Հիսուսը որտե՞ղ ցույց տվեց իր փառքի նշանը:

Մի բարձր լեռան վրա, որ Թաբոր էր կոչվում: Այստեղ կատարվեց Սուրբ Գրքի այն խոսքը, թե՝ «Թաբորը և Հերմոնը քո անվամբ պիտի ցնծան», որովհետև ինչպես որ Հերմոն լեռը, Հորդանան գետի դիմաց գտնվելով, Հիսուսի մկրտության ժամանակ ցնծաց, այնպես էլ նրա պայծառակերպության առթիվ Թաբոր լեռն ուրախացավ:

Արդ, ինչպես որ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերում եղած ժամանակ խոստացել էր իր փառքը հայտնել աշակերտներից ոմանց և վճիռ էր արձակել, թե նրանք մինչև այդ պահը պետք է ողջ մնային, այդ պատճառով դրանից հետո վեց կամ ութ օր հետո (Մատթեոսը և Մարկոսը միայն Հիսուսի խոստման և դրա գործադրման օրերի միջև ընկած օրերը հաշվելով՝ վեց օր են գրում, իսկ Ղուկասը, խոստման և կատարման օրերն էլ հաշվելով, ութ օր է գրում) առաքյալների հետ Թաբոր լեռան ստորոտը եկավ, որտեղ առաքյալներից միայն Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին վերցնելով՝ մյուսներին այնտեղ թողեց:

Երբ Հիսուսը, երեք աշակերտների հետ միասին Թաբոր լեռան գագաթը բարձրանալով, աղոթքի կանգնեց, աշակերտների վրա մի թմրություն և քնի ծանրություն իջավ: Այդ միջոցին Հիսուսը այլակերպվեց, և նրա դեմքը արեգակի նման փայլուն, իսկ հանդերձն էլ լույսի պես սպիտակ դարձավ այն աստիճան, որ թափիչները չէին կարող այդպես սպիտակեցնել: Այսպիսի մի ուժեղ լույսի ճառագայթից աշակերտները սթափվում են և Հիսուսի աստվածային փառքը տեսնելով՝ հրճվում, երբ նրա մոտ տեսնում են Մովսես և Եղիա մարգարեներին, որոնք, նույնպես փառավորված երևալով, նրա հետ խոսում էին Երուսաղեմ քաղաքում նրա կրելիք չարչարանքների և խաչելության մասին: Այս վերջին հանգամանքը ցույց էր տալիս, որ Հիսուսն ամենիշխան է, որովհետև Մովսեսին մեռելների միջից, իսկ Եղիային երկնքից է բերում:

Այստեղ Պետրոսի վիճա՛կը տես. նա, որ (տե՛ս ԼԴ. հարցը) Հիսուսի չարչարանք կրելը և խաչ ելնելը չկամենալու համար հանդիմանության արժանացավ, այս անգամ ևս թեև նույն միտքն ունեցավ, բայց նորից հանդիմանություն չլսելու համար գործը նրա կամքին թողնելով՝ ասում է. «Տե՛ր, լավ է, որ այստեղ մնանք, և եթե կամենաս, երեք տաղավար կշինենք. մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի, մյուսը՝ Եղիայի համար», քանի որ Հիսուսի փառքը տեսնելուց հույժ ոգևորված՝ ուզում է, որ այնտեղ հանգիստ ու խաղաղ մնան, որովհետև գիտեր, որ հրեաները նրա դեմ թշնամությամբ և ատելությամբ էին զինված:

Սակայն որովհետև Հիսուսը մարդկային ցեղը մեղքի գերությունից փրկելու համար կամովին պիտի խաչվեր, այդ պատճառով Պետրոսն այս պարագայում ևս չհասկացավ, թե ի՛նչ էր խոսում, քանի որ երկյուղով պաշարված էին: Մինչ նա խոսում էր, նրանց վրա իբրև հովանի իսկույն լուսավոր մի ամպ  երևաց, որի միջից մի ձայն լսվեց, թե՝ «Սա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ. սրա՛ն լսեք»:  Այս ձայնից սաստիկ վախեցած՝ երեսնիվայր ընկնում են: Ահա այդ ժամանակ Մովսեսն ու Եղիան աներևութանում են, և ամպն էլ ցրվում է: Հիսուսը, նրանց մոտենալով, օգնում է, որ ոտքի կանգնեն՝ ասելով, «Ոտքի՛ ելեք և մի՛ վախեցեք»: Եվ երբ ելնելով  շուրջն են նայում, Հիսուսից բացի ոչ ոքի չեն տեսնում  իրենց մոտ:

Լեռից իջնելու ժամանակ Հիսուսն աշակերտներին պատվիրում է, որ իրենց տեսած տեսարանը ոչ ոքի չպատմեն, մինչև որ ինքը մեռելներից հարություն առնի: Որովհետև եթե նրանք այդ ժամանակ պատմեին, հնարավոր է, որ լսողները, կեղծիք համարելով, չհավատային: Ինչպես որ (ԼԴ. հարցում հիշվածի նման) նախկինում ևս միևնույն պատճառով պատվիրել էր նրանց, որ ոչ ոքի չասեն, թե ինքը Մեսիան է: Ճիշտ է,  Հիսուսը թե՛ խոսքով և թե՛ գործով իր աստվածությունը շատ անգամ հայտնեց, սակայն նրա հարությունից առաջ չհավատացին: Ինչպես որ նրա աշակերտներն անգամ նրա հարությունից հետո հավատացին թե՛ ավելի վաղ նրա ասածներին իրենց և թե՛ Սուրբ Գրքում նրա մասին գրվածներին (այս մասին տե՛ս նաև ԺԶ. հարցը):

Իհարկե, Հիսուսի պատվերի համաձայն՝  առաքյալները լեռան վրա իրենց տեսած փառքի մասին այն ժամանակ ոչ մեկի չպատմեցին, սակայն «Մեռելների հարություն առնելն ի՞նչ պիտի լինի» ասելով՝ խորհրդակցում էին իրար հետ: Այո՛, Հիսուսը հայտնել էր, որ ինքը պետք է չարչարվի ու մեռնի և ապա հարություն առնելով՝ մարդկանց դատի, բայց նրա այս խոսքերի իմաստը կատարելապես ըմբռնած չլինելով՝ խորհում էին, թե հնարավոր է, որ մեռնելուց առաջ պետք է մարդկանց դատաստանը տեսնի:  Ուստի երբ ասաց, թե՝ «Ձեր տեսած փառավոր տեսարանը ոչ մեկի մի՛ պատմեք, մինչև հարություն առնեմ», կարծում են, թե նրա հարության, ինչպես նաև դատաստանի օրը մոտեցել է:

Սակայն քանի որ Սուրբ Գրքում գրված է (Մաղ. 4:5), որ դատաստանի օրվանից առաջ Եղիան պետք է գա. օրենսգետներն ասում էին, թե Եղիայի գալը կարևոր է: Եվ քանի որ նա դեռ չէր եկել, աշակերտներն իրենց տարակուսանքը փարատելու փափագով Հիսուսին հարցնում էին, թե՝ «Ինչո՞ւ են օրենսգետներն ասում, որ պետք է նախ Եղիան գա»: Այս հարցին ի պատասխան՝ Հիսուսն ասում է, որ Եղիան իրոք կգա և կհաստատի ամեն բան, և ավելացնում է, որ նա արդեն իսկ եկել է, և նրա հետ վարվեցին, ինչպես որ կամեցան: Այստեղ նաև վերստին կրկնում է, որ ինքն էլ նրանց (հրեաների) ձեռքով պետք է չարչարվի: Այնժամ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին ասաց, թե նա արդեն եկել է:

Հրեաների ողորմելի վիճա՛կը տես. որովհետև Սուրբ Գրքի հայտնության համապատասխան՝ Մեսիան երկու անգամ աշխարհ պիտի գար: Ինչպես որ Գեդեոնի կալում դրված գեղմի վրա (հիշատակված է չորրորդ դարի Ը. հարցում) գիշերով  ցող իջավ, այնպես էլ Հիսուսն առաջին անգամ մարդկանց փրկության համար խոնարհությամբ եկավ անձայն ու գաղտնի և բոլոր մարդկանց համար առաքինության օրինակ լինելով՝ բոլորին հայտնեց իր հրամանը, աշխարհի վերջում էլ երկրորդ անգամ պիտի հայտնապես գա մեծ փառքով և անհամար հրեշտակներով, որ դատի մարդկանց, որպեսզի իր առաջին գալստյան ժամանակ իրեն հավատացողներին և կատարյալ հնազանդությամբ իր հրամանին հնազանդվողներին արքայության արժանացնի, իսկ անհանզանդներին ու անհավատներին էլ դժոխքի հավիտենական տանջանքների դատապարտի, ինչպես որ Դավիթ մարգարեն այս աշխարհ նրա կրկնակի գալստյան մասին գրել է աստվածային ազդեցությամբ: Ահա այս երկու գալուստների ժամանակ Հիսուսին նախորդող նաև մեկական Եղիա պիտի լիներ. մեկը՝ անունով Եղիա, մյուսը՝ գործով ու վարքով: Առաջին գալստյանը Հովհաննես Մկրտիչը առաջնորդող ու կարապետ  եղավ, բայց որովհետև Եղիայի նման միշտ նախանձախնդիր էր Աստծու փառքին, Հիսուսը նրան Եղիա անունով է հիշատակում: Երկրորդ գալստյան ժամանակ նույն ինքը Եղիա մարգարեն պիտի կարապետի մեր փրկչին և դատավորին: Սակայն հրեա ընթերցողները, Սուրբ Գրքին ուշադրություն չդարձնելով, նրա առաջին գալուստը չիմացան և միայն երկրորդ գալստյան վրա հույս դնելով՝ տգիտաբար չկարողացան ճանաչել նրան:

Ինչպես վերևում հիշվեց, Հիսուսը Թաբոր լեռան վրա իր փառքը ցույց տալուց հետո՝ հաջորդ օրը, երեք առաքյալների հետ լեռից իջավ, և երբ մոտեցան մյուս առաքյալների հավաքված տեղին, տեսան, որ այնտեղ շատ բազմություն և օրենսգետներ հավաքված վիճում էին նրանց հետ: Որովհետև մի մարդու մինուճար որդին, որ մանկությունից դիվահարության ախտով էր տառապում և ծանր հիվանդ էր, շատ անգամ ինքն իրեն կրակի և ջրի մեջ էր նետել: Հիսուսը Թաբոր լեռից տակավին չիջած՝ հայրը որդուն բերել էր Հիսուսի մոտ բժշկվելու, բայց այնտեղ նրան չգտնելով՝ տարել էր առաքյալների մոտ, որոնք չէին կարողացել բժշկել հիվանդին:

Իհարկե, նրանք մինչ այդ  դիվահարներ բժշկել էին, սակայն երբ այս անգամ չկարողացան. օրենսգետները, որոնք միշտ նախանձում էին Հիսուսին ու նրա աշակերտներին, այս իրավիճակը հարմար առիթ համարելով, զանազան մեղադրանքներով վիճում էին առաքյալների հետ: Նույն պահին ժողովուրդը, Հիսուսի գալը տեսնելով, իսկույն նրան ընդառաջ է շտապում և հարգանքի ու զարմանքի արտահայտություններով ողջունում է նրան, որ հարցնում է, թե ինչո՛ւ էին վիճում: Թեև նրան հայտնի էր նրանց վիճաբանության պատճառը, բայց հատուկ հարցնում է, որպեսզի նրանք խոստովանեն. ինչպես որ դիվահարի հայրը, որդու հիվանդության ու կրած չարչարանքների մասին իրապես պատմելով, ծնկի եկած աղաչում է նրան, որ գթա իրեն:

Հիսուսը սաստում է նրանց և հրամայում հիվանդին իր մոտ բերել: Երբ հրամանը կատարում են, դիվահարը, իսկույն ցնցվելով, սկսում է գետնին թավալվել ու փրփրել: Թեև Հիսուսը գիտեր, թե նա որքան ժամանակից ի վեր է ենթակա այդ ախտին, այդուհանդերձ իր զորությունը բոլորին ցույց տալու համար հարցնում է նրա հորը, թե որքան ժամանակ է, որ այդ հիվանդությունն ունի: Հայրը պատասխանում է, թե մանկությունից, և հավելում. «Եթե կարող ես, օգնի՛ր մեզ գթությամբ»:

Հիրավի, այդ խոսքով նա իր հավատի թերությունն էր ցույց տալիս, սակայն Հիսուսը,  առանց նրան հայտնապես հանդիմանելու, ասում է. «Ամեն ինչ հնարավոր է նրանց համար, ովքեր հավատում են»: Հայրը, հասկանալով իր մեղքը, իսկույն բացականչում է. «Հավատում եմ, Տե՛ր, ների՛ր անհավատությունս»՝ նորից աղաչելով, որ գթալով օգնի իրեն: Եվ որովհետև բազում ժողովուրդ էր հավաքված այնտեղ, Հիսուսը, տեսնելով այդ խուռն բազմությունը, դևին հրամայում է՝ ասելով. «Հրամայում եմ քեզ ելնել այդ մարդուց և այլևս չմտնել նրա մեջ»: Այս հրամանի վրա դևն իսկույն ելավ, բայց պատանին այն աստիճանի ցնցվեց, որ թվաց, թե մեռավ: Եվ Հիսուսը, նրա ձեռքից բռնելով, ոտքի հանեց և հանձնեց հորը:

Այս հրաշքն ու մինչև այդ  Հիսուսի գործած բոլոր հրաշքները նկատի առնելով՝ ամբողջ ժողովուրդն ահ ու զարմանքի մեջ մնաց, իսկ Հիսուսն այնտեղ նորից հայտնեց իր աշակերտներին, որ ինքը մարդկանց ձեռքով պետք է չարչարվի ու մեռնի և երրորդ օրը հարություն առնի, որպեսզի երբ ինքը չարչարանքով մեռնելու լինի, իմանալով, որ ինքը կատարյալ Աստված և կատարյալ մարդ է,  իրենց տեսածները մտաբերեն և թույլ  չտան, որ իր նկատմամբ իրենց հավատը տկարանա:

Որովհետև ինչպես որ ամենակարող լինելով՝ հրաշագործում էր, այդպես էլ ողորմած լինելով՝ մարդկանց փրկության համար չարչարանքով պիտի մեռներ հոժարակամ:  Սակայն առաքյալները նրա խոսքը չըմբռնեցին և երկնչելով հարցնել՝ սաստիկ տրտմեցին: Հետո, երբ Հիսուսը տուն եկավ, նրանք առանձին հարցրին Հիսուսին, թե ինչո՛ւ իրենք չկարողացան դիվահարից դևը հանել: Նա պատասխանեց, որ իրենց թերահավատության պատճառով էր: Արդարև, քանի որ այս պարագայում նրանք թերացել էին, ասում է նրանց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, երբ լեռանն ասելու լինեք՝ «Այստեղից մի ուրիշ տեղ գնա՛», իսկույն պիտի տեղափոխվի, և ձեզ համար անհնարին բան չպիտի լինի»:

Հիսուսն այս կերպ հրաշագործելու համար հավատի հարկ եղած զորությունը առաքյալներին հայտնելուց հետո, նաև նրանց իմացնելու համար, թե սատանայի վրա իշխելու և նրա զորությանը հաղթելու գործը կարիք ունի աղոթքի և ծոմապահության, հավելում է՝ ասելով. «Այսպիսի սատանան միայն աղոթքով ու ծոմապահությամբ կելնի»:

Եվ երբ որ այնտեղից Կափառնայում քաղաքը եկան, երկդրամյան տուրք հավաքողները Պետրոսին հարցնում են, թե՝ «Ձեր վարդապետը տուրքը չի­՞ տալիս»: Նա պատասխանում է, թե՝ «Այո՛, տալիս է»: Սակայն քանի որ բոլորի մտքերը Հիսուսին հայտնի էին, տուն գալուց հետո՝ Պետրոսը իրեն դեռ հարց չուղղած, Հիսուսն ինքը հարցնում է. «Ի՞նչ ես կարծում, թագավորները ումի՞ց են հարկ վերցնում՝ իրենց որդիների՞ց, թե՞ օտարներից»: Երբ նա պատասխանում է, թե օտարներից են վերցնում, այնժամ Հիսուսն ասում է. «Ուրեմն որդիներն ազատ են հարկից, բայց նրանց չգայթակղեցնելու համար գնա՛, կարթը ծո՛վը գցիր և առաջին հանդիպած ձկան բերանը բացելով՝ բերանում չորս արծաթ դրամ պիտի գտնես: Վերցրո՛ւ այն և նրա՛նց տուր քո և իմ տեղը»:

Արդարև, Պետրոսը Հիսուսի հրամանին համապատասխան հարկի խնդիրը լուծեց, բայց նույն օրը առաքյալները Հիսուսին հարցնում են, թե՝ «Մեզնից ո՞վ պետք է մեծ լինի երկնային թագավորության մեջ»:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․