Ինչո՞ւ Հիսուսի ուսից խաչը վերցնելով՝ Կյուրենացի Սիմոնին տվեցին, որ մինչև Գողգոթա տանի:

Իրենց նպատակին հասնելու համար: Նրանք այս բանն արեցին ոչ թե Հիսուսին գթալով, այլ մտածելով, որ միգուցե նա ճանապարհին մեռնի, և իրենք չկարողանան նրան խաչը հանել, քանի որ նրա մարմնի վրա ոչ մի առողջ տեղ չէր մնացել, և թվում էր, թե արդեն մահվան դուռն է հասել: Նրա հետևից մեծաթիվ բազմություն էր գնում՝ թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք, ու թեև թշնամիները, նրան այդ խղճալի դրության մեջ տեսնելով, ուրախանում էին, բայց շատ կանայք, տրտմությամբ արտասվելով, հառաչալից ձայներ էին արձակում, որով կատարվեց Սուրբ Գրքի պատգամը, թե՝ «Այդ օրը Երուսաղեմ քաղաքում լաց ու կոծը պիտի սաստկանա»:

Այն ժամանակ Հիսուսը, հետ նայելով, ասում է նրանց (կանանց). «Ինձ վրա լաց մի՛ եղեք, Երուսաղեմի՛  դուստրեր, այլ լաց եղեք ձեր անձերի և ձեր որդիների վրա: Ժամանակ պիտի գա, երբ ամուլ կանանց երանի տալով՝ լեռներին պետք է ասեն, թե՝ «Ընկե՛ք մեզ վրա», և բլուրներին, թե՝ «Ծածկե՛ք մեզ», որովհետև եթե դալար փայտին այսպես են անում, չորին ի՞նչ պետք է լինի»: Այս խոսքը կատարվեց հռոմեացիների ձեռքով, երբ նրանք ավերեցին Երուսաղեմ քաղաքը (տե՛ս  ԽԸ. հարցում):

Քանի որ Հիսուսի մասին Սուրբ Գրքի բոլոր գրվածները պետք է կատարվեին, ուստի երբ Գողգոթա լեռան ստորոտը հասան, Հիսուսը, Սիմոնի ուսից խաչն առնելով, ինքը տարավ Գողգոթա: Ինչպես որ Իսահակը, զոհաբերության փայտն ուսին դնելով, Գողգոթա լեռը ելավ, այնպես էլ Հիսուսը, խաչն ուսին դրած, ելավ Գողգոթա, քանի որ Իսահակը նրա օրինակն էր (այս մասին տե՛ս նաև երրորդ դարի ԺԷ. հարցում): 

Այս կերպ Գողգոթա լեռը բարձրացան, որ «գլուխ կտրելու վայր» է նշանակում (ինչպես որ հիշվել է առաջին դարի Ը. հարցում): Այնտեղ Հիսուսի հանդերձը վրայից հանում են, բայց որովհետև նրա ամբողջ մարմինը գլխից մինչև ոտքը վիրավոր էր, և հանդերձն էլ դրանք (վերքերը) փակել էր, երբ նրան մերկացրին, վերքերը նորից բացվեցին, և երկիրը տեր Հիսուս Փրկչի օրհնյալ արյամբ ներկվեց:

Այն ժամանակներում սովորություն կար խաչը հանված մարդկանց թմրեցնող դեղ տալու, որպեսզի կրած ցավը չզգան: Այս սովորության համաձայն Հիսուսին ևս զմռսված (դեղերի հետ խառնված) գինի մոտեցրին, բայց նա, բերանը տանելով, ճաշակելուց հետո չուզեց, որպեսզի չթեթևանան կրած ցավն ու կսկիծը, որ կամովին և հոժարությամբ կրում էր  մարդկային ցեղի փրկության համար: Երբ չորս զինվորներ, Հիսուս Փրկչին խաչի վրա տարածելով, նրա ձեռքերն ու ոտքերը բևեռներով գամեցին, կատարվեց նրա մասին Սուրբ Գրքի մարգարեական այն խոսքը, թե՝ «Ձեռքերս ու ոտքերս ծակեցին» (Սաղմ. 21:17):

Այդպես էլ, երբ որ խաչը բարձրացնելով՝ բլրի վրա կանգնեցրին, այդ ժամանակ կատարվեց Հիսուսի՝ իր մասին նախկինում ասած խոսքը, թե՝ «Ինչպես որ Մովսեսը պղնձե օձը ձողի վրա բարձրացրեց անապատում, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա» (Հովհ. 3:14) (այս մասին տե՛ս չորրորդ դարի ԻԱ. հարցում):

Ինչպես որ ըստ օրենքի, երբ իշխաններից մեկը մահվան էր դատապարտվում, աշխարհին դաս լինելու համար, նրա հանցանքը գրելով՝ դատապարտյալի վրա էին դնում, այդպես էլ Պիղատոսը, որպեսզի աշխարհին հայտնի, թե ի՛նչ պատճառով են Հիսուսին խաչը հանում, մի տախտակի վրա եբրայեցերեն, լատիներեն և հունարեն գրում է. «Սա է Հիսուս Նազովրեցին՝ հրեաների թագավորը», և այն ամրացնում են խաչի վերևում:

Սակայն երբ հրեաները տախտակի վրա գրվածը կարդացին, բնավ չհավանեցին, որ իրենց թագավորը խաչված պիտի լինի: Այդ պատճառով իսկույն Պիղատոսի մոտ գնալով՝ ասում են. «Մի՛ գրիր, թե հրեաների թագավորն է, որովհետև ի՛նքն ասաց, թե՝ հրեաների թագավորն եմ»: Թեև շատ աղաչեցին, որ տախտակը փոխի, բայց նա մերժեց՝ ասելով. «Ինչ որ գրեցի, գրեցի»: Երանելի կլիներ Պիղատոսը, եթե նախապես այդպիսի պատասխան տար այդ համառ և կամապաշտ մարդկանց:

Հիրավի, հրեաներին հաճոյանալու մտադրությամբ Պիղատոսը Հիսուսի մահվան վճիռն արձակեց ամենայն անիրավությամբ, բայց այս անգամ այդ անիրավ մտադրությունից հրաժարվելով՝ գրեց, ինչ որ ճշմարիտ էր, ոչ թե ինքն իրենից, այլ ի վերուստ ներշնչվելով, որպեսզի ողջ աշխարհին հայտնի լինի, որ Հիսուսը մարդկային ցեղը մեղքի հոգևոր գերությունից փրկելու համար կամովին խաչն է ելել, քանի որ Հիսուս նշանակում է Փրկիչ:

Դու հրեաների համառ ոխակալությա՛նը նայիր. Հիսուսին խաչելու նպատակին  հասնելուց հետո նրան մի ավելի մեծ նախատինք տալու համար երկու չարագործ ավազակներ են բերում և մեկին Հիսուսի աջ կողմում, մյուսին նրա ձախ կողմում են խաչում: Թեպետ նրան այս բանն արեցին  իրենց կարծիքով որպես անարգանք, բայց կատարվեց Սուրբ Գրքի խոսքը, թե՝ «Նա անօրենների կարգը դասվեց» (Ես. 53:12):

Չորս զինվորները, որոնք Հիսուսին խաչի վրա գամեցին, նրա հանդերձները չորս մասի բաժանեցին, և վիճակով յուրաքանչյուրն իր բաժինը ստացավ, բայց նրա պատմուճանի վրա, որ առանց կարի էր, առանձին վիճակ գցեցին, որովհետև այն պատռել չուզեցին: Այո՛, զինվորներն այսպես կարգավորեցին, որպեսզի իրենց մեջ կռիվ չլինի, բայց այս պարագայում ևս կատարվեց Հիսուսի մասին Դավիթ մարգարեի մի կանխասացությունը, թե՝ «Հանդերձներս իրենց մեջ բաժանեցին, և պատմուճանիս վրա վիճակ գցեցին» (Սաղմ. 21:12):

Այստեղ հիացման արժանի է Տեր Հիսուսի անսահման համբերությունն ու գթությունը, որովհետև մինչև այդ պահը անտանելի չարչարանքները լուռումունջ տանելուց հետո իրեն խաչ հանողների համար Հայր Աստծուն աղաչանք է անում՝ ասելով. «Հա՛յր, ների՛ր և թողությո՛ւն տուր սրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»: Այս կերպ իր անհաղթելի զորությունը ցույց տվեց, քանի որ թշնամու վրա բարկանալն ու վրեժխնդիր լինելը տկարության նշան են:

Նրա թշնամի հրեաները, որոնք անցնում էին այնտեղով,  ծաղրելով և գլուխները շարժելով ասում էին. «Ափսո՜ս, տաճարը քանդելով՝ երեք օրից պետք է շինեիր: Եթե Աստծու որդի ես, խաչից իջի՛ր և ազատի՛ր քեզ»: Նույն կերպ քահանայապետները, օրենսգետներն ու ծերերը միաբերան ասում են. «Ուրիշներին փրկեց, բայց իրեն փրկել  անկարող է: Եթե Իսրայելի թագավորն է, թող այժմ իջնի խաչից, որ հավատանք իրեն: Եթե Աստծուն հուսաց, թող նա ազատի, եթե կամենում է,  քանզի ասաց, թե՝ Աստծու Որդի եմ»:

Այսպես Հիսուսի հետ խաչը հանված երկու ավազակներն  անգամ նախատում էին նրան, մանավանդ ձախակողմյան ավազակը, որն ասում էր.  «Չէ՞ որ դու Քրիստոսն ես, ուրեմն փրկի՛ր քեզ և մեզ»: Սակայն աջակողմյան ավազակը, տեսնելով Հիսուսի հեզությունը և իր թշնամիների համար աղոթելը, զղջում է, և ընկերոջը սաստելով՝ ասում է. «Աստծուց չե՞ս վախենում, որ նույն պատժին ես ենթարկվում: Արդար է, որ մենք մեր գործերի համեմատ ենք պատժվում, բայց Սա չար գործ չի արել»:

Հասկացի՛ր, թե շիտակ սրտով զղջացողը, հանցանքը ճանաչելով, ի՜նչ մեծ ողորմության է արժանանում: Վերոհիշյալ ավազակը, թեև վաղուց ի վեր չարագործ էր, բայց երբ իր չարագործությունը խոստովանելով՝ զղջաց, իսկույն ի վերուստ նրան շնորհ պարգևվեց, որով Հիսուսի՝ Մեսիա և Աստծու Որդի լինելը ճանաչելով՝ աղաղակեց սրտագին. «Ո՛վ Տեր, հիշի՛ր ինձ, երբ գաս քո թագավորությամբ»: Հիսուսը նրան պատասխանում է. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ արքայության մեջ ես լինելու»:

Այստեղ Հիսուսն իր աստվածությունը հայտնեց, որպեսզի հասկանալով զգաստանան: Ինչպես վերջին դատաստանի օրը արդարներին իր աջ կողմում, իսկ մեղավորներին ձախ կողմում կանգնեցնելով՝ արդարներին արքայություն պիտի ուղարկի, իսկ մեղավորներին՝ դժոխք, ահա դրա նշանը Գողգոթա լեռան վրա ցույց տվեց, որպեսզի արդարները մխիթարվելով ուրախանան, իսկ մեղավորները երկնչելով զղջան և ապաշխարեն:

Ուրեմն խրա՛տ առ, ո՛վ մարդ. ինչպես որ հիշյալ ավազակը կատարյալ հավատով զղջաց և հույսը Հիսուսի վրա դնելով՝ թողություն գտավ, այնպես էլ դու, որքան էլ մեղավոր լինես, բնավ մի՛ հուսահատվիր, այլ խոնարհությամբ և ուղիղ սրտով զղջա՛  ու ապաշխարի՛ր: Տեր Հիսուսի ողորմությա՛նն ապավինիր, որպեսզի թողության արժանի լինես, ինչպես աջակողմյան ավազակը:

Այստեղ դու տես Աստվածածնի՛ վիճակը: Նա, որ իր մորաքույր Մարիամի և Մարիամ Մագդաղենացու հետ կանգնած էր խաչի մոտ, և որի հետ էր նաև Հովհաննեսը, երբ Հիսուսին խաչի վրա տեսավ այդ վիճակում, աղիները գալարվեցին, և սիրտն արյամբ լցվեց: Եվ ո՞վ կարող է բացատրել այն խոր վիշտն ու տագնապը, որ կրեց Մարիամ Աստվածածինը՝ տեսնելով իր խաչված որդուն, որովհետև ինչ չարչարանք որ Հիսուսը կրում էր խաչի վրա, նույնը Աստվածածինն իր սրտում էր կրում, ինչպես որ Սիմեոն ծերունին կանխապես հայտնել էր նրան (տե՛ս Զ. հարցում):

Խաչի մոտ իր մորը տեսնելով՝ Հիսուսը Հովհաննեսի մասին ասաց մորը, թե՝ «Ահա քո որդին»: Եվ Հովհաննեսին էլ ասաց. «Ահա քո մայրը» Այդ ժամանակից ի վեր Հովհաննեսն իր մոտ առավ սուրբ Աստվածածնին և իբրև որդի միշտ ծառայում էր նրան խորին հարգանքով ու պատվով (սա մի մեծ և անժխտելի ապացույց է, որ Հիսուսը մարմնապես հարազատ եղբայր չուներ, ինչպես որ ոմանք անտեղի հակառակն են պնդում):

Ճիշտ է, որ Հիսուսն իր կատարյալ մարդ լինելը նախկինում շատ անգամ էր հայտնել, և այս անգամ ևս հայտնելու համար խաչի վրա բարձրաձայն աղաղակեց. «Էլի, էլի, լամա սաբաքթանի» (Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ընդէ՞ր թողեր զիս - Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ): Այնտեղ գտնվողներից ոմանք, դա լսելով, ասում են, թե Եղիային է օգնության  կանչում (եբրայերեն չիմանալու պատճառով):

Այնուհետև Հիսուսը իմացավ, որ ամեն ինչ վերջացել է, և ասաց՝ «Ծարավ եմ», որպեսզի իր մասին գրվածը կատարվի, թե՝ «Ծարավ եղած ժամանակ քացախ խմեցրին ինձ» (Սաղմ. 68:23): Քանի որ այնտեղ ամանով քացախը պատրաստ էր, զինվորներից մեկը, լեղու հետ խառնված քացախի մեջ սպունգը թրջելով, եղեգի միջոցով  խմեցնում է Հիսուսին: Իսկ ոմանք ասում են. «Թո՛ւյլ տվեք՝ տեսնենք, թե Եղիան կգա՞ նրան փրկելու»:

Այդ ժամանակ Հիսուսը,  «Ամեն ինչ վերջացած է» ասելով, բարձրաձայն կրկնում է՝ «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում հոգիս», և գլուխը խոնարհելով՝ կամովին ավանդում է հոգին, որով մարդկային ցեղի մեղքերի քավիչն է դառնում, այն մեղքերի, որ Ադամի անհնազանդության հետևանքն էին (տե՛ս առաջին դարի ԻԹ. հարցը):

Արդարև, ինչպես որ (տե՛ս չորրորդ դարի ԻԹ. հարցը) քահանայապետը տարին մեկ անգամ Իսրայելի բանակից դուրս մի անարատ և լծի տակ չեղած կարմիր կով էր զոհում և արյունը մատով յոթ անգամ խորանի վրա էր ցողում, որպեսզի ժողովրդի մեղքերին քավություն լիներ, այդպես էլ մարդկային ցեղի մեղքերի թողության համար Հիսուսը Երուսաղեմից դուրս խաչը հանվեց, քանի որ հիշյալ կովը նրան նախօրինակ էր:

Ահա այստեղ լիովին կատարվեցին բոլոր մարգարեների կանխասացությունները, որ գրված էին Հիսուսի խաչելության և մահվան մասին: Կատարվեց նաև Գաբրիել հրեշտակի՝ Դանիել մարգարեին ասած խոսքը, թե՝ «490 տարի հետո Մեսիան պետք է մեռնի, և նրա մահվամբ մարդկային մեղքերին պետք է քավություն լինի (տե՛ս առաջին հարցը):

 

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․