Հրեաները, Հիսուսին քարկոծելու իրենց անկարողությունը տեսնելով, իմացա՞ն նրա զորությունը և դարձի գալով՝ փոխեցի՞ն իրենց չար ընթացքը:

Բնավ երբեք, ընդհակառակը՝ նրան հավատացողներին էլ պատժեցին: Որովհետև տաճարից հեռանալուց հետո Հիսուսը ճանապարհին ի ծնե կույր մի մուրացիկ մարդ է տեսնում և նրան գթալով՝ կամենում է բժշկել: Առաքյալները նրա մասին հարցնում են Հիսուսին, թե ո՛ւմ մեղքի պատճառով է այդ մարդը կույր ծնվել, ի՞ր, թե՞ հոր կամ մոր մեղքն է նրա կույր ծնվելու պատճառը: Նա պատասխանում է, որ պատճառը ո՛չ  իր, ո՛չ էլ ծնողների մեղքն է, այլ նրա միջոցով պետք է Աստծու գործը հայտնվի:

Թեպետ մեղանչող ամեն մարդ անպատճառ պատիժ է կրում, սակայն աշխարհում պատահած բոլոր պատիժների կամ տառապանքների պատճառը մարդկանց մեղքերը չեն, այլ երբեմն Աստծու գաղտնի և իմաստուն դատաստանով են առաջ գալիս դրանք և մարդկային խելքին հասու չեն: Ի ծնե կույր մարդու դեպքը հենց այս կարգից  էր: Այդ պատճառով Հիսուսը, գետնի վրա թքելով, կավ է պատրաստում, և այդ կավը նրա աչքերին քսելով՝ ասում է մարդուն. «Գնա՛, Սելովամի ջրով լվա՛ աչքերդ»: Նա էլ երբ գնում  ու լվացվում է, իսկույն ամբողջովին բժշկվում է:

Սակայն նրա հարևաններն ու նախկինում նրան կույր տեսած անձինք զարմանալով իրար հարցնում են. «Այս մարդը նա չէ՞, որի համար ասվում էր, թե կույր է ծնվել և որ մուրացիկ էր այստեղ»: Ոմանք ասում էին, թե նա է, իսկ ուրիշներն ասում էին, թե ոչ, այլ նման է նրան: Իսկ ինքն ասում էր՝ ես եմ: Ուստի հարցնում են, թե աչքերդ ինչպե՞ս բացվեցին, որին նա պատասխանում է, թե Հիսուսը բժշկեց իրեն: Նրանք հարցնում են, թե ո՛ւր է նա, քանի որ Հիսուսը, այնտեղ չմնալով, ուրիշ տեղ էր գնացել: Այդ պատճառով բժշկվածն ասում է՝ չգիտեմ: Նրա այս պատասխանի վրա նրան վերցնում ու տանում են փարիսեցիների մոտ:

Հիսուսի այս հակառակորդները ևս հարցնում են, թե ինչպես է տեսնում: Մարդը շտապում է պատասխանել. «Աչքերիս վրա կավ դրեց, լվացվեցի ու տեսնում եմ»: Որովհետև այդ հրաշքը շաբաթ օրն էր կատարվել, նրանք Հիսուսին մեղադրելու համար ասում են. «Այդ մարդն Աստծուն հաճելի մեկը չէ, քանի որ շաբաթը չի պահում»: Սակայն շատերն էլ սկսում են առարկել, թե մեղավոր մի մարդ ինչպե՞ս կարող է  այսպիսի հրաշքներ գործել: Եվ այսպես նրանց միջև տարաձայնություն է ծագում:

Այս անգամ դառնում ու բժշկված մարդուն են հարցնում, թե դո՛ւ ինչ կասես այն անձի մասին, որ քեզ բժշկեց, քո աչքերը բացեց: Նա պատասխանում է, թե մարգարե է: Սակայն փարիսեցիները, չհավատալով, որ նա իրոք կույր է եղել, կանչում են նրա ծնողներին և նրանց հարցնում. «Սա՞ է ձեր որդին, որի համար ասում էիք, թե կույր ծնվեց: Այժմ ինչպե՞ս է տեսնում ուրեմն»: Ծնողները պատասխանում են այդ չարամիտներին, թե՝ «Իրոք սա է մեր որդին, և նա կույր է ծնվել: Բայց թե այժմ ինչպե՛ս է տեսնում, և ո՛վ բացեց նրա աչքերը, չգիտենք: Ինքը չափահաս է արդեն, իրե՛ն հարցրեք»: Նրանք այս պատասխանը վախից տվեցին, որովհետև նախանձողները երդվել էին ժողովարանից արտաքսել այն մարդուն, որը Հիսուսի մասին կխոստովանի, թե՝ Նա է Մեսիան:

Նայի՛ր այս չարամիտ մարդկանց անզոր ու անճար վիճակին. որովհետև չկարողացան Հիսուսին պատժել, կամեցան նրան հավատացողներին պատժել: Այսուհանդերձ, բժշկված կույրից հանդիմանություն լսեցին իրենց հայտնի անիրավության համար, որովհետև նրան վերստին կանչելով՝ ասացին, թե՝ «Շնորհակա՛լ եղիր Աստծուց, որովհետև մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է», նա պատասխանեց, թե՝ «Ես չգիտեմ մեղավոր լինելը, այլ այն գիտեմ, որ կույր էի և հիմա տեսնում եմ»:

Արդարև այս պատասխանը մեծ հանդիմանություն և  անարգանք էր նրանց համար, բայց նրանք չհասկանալով նորից հարցնում են, թե՝ «Ի՞նչ արեց քեզ և ինչպե՞ս բացեց աչքերդ»: Այս անգամ բժշկվածը սրտնեղած պարզորոշ հայտնում է նրանց իր դժգոհությունը՝ ասելով. «Նոր ասացի ձեզ, մի՞թե չլսեցիք: Կուզե՞ք դուք ևս նրան աշակերտել»: Ահա նրա այս համարձակ պատասխանի վրա սկսում են անպատվել՝ ասելով. «Դո՛ւ նրան աշակերտ եղիր, մենք Մովսեսի աշակերտներն ենք, մենք գիտենք, որ Աստված խոսեց Մովսեսի հետ, բայց չգիտենք, թե որտեղի՛ց է այս մարդը»: Կույրը դրան դարձյալ պատասխանում է. «Հենց դա է զարմանալին, որ դուք չգիտեք՝ որտեղի՛ց է նա, իսկ նա իմ  աչքերը բացեց: Լսված չէ, որ մեկը կույր ծնված մարդու աչքը բացի: Եթե այդ մարդը Աստծուն հաճելի չլիներ, ոչինչ անել չէր կարող»:

Այս վերջին խոսքերին այլ կերպ չկարողանալով պատասխանել՝ նրան անարգելու համար կատաղությամբ ասում են կույրին. «Դու մեղքի մեջ ես ծնվել և մեզ վարդապե՞տ ես ուզում լինել»: Եվ կույրին բարկությամբ անմիջապես դուրս են հանում ժողովարանից:

Հիսուսը, լսելով, որ նրան դուրս են հանել, երբ գտնում է բժշկված մարդուն, հարցնում է. « Դու հավատո՞ւմ ես Աստծու Որդուն»: Նա պատասխանում է՝ «Տե՛ր, ո՞վ է, որ հավատամ»: Հիսուսն ասում է. «Նա է, որին տեսար, և որը քեզ հետ խոսում է»: Այդ պատճառով նա էլ, կատարյալ հավատով իսկույն Հիսուսի ոտքերն ընկնելով, երկրպագություն է մատուցում իր բարերար և երկնավոր վարդապետին:

Այդ ժամանակ Հիսուսը բացականչում է. «Դատաստանի համար եմ եկել այս աշխարհ: Այդ պատճառով ովքեր չեն տեսնում, պետք է տեսնեն, իսկ ովքեր տեսնում են, պետք է կուրանան»: Այնտեղ գտնվող փարիսեցիներից ոմանք, սա լսելով, ասում են. «Մի՞թե մենք կույր ենք»: Հիսուսը նրանց պատասխանում է. «Եթե կույր լինեիք, մեղքը ձերը չէր լինի, բայց քանի որ ասում եք, թե տեսնում եք, ձեր մեղքը հաստատվում է ու մնում ձեզ վրա»:

Արդարև, Հիսուսն իր դատաստանը հայտնեց այդ խոսքով, որովհետև փարիսեցիները, Գրքին տեղյակ լինելով, հպարտությամբ ու նախանձի կրքով վարակված՝ իրենց հոգու աչքերը կուրացրին և չկամեցան հավատալ: Սակայն աննախանձ և խոնարհամիտ մարդիկ հավատով Աստծու շնորներն ընդունեցին, որով նրանց հոգիների աչքերը բացվեցին երկնային փառավոր ճշմարտությունների համար:

Այժմ պատկերացրո՛ւ հրեաների  թշվառ ու դժբախտ կացությունը, որովհետև Հիսուսի խոսքերից ու գործած հրաշքներից արևի լույսի պես պարզ էր, որ նա է Մեսիան, բայց նրանք իրենց չարության պատճառով չկարողացան ճանաչել նրան, ինչպես որ վերոհիշյալ փարիսեցիները նախանձի պատճառով ոչ միայն իրենք չհավատացին, այլև հավատալու հոժորամիտ մարդկանց էլ պատժելու չափ առաջ գնացին: Խաբեբա անձինք էլ իրենք իրենց իբրև Մեսիա ներկայացնել կամեցան և ոմանց կորստյան պատճառ եղան: Բարեբախտաբար, ժողովուրդը նրանց չլսեց, քանի որ նրանք գող ու ավազակ մարդկանց նման չարագործ, անիրավ ու նենգամիտ անձինք էին:

Այս պատճառով Հիսուսը, որպեսզի ցույց տա, որ ինքն է ճշմարիտ Մեսիան և որ Սուրբ Գրքի պատգամների համաձայն՝ ինքն ունի այն բոլոր նշանները, որոնք հաստատում են Մեսիայի անձնավորությունը և նրա պաշտոնը երկրի վրա, այլաբանական իմաստով մի առակ է պատմում: Նրանում սուրբ եկեղեցին նմանեցնում է ոչխարների փարախի, հավատացյալներին՝ ոչխարների, իսկ իրեն նմանեցնում է փարախի դռանը, քանի որ մարդիկ առանց Հիսուսին հավատալու և սուրբ եկեղեցու հոգևոր իշխանության տակ մտնելու ու Նրա պատվերները կատարելու երբեք չի կարող Աստծու արքայությունը ժառանգել: Հիսուսն իրեն նմանեցնում է նաև քաջ հովվի, քանի որ ինչպես քաջ հովիվը ոչխարների ապահովության համար իր անձն անգամ կզոհի, այնպես էլ Հիսուսը իր անձը զոհեց մարդկանց փրկության համար:

Սրա համար պետք է վախենան նրանք, ովքեր ժողովրդի հոգևոր իշխանության  գլուխ են կանգնած, քանի որ եթե հոգ չտանեն իրենց խնամքին հանձնված հոգիները մեղքից հեռու պահելու մասին և միայն իրենց հանգիստն ու մարմնավոր շահը նկատի ունենան, այդպիսիք, անտարակույս, սաստիկ պատիժ են կրելու և արժանի են, քանի որ փոխանակ ժողովրդի հոգևոր փրկության գործը միշտ իրենց հոգածության առարկան դարձնեին, ինչպես որ պարտական էին, աններելի անձնասիրությամբ  իրենց սեփական շահերին ու զվարճություններին նվիրեցին այն անգին ժամանակը, որ Աստված իրենց պարգևել էր մարդկանց հավիտենական փրկությունը հոգալու համար:

Ահա այս պարագայում Հիսուսը պարզորոշ հայտնեց, թե ինքն է ամենքի Տերը, որ ամենքի վրա իշխում է, թե Հայր Աստծու հրամանով կամավորապես պետք է չարչարվի ու մեռնի և ապա իր սեփական զորությամբ մեռելներից հարություն առնելով՝ երկինք  համբարձվի: Դրանից հետո հեթանոսներն իր առաքյալների քարոզությամբ հավատի պիտի դառնան և քրիստոնեական սուրբ եկեղեցուն անդամակցեն: Ինքը նրանց առջևից պիտի գնա, և նրանք իրեն պիտի հետևեն, ինքը արդարներին արքայության պիտի արժանացնի՝ մեղավորներից զատելով, իսկ մեղավորներին դժոխքի տանջանքների պիտի դատապարտի: Եվ այսպես բոլոր արդար և սուրբ մարդիկ պիտի լինեն մեկ հոտ, և ինքը պիտի լինի նրանց հովիվը:

Հիսուսի այս խոսքերը լսելով՝ ոմանք սկսեցին ասել, թե նրա մեջ սատանա կա, իսկ ուրիշները՝ թե այսպիսի խոսքերը դիվահար մարդու գործ չեն. մի՞թե սատանան կարող է կույր մարդու աչքերը բացել: Եվ այս կերպ ժողովրդի մեջ  նորից հակառակություն էր առաջ գալիս:

Հիսուսին նախանձող հրեաներն այն ժամանակ Հիսուսի դեմ անարդար ու ապօրեն տարբեր բաներ ասացին, բայց նրա խոսքերի և գործերի մեջ ոչ մի թերություն, հետևաբար մահվան արժանի ոչ մի առիթ կամ պատճառ չգտնելով՝ որոշեցին ուրիշ նենգ միջոցի դիմել: Ուստի երբ տաճարի նավակատիքի տոնը եկավ, որ ձմեռ ժամանակ էր, և Հիսուսը Սողոմոնի սրահում շրջում էր, նրա մոտ ահագին բազմություն է հավաքվում, և ասում են իրեն, թե՝ «Մինչև ե՞րբ մեր հոգիները երկբայության մեջ պետք է տանջես: Եթե դու ես Մեսիան (Քրիստոսը), համարձակ ասա՛ մեզ այժմ»:

Չարամիտ և նենգավոր հրեաների միտքն այն չէր, որ նրա Մեսիա լինելն իմանալով՝ իրոք հավատային: Պարզապես նրան սպանելու դիտավորությամբ են այդ հարցն ուղղում, քանի որ ըստ նրանց թյուր կարծիքի՝ Մեսիայի գալու ժամանակ իբր մի մարմնավոր թագավոր պետք է ամբողջ աշխարհի վրա իշխեր: Ուստի այդ հարցը տալիս են, որպեսզի եթե Հիսուսը բոլորի ներկայությամբ բացահայտ ասի, թե ինքն է Մեսիան, աշխարհիկ իշխանություններին հանձնեն նրան իբրև իշխանության հետամտող թեկնածուի, իսկ եթե ասի, թե Մեսիան չէ, իրենք կքարկոծեն նրան՝ իբրև Աստծուն հայհոյողի, քանի որ նախկինում շատ անգամ էր իրենց ասել, թե ինքն է Աստծու Որդին ու Մեսիան:

Արդարև, նրանք այս պարագայում արժանի էին պատժի, որովհետև մինչ այդ  ժամանակ զանազան առակներով շատ անգամ էր հայտնել նրանց, թե ինքն է Մեսիան, և հատկապես նրա գործած հրաշքներից արևի պես հայտնի էր արդեն, ուստի փոխանակ հավատալու՝ խուռն բազմությամբ ելնում են պարզելու, ինչ գիտեին կամ բազմիցս լսել էին: Թեպետ Հիսուսը գիտեր նրանց միտքը, բայց իր անսահման ողորմությամբ նրանց անզգամությունն իրենց երեսին չի զարկում, ընդհակառակը՝ հեզ ու խոնարհ եղանակով պատասխանում է նրանց, որպեսզի ըմբռնելով իր մարդասիրական վարմունքը՝ զգաստանան և ուղղվեն:

Ճշմարիտ է, որ այս անգամ բացահայտ չի ասում, թե ինքն է Մեսիան, սակայն նրա ասած խոսքերից ամեն կերպ հասկացվում էր, որովհետև վճռում է, որ նրանք, ովքեր կհավատան իրեն և իր հետևից կգնան, չպիտի կորչեն, այլ հավիտենական կյանքի պիտի հասնեն: Նաև հայտնում է, թե ինքը մի է Հայր Աստծու հետ: Եվ որովհետև նրանք, վաղուց ի վեր արդեն թշնամացած լինելով, պատրվակ էին փնտրում իրենց կիրքը հագեցնելու, նրա խոսքերը լսելով՝ իրենց սրտում եղած ատելությունն են հայտնում.  իսկույն քարեր են վերցնում նրան քարկոծելու համար, բայց անկարող են գտնվում, քանի որ եթե նրա կամքով չէր, անհնար էր ձեռք բարձրացնել նրա վրա: Եվ Հիսուսը, այնտեղից ելնելով, Հորդանան գետի այն կողմն անցավ, որտեղ առաջ մկրտում էր Հովհաննեսը (տե՛ս ԺԷ. հարցում):

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․