Երբ Հիսուսը չորսօրյա մեռյալին կենդանացրեց, փարիսեցիները, այդ լսելով, ուղղվեցի՞ն արդյոք:

Բնավ ո՛չ, հատկապես է՛լ ավելի չարացան: Թեպետ նրանք միշտ թշնամի էին Հիսուսին, բայց այդ մեծ հրաշքից հետո ժողովրդի մեջ նրա անվան չափազանց շատ փառավորվելու պատճառով նրանց սրտի նախանձն այն աստիճան սաստկացավ, որ քահանայապետների հետ միաբանված՝ նրան սպանելու նպատակով ժողով հրավիրեցին: Սակայն տեսնելով, որ նրա վրա ոչ մի հանցանք չեն կարող գտնել, սկսեցին մտատանջությամբ միմյանց ասել. «Ի՞նչ պիտի անենք. այդ մարդը շատ հրաշքներ է գործում: Եթե այդպես ազատ թողնենք նրան, ամբողջ ժողովուրդը նրան կհավատա և հռոմեացիները գալով մեր ազգն ու հայրենիքը բոլորովին կգրավեն և մեզ կբնաջնջեն»:

Նայի՛ր դու այդ նախանձողների ողորմելի վիճակին: Դրա համար հարկ չկար մտատանջվել և ասել՝ ի՞նչ անենք, այլ միայն պետք էր հավատալ, քանի որ Հիսուսի գործած հրաշքները հայտնի ապացույց էին, որ նա է Մեսիան, բայց քանի որ Ս. Գրքին ուշադրություն չէին դարձնում և մանավանդ խիստ հպարտ էին ու նախանձ, նրանց հոգու աչքերը փակված էին, ուստի ոչ միայն իրենք չհավատացին,  այլև ժողովրդի մեջ հավատացողներից շատերին խռովելու համար հռոմեացիներին էին պատճառ բռնում:

Այսուհանդերձ այդ խոսքն էլ սուտ էր և նրանց համար մեծ նախատինք, քանի որ Հիսուսը դեռ աշխարհ չեկած՝ Հրեաստանն արդեն հռոմեացիների իշխանության տակ էր, և դրա պատճառն իրենք էին (ինչպես որ ԼԸ. հարցում հիշվեց): Երբ այսպես շվարած՝ ժողովականները չգիտեին՝ ինչ պետք էր անել, նրանցից մեկը, որի անունը Կայիափա էր, և որը նույն տարվա քահանայապետն էր, իրեն մյուսներից առավել գիտակ համարելով՝ ասում է նրանց. «Դուք ոչինչ չգիտեք: Փոխանակ թողնենք, որ ամբողջ ազգը կորչի, լավ է, որ ազգի համար մի մարդ մեռնի»:

Թեպետ հիշյալն իր խռովասեր մտքով Հիսուսի հանդեպ թշնամություն էր խորհում, բայց որովհետև քահանայապետն էր, Աստված խոսել տվեց նրան, քանի որ Հիսուսը իսրայելացիների և մանավանդ ողջ մարդկության փրկության համար պետք է մեռներ: Այնժամ բոլոր ժողովականները միաբան խորհրդով որոշեցին սպանել Հիսուսին: Սակայն Հիսուսը, նրանց մտադրությունն իմանալով, վերցնում է առաքյալներին ու գնում Եփրայիմ քաղաքը, բայց  ոչ թե վախից, այլ որովհետև իր մեռնելու ժամանակը դեռ չէր հասել:

Այն ժամանակ Բաղարջակերաց տոնը մոտ էր, և այդ պատճառով շատերն էին Երուսաղեմ եկել: Երբ Հիսուսին են փնտրում, զարմանում են, որ նա չի եկել տոնի համար, որովհետև քահանայապետներն ու փարիսեցիները պատվիրել էին, որ եթե մեկն իմանա, թե նա որտեղ է, իրենց լուր տա, որպեսզի մարդ ուղարկելով՝ Հիսուսին բռնել տան իրենց մարդկանց ձեռքով:

Հիսուսը, որ ինչպես վերևում հիշատակվեց, Եփրայիմ էր գնացել, մտադրվում է այնտեղից դարձյալ Երուսաղեմ գնալ, և Սամարիայի ու Գալիլեայի գավառի մեջտեղով անցնելիս, երբ մի գյուղ է մտնում, տասը բորոտներ են հանդիպում իրեն, որոնք հեռվում կանգնած՝ բարձրաձայն աղաղակում էին. «Հիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ»: Պատասխանում է նրանց, թե՝ «Գնացե՛ք, ձեզ ցո՛ւյց տվեք քահանային»: Այս խոսքը նրա բերանից ելնելուն պես նրանք իսկույն բժշկվեցին: Նրա հրամանի համաձայն գնացին և իրենց ցույց տվեցին քահանային, որովհետև այս կերպ հիվանդությունից ազատվող մարդիկ, ըստ օրենքի, պարտավոր էին քահանային ցույց տալ իրենց, որպեսզի քահանան հաստատի նրանց բժշկվելը (Ղևտ. 14:2):

Արդարև, քահանաները հաստատեցին հիշյալ տասը մարդկանց առողջանալը, բայց նրանցից ինը, որ իսրայելացի էին, հետ չեկան և Հիսուսից շնորհակալ չեղան: Միայն մեկը, որ սամարացի էր, իսկույն հետ դառնալով՝ բարձրաձայն փառաբանում է Աստծուն ու Հիսուսի ոտքերն ընկնելով՝ շնորհակալ է լինում նրա բարերարության համար: Իմանալով, որ բոլորն էլ բժշկված են, Հիսուսը հարցնում է՝ ասելով. «Չէ՞ որ դրանք տասը հոգի էին: Մնացածներն ո՞ւր են»: Եվ այսպես նրանց ապերախտությունը բացահայտելուց հետո, երախտագետ բժշկվածի հավատը գովելով, ասում է. «Ե՛լ և գնա՛, քանի որ հավատդ բժշկեց քեզ»:

Այնուհետև Հիսուսը կամեցավ, որ Երիքով քաղաք գնալով՝ Զակքեոս անունով մի մարդու ևս ողորմություն անի: Ճանապարհին նորից առաքյալներին առանձին հայտնում է, թե Երուսաղեմ պիտի գնա և այնտեղ խաչի վրա բարձրանալով՝ պիտի մեռնի և երեք օրից հարություն պետք է առնի, ինչպես որ դրանից առաջ շատ անգամ ասել էր նրանց, որպեսզի նրանց հավատը չխախտվի, և չգայթակղվեն, քանի որ հրեաները ոչ թե իրենց կամքի համաձայն կարող էին սպանել նրան, այլ պետք է ինքը կամավորապես մեռներ մարդկությանը  մեղքի ու սատանայի գերությունից ազատելու համար, ինչպես որ Ս. Գրքում մարգարեների ձեռքով գրված էր իր մասին:

Բայց թե ինչպես  պետք է պատահեր Հիսուսի այդ տխուր դեպքը, առաքյալները չկարողացան ըմբռնել, քանի որ դա իրենց խելքին տակավին հասու չէր: Միայն զարմանում էին նրա արտասանած խոսքերի և ճանապարհին իրենցից առաջ գնալու վրա  և վախենում էին հարցնել:  Հիսուսի այդ խոսքերից Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոս և Հովհաննես առաքյալները, իմանալով, որ նա քիչ ժամանակ անց պետք է մեռնի և հարություն առնի, իրենց մոր՝ Սողովմեի միջոցով և իրենց իսկ աղաչանքով խնդրում են Հիսուսին հրաման տալ, որ երկնավոր թագավորության փառքի մեջ  մեկը նրա աջ կողմում բազմի, մյուսը՝ ձախ կողմում:

Եվ որովհետև Հիսուսը չարչարանք էր կրելու, այդ պատճռով այն այլաբանորեն մի բաժակի և մկրտության նմանեցնելով, խնդիրը նրանց կամքին է թողնում, որովհետև եթե այդ բաժակն ըմպեն (խմեն), անշուշտ իրենց փափագը կիրագործվի, ինչպես որ Հայր Աստծու կողմից նախապատրաստված է այն խմողների համար: Արդարև, քանի որ Հիսուսի նկատմամբ երկու  առաքյալ եղբայրների սերը խիստ մեծ էր և ուժգին, նրանք հոժարակամ իրենց արյունը թափեցին ի սեր նրա և այդպես իրենց խնդրանքի կատարմանն արժանացան:

Այդ առիթով թեև մյուս առաքյալները Հակոբոսի և Հովհաննեսի  վրա բարկացան, բայց Հիսուսը, նրանց իր մոտ կանչելով, ասում է. «Ազգի մեծամեծներն ու իշխանները իշխում են նրանց վրա, իսկ ձեր մեջ պետք չէ՞, որ այդպես լինի: Եթե ձեզնից մեկը ուզում  է մեծ և առաջինը լինել, թող ծառա և սպասավոր լինի ձեզ»: Ահա այս խրատով հորդորում է առաքյալներին, որ փառասիրական  տենչանքով իրենց միջև հակառակություն չսնուցեն, քանի որ նրանք դեռ բոլոր առումներով կատարելությւն չէին հասել: Նրանց համար օրինակ է բերում իրեն, որ ոչ թե ծառայություն ընդունելու, այլ ծառայելու էր եկել աշխարհ, ավելին, շատերի փրկության համար իր անձը նվիրելու էր իր ազատ կամքով և հոժար սրտով:

Երբ Հիսուսը Երիքով քաղաք էր գնում, նրա հետևից ու առջևից շատ ժողովուրդ էր գնում: Այդ միջոցին մի մուրացիկ և կույր մարդ, որ նստած էր քաղաքի մերձակա ճանապարհի վրա, ահագին բազմության անցնելը տեսնելով՝ հարցնում է, թե ի՛նչ է դա, և նրան պատասխանում են, որ Նազովրեցի Հիսուսն է անցնում: Նախկինում լսած լինելով Հիսուսի գործած հրաշքների մասին՝ նա սկսում է աղաղակել. «Ո՛վ Հիսուս, որդի՛ Դավթի, ողորմի՛ր ինձ»: Եվ երբ Հիսուսի առջևից գնացող մարդիկ հանդիմանում են նրան, որ լռի, նա ավելի բարձր է աղաղակում:

Այնտեղ կանգ առնելով՝ Հիսուսը, կույր մուրացիկին իր մոտ է բերել տալիս ու հարցնում է. «Ի՞նչ ես կամենում, որ անեմ քեզ համար»: Նա իսկույն աչքերի համար տեսողություն է խնդրում: Այնժամ Հիսուսը, գթալով նրան, ասում է. «Տե՛ս, հավատդ քեզ բժշկեց»: Եվ ահա անմիջապես բժշկվելով՝ նա Հիսուսի հետևից է գնում, և ժողովուրդը, նրան տեսնելով, օրհնում է Աստծուն, քանի որ ժողովրդի բարեմիտ մասը, Հիսուսի գործած հրաշքներից քաջալերված, աստվածային անհուն ողորմության և անսահման բարերարության ապացույցն էր տեսնում այդ ժամանակ, և երախտագիտության արտահայտությամբ՝ շնորհակալ էին լինում նրա մարդասիրության համար:

Այնուհետև Հիսուսը, երբ Երիքով քաղաք գնալով, շրջում էր այնտեղ, Զակքեոս անունով մի մարդ, որ մաքսավոր էր և հարուստ, Հիսուսի գալստյան մասին լսելով, ցանկանում է տեսնել նրան: Սակայն հասակը կարճ լինելու պատճառով չի կարողանում իր փափագին հասնել՝ իսկույն առաջ է վազում և Հիսուսի անցնելիք ճանապարհին եղած մի ժանտաթզենու վրա է բարձրանում, որպեսզի երբ նա անցնելու լինի, կարողանա տեսնել: Երբ Հիսուսն այնտեղ  եկավ, այդ մարդու դիտավորությունն իմանալով՝ դեպի վեր նայեց և ասաց՝ «Զակքեո՛ս, շտապ իջի՛ր այդտեղից, որովհետև այսօր ձեր տանն եմ իջևանելու»:  Զակքեոսը, իսկույն իջնելով, մեծ ուրախությամբ իր տուն տարավ Հիսուսին: Բայց տեսնողները տրտնջում էին՝ ասելով, թե մեղավոր մարդու տանն իջևանեց:

Օրինա՛կ վերցրու Զակքեոսի ընթացքից, քանի որ թեև Երիքովում շատ մեծահարուստ մարդ էր, սակայն երբ Հիսուսին տեսնել ցանկացավ, բնավ հոգ չանելով, թե մարդիկ ինչ կասեն, վազելով ծառի վրա է ելնում նրան տեսնելու համար: Նրա հետ խոսելու կամ նրան իր տուն տանելու արժանի չհամարելով իրեն և մանավանդ դրա հույսը չունենալով՝ Հիսուսին  միայն տեսնել է ցանկանում: Իսկ քանի որ նրա սիրտը Հիսուսին հայտնի էր, Հիսուսը բարեհաճում է նրա տուն գնալ, որի հետևանքով Զակքեոսը, աստվածային շնորհներով լցված, դարձի է գալիս այն աստիճան, որ իր ունեցվածքի կեսը աղքատներին տալու և ոմանցից անիրավությամբ հափշտակածի փոխարեն քառապատիկը հատուցելու պատրաստակամություն հայտնելով՝ թողություն  գտավ: Քանի որ այդպիսի պատրաստակամությունը կամ խոստումը նրա անկեղծ զղջման նշան էր, այդ պատճառով Հիսուսը Զակքեոսին ասում է. «Այսօր այս տանը փրկություն եղավ»:

Ուրեմն ով ցանկանում է թողության արժանանալ, հարկ է, որ արհամարհելով այն, ինչ մարդիկ խորհում ու խոսում են իր մասին, միայն Տեր Հիսուս Քրիստոսի սիրով վառված՝ առաքինության շավղում երբեք չթերանա իր նվիրական և սուրբ պարտականություններում: Եվ այս կերպ միայն կարող է աստվածային գթության ու ողորմության արժանանալ: Այս պարագայում Երիքովը աշխարհի, իսկ Զակքեոսը մեղավորների օրինակ է, քանի որ ինչպես քաջ հովիվն է իր կորցրած ոչխարը որոնելով գտնում, այնպես էլ Հիսուսը, աշխարհ գալով, գտավ մարդուն, որ անիծյալ և չար սատանայի թելադրանքով մեղքի մեջ ընկած և առաքինության ու աստվածապաշտության շավղից բոլորովին հեռացած էր, որի պատճառով էլ ողորմելին հոգով իսկապես կորած էր:

Հիսուսի այդպիսի խոսքերը լսելով՝ ժողովրդից ոմանք կարծում են, թե նա, Երուսաղեմ գնալով, կարճ ժամանակում պիտի հայտնի իր թագավորությունը և Իսրայելի ժողովրդին  փրկի հռոմեացիների ձեռքից: Հիրավի, ժողովուրդն այսպես խորհեց, բայց որովհետև Հիսուսի թագավորությունը երկրային և մարմնավոր չէր, այլ երկնային և հոգևոր էր, և դա ևս իր երկրորդ գալստյան ժամանակ մեծ փառքով աշխարհին պիտի հայտնի, այդ պատճառով ի նշան և հապացույց այդ բանի՝ մի ազնվական մարդու մասին առակ է պատմում:

Մի ազնվական մարդ իր թագավորությունը ստանալու և հետ դառնալու համար հեռու աշխարհ գնաց: Այս առթիվ իր ծառաներին կանչելով՝ նա տասը մնաս է տալիս նրանց՝ իբրև դրամագլուխ, որպեսզի այն գործածելով շահեցնեն: Նրա քաղաքացիները, նրան ատելով, հետևից պատգամախոս են ուղարկում՝ ասելու, թե՝ «Չենք ուզում, որ նա մեզ թագավորի»: Սակայն ազնվականը իր թագավորությունը ստացավ և երբ վերադարձավ, կանչեց իր ծառաներին, որ նրանց հաշիվները ստանա:

Առաջինը, որ մեկի փոխարեն տասնապատիկ էր շահել, գովեստ է ստանում իր տիրոջ կողմից և տասը քաղաքի վրա իշխան է կարգվում: Երկրորդը, որ հինգ էր շահել, հինգ քաղաքի վրա է իշխանություն ստանում: Իսկ երրորդը, առաջ գալով, ասում է. «Ահա՛ տվածդ դրամագլուխը, որ քեզնից վախենալու պատճառով թաշկինակիս մեջ ծրարած պահել էի, որովհետև դու մի խիստ մարդ ես, չդրածդ վերցնում ես և չսերմանածդ՝ հնձում»: Սրան ի պատասխան՝ տերն ասում է. «Քո բերանով քեզ պետք է դատեմ, չար ու անհավա՛տ ծառա: Քանի որ գիտեիր, որ ես մի խիստ մարդ եմ և չդրածս վերցնում եմ ու չսերմանածս՝ հնձում, ինչո՞ւ իմ արծաթը դրամափոխներին չտվեցիր, որպեսզի գալով՝ ես տոկոսով պահանջեի այն»:

Երբ հիշյալ ծառայի չարությունն ու անպիտանությունը հայտնեց, տերը հրամայում է ծառաներին, որ դրամագլուխը նրանից վերցնելով՝ տան այն ծառային, որը տասնապատիկն էր շահել: Եվ երբ ասում են, թե նա արդեն տասը մնաս ունի, պատասխանում է, թե՝ «Ով ունի, թող նրան տրվի, իսկ ով չունի, թող նրանից եղածն էլ վերցվի»:  Սրանից բացի, ազնվականը հրամայում է նաև, որ իր թշնամիներին, որոնք չէին ցանկանում, որ ինքը թագավորի,  իր առաջ բերելով՝ սպանեն:

Լա՛վ խորհիր այս առակի մասին, ո՛վ ընթերցող, որպեսզի հանդերձյալ աշխարհում պատժի և տանջանքների չենթարկվես, որովհետև ազնվականը նույն ինքը Հիսուսն է, նրա ծառաները բոլոր մարդիկ են: Քանի որ բոլորին ինքն է ստեղծել, յուրաքանչյուրին ըստ արժանվույն տեսակ-տեսակ բարիքներ է պարգևել, որպեսզի առաքինաբար ապրելով՝ մեկի փոխարեն տասը կամ հինգ շահող ծառաների նման, արքայության մեջ մեծ վարձի արժանանան:

Արդ, ամեն մարդ պարտավոր է իր գիտելիքը, հարստությունը և զորությունը ի փառս և ի պատիվ Աստծու գործածել, կարիքավորներին ձեռք մեկնելով՝ ամեն կերպ նրանց օգնել: Իսկ ով Աստծու պարգևած բարիքները միայն իր անձին հատկացնելով՝ ուրիշներին չի օգնում, թող հաստատ իմանա, որ դրամագլուխը վարշամակի մեջ պահող անհավատ ու չար ծառայի նման պիտի պատժվի: Այդպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսին չհավատացողներն ու չհնազանդվողները դատաստանի օրը խստորեն պիտի պատժվեն, քանի որ վերոհիշյալ ապստամբ քաղաքացիների պես չուզեցին նրա երկնային թագավորության  մեջ մտնել:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․