդին, քանի որ երեք օր է, որ մոտս են գտնվում և այժմ ուտելիք չունեն: Նրանց քաղցած չեմ ուզում ուղարկել, որ հանկարծ ճանապարհին քաղցից չնվաղեն, քանի որ ոմանք հեռու տեղից են եկել»: Աշակերտները սրան պատասխանում են, թե՝ «Այսքան ժողովրդի համար բավականաչափ հաց այս անապատում որտեղի՞ց կարող ենք գտնել»:

Թեպետ Հիսուսը նախկինում հինգ հացով  հինգ հազար հոգու կերակրելով իր գերագույն կարողությունը ցուցադրել էր, սակայն նրանք, առանց դա մտաբերելու և չկարողանալով ըմբռնել, թե այդպիսի ամայի վայրում այդքան բազմությանն ինչպես կարելի է կերակրել, այդպիսի պատասխան տվին: Ուստի այս անգամ ևս Հիսուսը հարցնում է նրանց, թե քանի՛ հաց ունեն:

Իհարկե, Հիսուսը գիտեր, թե քանի հաց ունեն, բայց կրկին իր զորությունը հայտնելու համար հարցրեց:  Երբ աշակերտները պատասխանում են, թե յոթ հաց և մի քիչ ձուկ ունեն, ժողովրդին հրամայում է գետնին նստել և յոթ հացն ու ձուկը ձեռքն առնելով՝ գոհություն է հայտնում և կտրելով տալիս է առաքյալներին, իսկ նրանք՝ ժողովրդին (կանանց ու երեխաներին չհաշված՝ չորս հազար մարդ էր): Եվ երբ բոլորը կշտանում են, ավելացած կտորները վերցնում են յոթ լեցուն զամբյուղներով, որպեսզի այդպիսի մեծ հրաշքը չմոռացվի:

Այնուհետև, երբ Հիսուսը ժողովրդին արձակում է, որ իրենց տեղերը գնան, առաքյալների հետ միասին նավակ նստելով՝ Մագդաղիա քաղաքին մոտ Դաղմանունայի կողմերն է գալիս: Այնտեղ փարիսեցիներն ու սադուկեցիները, նրա մոտ գալով, վիճում են և պահանջում, որ երկնքից նշան ցույց տա իրենց, իբրև թե ասել են ուզում. «Եթե այսքան հրաշք ես գործում հաստատելու համար, որ դու ես Մեսիան, ուրեմն երկնքից ևս մի գերբնական նշան ցույց տուր»:

Սակայն նրանց մտադրությունը ոչ թե  նրա՝ Մեսիա լինելու ստուգությունն իմանալն ու հավատալն էր, այլ միայն նրան փորձելը: «Երբ երեկոյան երկինքը կարմրագույն է երևում, իսկույն ասում եք, թե օդը պարզ պիտի լինի, իսկ առավոտյան, երբ մշուշախառն կարմրություն եք տեսնում, ասում եք, թե մրրիկ պիտի լինի: Ինչո՞ւ երկնքի երևույթները կարող եք քննել, իսկ ժամանակի նշանը չեք կարող իմանալ: Արդարև, եթե Սուրբ Գրքին ուշադիր լինեին, կարող էին ճանաչել, որ նա է Մեսիան (այս մասին տե՛ս նաև Լ. հարցում):

Այս պատասխանն արդեն իսկ մեծ հանդիմանություն էր նրանց, բայց միաժամանակ նրանց չար մտադրությունը է՛լ ավելի  պարզելու համար առաքյալներին ասում է. «Այս չար և շնացող ազգը նշան է փնտրում, և նրանց ուրիշ նշան չպիտի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից»: Ինչպես որ Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում մնալուց հետո դուրս եկավ և Նինվե քաղաքի բնակիչների համար նշան եղավ, այդպես էլ Հիսուսը, երեք օր ու երեք գիշեր գերեզմանում մնալուց հետո հարություն առնելով, Իսրայելի ազգին նշան պիտի լիներ:

Այս խոսքերն ասելուց հետո Հիսուսը, նրանց թողնելով, դարձյալ առաքյալների հետ նավակ է մտնում դիմացի կողմն անցնելու համար և պատվիրում է նրանց, որ փարիսեցիների, սադուկեցիների և հերովդեսականների խմորից զգուշանան: Թեպետ այս խոսքով նա այլաբանորեն խմորի է նմանեցնում նրանց չար աղանդը, բայց առաքյալները կարծում են, թե հրամայում է նրանց հացից չուտել, մանավանդ որ նավակ նստած ժամանակ մոռացել էին հաց գնել և միայն մի նկանակ ունեին: Եվ որովհետև հաց առնելու պատվեր էին ստացել Հիսուսից, ուստի այդ մոռացությունը նկատելով՝ սկսում են միմյանց ասել, թե՝ «Հաց չառանք»:

Քանի որ նրանց մտքերը հայտնի էին Հիսուսին, հանդիմանում է նրանց՝ ասելով. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք խորհում, թե հաց չունեք», որովհետև չմտաբերեցին, որ  նախկինում հինգ հացով հինգ հազար և յոթ հացով չորս հազար հոգու էր կշտացրել: Երբ Հիսուսը նորից հայտնում է, որ ինքը հասարակ հացի մասին չի խոսում, հասկանում են, որ փարիսեցիների և սադուկեցիների չար աղանդներից զգուշանալ էր պատվիրում իրենց:

Նավակի մեջ այս բաներն ասելուց հետո, երբ Բեթսայիդա քաղաքն են գալիս, մի կույր մարդ են բերում նրա առջև՝ աղաչելով, որ նրան բժշկի: Հիսուսը, նրա ձեռքից բռնած, քաղաքից դուրս հանելուց հետո նրա աչքերի վրա թքում է և ձեռքը նրա վրա դնելով՝ հարցնում է, թե մի բան տեսնո՞ւմ է: Կույրը պատասխանում է. «Տեսնում եմ մարդկանց, որ ծառերի պես շրջում են»: Նա վերստին իր ձեռքը նրա աչքերի վրա է դնում, և կույրն անմիջապես բժշկվում է: Հիսուսը նրան պատվիրում է գնալ իր տուն առանց բազմությանը հանդիպելու և առանց որևէ մեկի որևէ բան հայտնելու:

Պետք է նկատել, որ Հիսուսը երբեմն միայն խոսքով էր հրաշագործում իր աստվածությունը հայտնելու համար, երբեմն էլ շարժումով և այլ միջոցներով, որպեսզի իր մարդեղությունը հայտնի: Ապա առաքյալների հետ Բեթսայիդայից ելնելով՝ Փիլիպպյան Կեսարիա քաղաքը գնալու ժամանակ աշակերտներին հարցնում է, թե մարդիկ իր մասին ի՛նչ են ասում և ո՛վ են կարծում իրեն: Նրանք պատասխանում են, թե՝ «Ոմանք համարում են, որ Հովհաննես Մկրտիչն  է, ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշները՝ Երեմիա մարգարեն և կամ թե հնում եղած մարգարեներից որևէ մեկը՝ հարություն առած»: Այնժամ Հիսուսը նրանց հարցնում է, թե՝ «Դո՞ւք ինչ կասեք»: Պետրոսը ի դեմս բոլոր առաքյալների ընդունում է նրան Քրիստոս և Աստծու Որդի:

Պետրոսն այդ խոստովանությունը ոչ թե ինքն իրենից արեց, այլ հոր Աստծու ազդեցությամբ, այդ պատճառով Հիսուսը, նրան երանի տալով, ասում է, թե՝ դու վեմ ես, որովհետև Պետրոս նշանակում է վեմ, և ապա ոչ միայն վճռում է, որ իր եկեղեցին նրա վրա պիտի կառուցի, և դժոխքի զորությունն անկարող պիտի լինի նրան հաղթելու, այլ նաև երկնքի արքայության բանալիներն է խոստանում տալ նրան, որի երկրի վրա կապածը երկնքում ևս կապված կլինի, և երկրիս վրա արձակածը երկնքում ևս կարձակվի: Այսպիսի հոգևոր իշխանություն ոչ միայն Պետրոսին, այլ նաև բոլոր առաքյալներին տրվեց, ինչպես որ հայտնի է (Մատթ. 18:18, Հովհ. 20:23), քանի որ նրանք ևս լիովին հավատում էին, որ Հիսուսն է Քրիստոսը և Աստծու Որդին:

Հիրավի, առաքյալները ընդունեցին, որ Հիսուսն է Մեսիան, բայց նա նրանց խստիվ պատվիրելուց հետո, որ ոչ ոքի չհայտնեն, շտապում է կանխասացությամբ հայտնել նրանց, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա և այնտեղ ժողովրդի քահանայապետներից, օրենսգետներից և ծերերից պիտի չարչարվի և մեռնի, որպեսզի երբ խաչը ելնելով մեռնի, նրանք իրենց հավատն անխախտ պահեն, քանի որ մարդկանց մեղքից փրկելու համար պետք է մեռներ:

Այս մասին հայտնի է, որ առաքյալները պետք է մեծապես տխրեին, ուստի նրանց մխիթարելու համար հայտնեց, թե երեք օրից պետք է հարություն առնի: Սակայն Պետրոսը, որ նրան շատ էր սիրում, երբ լսեց, թե չարչարվելով պիտի մեռնի, և չըմբռնելով ,թե այդ բանն ի՛նչ պատճառով պետք է պատահի, սկսեց վիճել նրա հետ՝ ասելով. «Տե՛ր, քա՛վ լիցի, որ այդպիսի բան պատահի քեզ», որի պատճառով հանդիմանության արժանացավ: Որովհետև քանի որ Հիսուսը ողորմությամբ վճռել էր մեռնել մարդկանց փրկության համար, իհարկե նրա կամքին հակառակ էր ասել, թե՝ «Այս բանը թող քեզ չպատահի»: Արդարև, Պետրոսն այս պարագայում Աստծու կամքի համաձայն չխորհեց, այլ մարդկային կամքի համաձայն:

Պետրոսն այդպիսի մի հանդիմանություն լսելով լռեց և պատասխան չտվեց, բայց Հիսուսն այնտեղ հավաքված բազմությանն ու առաքյալներին իր մոտ կանչելով՝ ասում է նրանց. «Ով իմ հետևից ուզում է գալ,  պետք է ուրանա իր անձը և իր խաչն առնելով՝ իմ հետևից գա»: Մտածի՛ր, Պետրոսը Հիսուսի նկատմամբ ունեցած սիրո պատճառով չէր ուզում, որ նա չարչարանք կրեր, բայց Հիսուսը պարզորոշ հայտնում է, որ ոչ միայն ինքը պետք է չարչարվի, այլև իր հետևից գնալ, իրեն աշակերտել ցանկացողն էլ պետք է աշխարհիկ իղձերը թողնելով՝ այս աշխարհի նեղություններին ևս համբերի: Նմանապես վճռաբար հայտարարում է,  թե՝ «Ով կամենա իր անձը ապրեցնել, պիտի կորցնի այն, իսկ ով ինձ համար կորցնի իր անձը, կապրեցնի այն: Ի՞նչ օգուտ մեկի համար ամբողջ աշխարհը շահել և իր անձը կորցնել, քանզի մարդ ի՞նչ կարող է տալ իր անձի փրկության փոխարեն»:

Իսկապես, ի՞նչ շահ կա աշխարհի զվարճությունների և մեծության մեջ, որոնք, անհիմն լինելով, թող որ հողմի նման անցնեն, հանդերձյալ աշխարհում էլ մարդու հավիտենական տանջանքների պատճառ են լինում: Մարմնավոր ապրուստի համար հարկավոր եղածը ձեռք բերելու համար աշխատելը հանցանք չէ, բայց դրանց հարկ եղածից ավելի կարևորություն ընծայելը հեշտասիրությունից և հպարտությունից է առաջ գալիս, և մեծ հանցանք է: Աստված կերակուր սահմանեց մարդու համար, որ սովից չմեռնի, հանդերձ տվեց, որ ամոթույքը ծածկի, տուն ու բնակարան շինելու սովորություն եղավ, որ ցրտից ու շոգից պատսպարվեն, սակայն շատերը, սա պատրվակ բռնելով, նյութական բաներին չափազանց մեծ կարևորություն են ընծայում և հոգևոր ճանապարհից հետ մնալով՝ հոգին են կորցնում:

Եվ որովհետև, ինչպես վերևում հիշվեց, Հիսուսը չարչարանքով պիտի խաչվեր և իրեն հետևողներն էլ նրա անվան ու սիրո համար աշխարհի վրա տարբեր նեղություններ պետք է կրեին, ուստի ով որ ամոթ համարելով նրան ու նրա խոսքերը՝ չհետևի իրեն, հայտնում է, թե դատաստանի օրը՝ յուրաքանչյուրի դատաստանը տեսնելու եկած ժամանակ, պիտի պատժի նրանց, որպեսզի իրեն հետևողները մխիթարվեն, իսկ չհետևողները վախենալով ուղղվեն: Ուրեմն աշխարհում ինչքան շատ նեղություն կրես ի սեր Հիսուսի, այնքան ուրախացի՛ր, քանի որ արքայության մեջ նրա անվախճան փառքին պիտի հաղորդակից լինես վստահաբար: Թեպետ Հիսուսը սրբերին հայտնում է արքայության մեջ իր փառքի մասին, բայց կամենում է նաև այս աշխարհի վրա դրա մի նշանը ցույց տալ՝ տակավին խաչի վրա չբարձրացած, որպեսզի նրանք չգայթակղվեն ու չթերանան իրենց հավատքի մեջ՝ տեսնելով իրեն անարգանքի սյունի վրա՝ մարդկանցից լքված և արհամարհված: Եվ ում որ պիտի հայտներ իր փառքը, որոշում է, որ նրանք չմեռնեն, մինչև որ տեսնեն Աստծու արքայությունը՝ զորությամբ ու փառքով եկած և իրենց մեջ հաստատված:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․