12 Հոկտեմբեր, Շբ
Շատ թշվառ վիճակի մեջ ընկան, քանի որ երբ նա հարություն առավ, ուժեղ երկրաշարժ եղավ և փայլակի նման հրեշտակ հայտնվեց, ու թեպետ նրա գերեզմանը պահպանող բոլոր զինվորները մեռելի վիճակի մեջ հայտնվեցին, սակայն քիչ հետո ոմանք, ուշքի գալով, իսկույն Երուսաղեմ գնացին և տեղի ունեցածի մասին քահանայապետներին պատմելով՝ համարձակ հայտնեցին Հիսուսի հարություն առնելը, որով այդ իրողությունը հայտնի դարձավ բոլորին: Մանավանդ յուղաբեր կանայք աներկյուղ ասում էին, որ տեսել են հարուցյալ Փրկչին:
Այստեղ հիշատակության է արժանի, որ քահանայապետները, գերեզմանը պահպանելու համար զինվորներ հատկացնելով, կնքեցին այն, որպեսզի աշակերտները, Հիսուսի մարմինը գողանալով, չասեն, թե հարություն առավ: Սակայն երբ նույնիսկ պահապան զինվորները հայտնապես վկայեցին նրա հարություն առնելը, խեղճ քահանայապետները, չափազանց մեծ մտատանջության մատնվելով, այլևս չգիտեին, թե ի՛նչ պետք է անեին: Որովհետև ոչ միայն պահապաններն էին հաստատում, որ իրենք մեծ զգուշությամբ են պահպանել Հիսուսի գերեզմանը, այլ նաև քահանայապետների կնիքն էր գերեզմանի վրա մնացել առանց վնասվելու՝ սկզբնական վիճակում:
Այս պարագայում նրանք զինվորներին խոսել արգելելուց բացի ուրիշ հնար չգտան, բայց միայն ծերերի հետ խորհրդակցելուց հետո մեծ գումար են տալիս նրանց, որ ասեն, թե իրենց քնած ժամանակ աշակերտները գալով գողացան Հիսուսի մարմինը: Սրանից բացի, Պիղատոսից ևս չվախենալու համար խոստանում են նրա սիրտը նույնպես շահել:
Ճիշտ է, որ քահանայապետները չափազանց համառ, Պիղատոսը՝ կեղծավոր, անգութ և իր անձնական շահի համար գիտակցաբար ճշմարտության և իրավունքի դեմ գործելու պատրաստ, իսկ նրա զինվորները արծաթասեր լինելով՝ աշխատեցին Հիսուսի հարությունը թաքցնել և ժողովրդի մեջ տարածել, թե աշակերտները գողացան Հիսուսի մարմինը: Բայց որքան նրանք աշխատեցին տարածել այդ անհեթեթ միտքը, նույնքան ավելի Հիսուսի հարությունը հայտնի դարձավ բոլորին, քանի որ երբ որևէ ողջամիտ մարդ գործը մանրամասն քննում էր, բացահայտ երևան էր գալիս նրանց ստությունը: Հատկապես երբ Հիսուսը քառասուն օր ժամանակ առ ժամանակ երևաց առաքյալներին, նրա հարությունը և հակառակորդների սուտը ըստ ամենայնի հռչակվեցին:
Նոր կիրակի օրը Հիսուսը դարձյալ երևաց առաքյալներին: Քանի որ զատիկի առաջին օրը երևալու ժամանակ Թովմասն այնտեղ չէր, երբ վերադարձավ, թեպետ առաքյալները շատ անգամ ասացին նրան, որ տեսել են Հիսուսին, բայց նա ոչ մի կերպ չհամոզվեց և ասաց. «Մինչև որ նրա ձեռքերի և ոտքերի վրայի մեխերի նշանները չտեսնեմ և մատներովս կողքի վերքերը չշոշափեմ, չեմ հավատա»: Քանի որ Թովմասի միտքը հայտնի էր Հիսուսին, զատկի ութերորդ օրը, երբ առաքյալները Թովմասի հետ, հրեաներից վախենալով, իրենց սենյակի դուռը փակած՝ ներսում էին գտնվում, Հիսուսը կանգնում է նրանց մեջ և ողջույն տալուց հետո Թովմասին նայելով ձեռքերն ու կողքը ցույց է տալիս նրան, որպեսզի մատները մեխերի տեղը խրելով՝ հավատա:
Հիրավի, որքան որ նախկինում Թովմասն անհավատություն ցույց տվեց, Հիսուսին տեսնելով՝ նույնքան ավելի կատարյալ հավատով Տեր և Աստված խոստովանեց նրան: Եվ որովհետև չհավատալով առաքյալների խոսքին՝ հավատալու համար անպատճառ տեսնել է ուզում, Հիսուսն ասում է նրան. «Դու տեսար և հավատացիր, բայց երանի նրանց, ովքեր չտեսած կհավատան»: Այս խոսքը որքան որ Թովմասի համար հանդիմանություն է համարվում, բոլոր հավատացյալների համար մեծ մխիթարություն է, քանի որ Հիսուսին չտեսած են հավատում նրան:
Այնուհետև Պետրոսն ուզեց Տիբերիայի ծովը գնալ ձուկ որսալու համար: Թովմասը, Նաթանայելը, Հակոբոսը և Հովհաննեսը, ինչպես նաև աշակերտներից երկու հոգի ևս նրա հետ գնում են, բայց այդ գիշեր ոչինչ չեն կարողանում որսալ: Առավոտյան Հիսուսը ծովի ափին երևում է նրանց, բայց նրանք չեն ճանաչում նրան: Նա կամեցավ նախ հրաշագործել, ապա իրեն հայտնել նրանց, այդ պատճառով հարցնում է. «Տղանե՛ր, ուտելու մի բան ունե՞ք»: Նրանք պատասխանում են՝ ոչ: Այդ ժամանակ նրանց հրամայում է ուռկանը նավի աջ կողմը նետել, և երբ նետում են, այնքան շատ ձուկ է լցվում ուռկանի մեջ, որ չեն կարողանում այն ցամաք քաշել, քանի որ մանր ձկներից բացի 153 խոշոր ձկներ կային, սակայն այսուհանդերձ ուռկանը չպատռվեց:
Այդ ժամանակ Հովհաննեսը, Հիսուսին ճանաչելով, Պետրոսին ևս հայտնում է, և վերջինս իսկույն կտորով փաթաթվում է և ամաչելով իրեն ծովն է նետում, որովհետև մերկ էր: Իսկ մյուս առաքյալները, որոնք հազիվ երկու հարյուր կանգունի չափ հեռու էին, իսկույն նավով գալիս են և ուռկանը ցամաք քաշելուց հետո վառվող կրակ են տեսնում և նրա վրա՝ մի ձուկ, ինչպես նաև հաց: Հիսուսը, ինքն ուտելով այդ հացից ու ձկից, նրանց ևս տալիս է՝ ասելով. «Առե՛ք և կերե՛ք»: Եվ ոչ ոք չհամարձակվեց հարցնել նրան, թե նա ո՛վ է, քանզի որ գիտեին, որ Հիսուսն է: Այսպիսով սա երրորդ անգամը եղավ, որ Հիսուսը հարություն առնելուց հետո երևաց առաքյալներին:
Երբ որ ձուկն ու հացը կերան, Հիսուսը հարցրեց Պետրոսին. «Սիմո՛ն, սիրո՞ւմ ես ինձ սրանցից ավելի»: Նա պատասխանեց. «Տե՛ր, դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Հիսուսն ասաց նրան. «Արածեցրո՛ւ իմ գառներին»: Ապա երկրորդ անգամ հարցրեց. «Սիրո՞ւմ ես ինձ»: Նա, ինչպես նախորդ անգամ, պատասխանեց. «Դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Հիսուսը կրկին ասում է. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»: Հիսուսը երրորդ անգամ հարցրեց. «Հովնանի՛ Սիմոն, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը տրտմեց, որ նա երեք անգամ հարցրեց, և պատասխանեց. «Ո՛վ Տե՛ր, դու ամեն բան գիտես ու բոլորին ճանաչում ես և գիտես, որ սիրում եմ քեզ»: Հիսուսը նորից ասում է. «Արածեցրո՛ւ իմ գառներին»:
Թեպետև Պետրոսի սիրտը լիովին հայտնի էր Հիսուսին, սակայն (ինչպես ԾԱ. հարցում հիշվեց) քանի որ նա երեք անգամ ուրացել էր Հիսուսին, այդ պատճառով Հիսուսն էլ դրա փոխարեն երեք անգամ հարցրեց, թե՝ «Սիրո՞ւմ ես ինձ», որպեսզի բոլորին հայտնի լինի, որ Պետրոսը սաստիկ սիրով և անկեղծ սրտով զղջացել է և թողություն է գտել: Երբ Պետրոսը կատարյալ սիրով ու հավատով խոստովանում է, թե սիրում է Հիսուսին, նա էլ հայտնում է, թե իր սիրո համար խաչը ելնելով՝ վկա պետք է լինի, այս պատճառով ասում է նրան. «Ե՛կ իմ հետևից»:
Պետրոսը, որքան որ տրտմել էր Հիսուսին երեք անգամ ուրանալու պատճառով, այնքան ավելի ուրախացավ, երբ լսեց, որ Նրա սիրո համար խաչի վրա արյուն թափելով պիտի մեռնի, ինչպես որ Հիսուսի ասածի համաձայն՝ հետո Հռոմում կամովին հանձն առավ խաչվել և Աստծու սուրբ անունը փառավորել: Ճշմարիտ է, որ մարդկային բնությունը տկար է, և այդ պատճառով չարչարանքից ու մահից վախենում է, սակայն իմանալով, որ ի սեր Հիսուսի չարչարվելով մեռնողը երկնային հավիտենական կյանքի կարժանանա, Աստծու շնորհով հաղթում է բնությանը:
Այս խոսքերն ասելուց հետո Հիսուսը գնում է, և երբ Պետրոսը գնում է նրա հետևից, հետ դառնալով տեսնում է, որ Հովհաննեսը ևս գնում է, և ցանկանալով իմանալ, թե նա ինչպես պետք է մեռնի, հարցնում է Հիսուսին. «Սա՞ ինչպես պետք է լինի»: Բայց նա հանդիմանական ձևով ասում է. «Կամենում եմ, որ սա մնա, մինչև որ ես գամ: Քեզ ի՞նչ փույթ է, դու իմ հետևից արի»: Այս պատասխանի պատճառով առաքյալները կարծեցին, թե Հովհաննեսը չպիտի մեռնի, սակայն Հիսուսը չասաց, թե չպիտի մեռնի, այլ ասաց՝ «Կամենում եմ, որ նա մնա, մինչև ես գամ»: Այս խոսքից երևաց, որ Հովհաննեսը բնական մահով պիտի մեռներ: Իսկապես, Հովհաննեսը Հիսուսի համար թեև շատ չարչարանք կրեց, բայց չմեռավ, մինչև որ խոր ծերության հասնելուց հետո իր բնական մահով հանգիստ վախճանվեց:
Հիսուսը դարձյալ երևաց հավատացյալներին (ինչպես գրված է Ա Կորնթ. 15:6) Գալիլեայի գավառում և հաստատեց իր հարությունը: Սրանք թվով հինգ հարյուր հոգուց ավելի էին, որ հավաքված էին այնտեղ (ոմանք ասում են, թե այս ժողովը Թաբոր լեռան վրա տեղի ունեցավ): Ապա Տյառնեղբայր կոչված Հակոբին երևաց (Ա Կորնթ. 15:7) և Զատկի քառասուներորդ օրը, երբ առաքյալներն ու մյուս հավատացյալները հավաքված էին Երուսաղեմ քաղաքում, Հիսուսը, դարձյալ երևալով, հրամայում է նրանց, որ քաղաքից դուրս ելնեն: Եվ նրանց Բեթանիա գյուղը տանելով՝ նրանց հետ կերակուր է ուտում, որպեսզի բոլորի ներկայությամբ վերստին հավաստի իր հարություն առած լինելը:
Ապա Հիսուսը նրանց պատվիրում է գնալ աշխարհով մեկ և ավետարանը քարոզել բոլոր հեթանոսներին: Հավատացողներին մկրտել հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, նրանց ուսուցանել այն բոլոր պատվիրանները, որ ինքն է ավանդել իրենց, որպեսզի նրանք, ովքեր կընդունեն դրանք և կգործադրեն, երկնավոր արքայության արժանի լինեն: Նրանք, ովքեր հավատալով կմկրտվեն, փրկության, իսկ չհավատացողները դատապարտության կարժանանան: Ու հայտնում է, որ հավատացյալները, իբրև նշան, իր անվամբ զանազան հրաշքներ գործելու կարողություն կունենան: Եվ որովհետև Սուրբ Հոգին պետք է ուղարկեր նրանց, պատվիրում է, որ Երուսաղեմ քաղաքում մնան ու սպասեն, մինչև որ զորություն ստանան վերևից (երկնքից):
Քանի որ շատերը կարծում էին, թե Մեսիան Իսրայելի աշխարհային թագավորությունը պետք է վերականգներ, այդ պատճառով հարցնում են Հիսուսին, թե՝ «Այս դարում Իսրայելի թագավորությունը հայտնելո՞ւ ես»: Նա պատասխանում է, թե՝ «Հարկավոր չէ, որ իմանաք այդ ժամն ու ժամանակը, որ երկնավոր Հայրը վերապահել է իր իշխանությանը, այլ երբ Սուրբ Հոգին կիջնի ձեզ վրա, զորություն ստանալով՝ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը: Այսպես խոսեց Հիսուսը և կարևոր հրահանգներ տվեց առաքյալներին Աստծու հոգևոր թագավորության մասին, որ քրիստոնեական սուրբ եկեղեցին է:
Առաքյալներն ու բոլոր հավատացյալները Հիսուսի խոսքերից հասկացան, որ նույն օրը պետք է երկինք համբարձվի, և որ այլևս երկրի վրա նրան չպիտի տեսնեն, ուստի նրա նկատմամբ իրենց սրտում ունեցած սերը արտասուքներով հայտնելով՝ խորին խոնարհությամբ երկրպագություն մատուցեցին նրան: Եվ Հիսուսը, ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, օրհնեց ամենքին ու խոստացավ մինչև աշխարհի վախճանը նրանց հետ լինել, որպեսզի մխիթարություն և քաջալերություն ստանան: Նրա այս խոսքից իմացվում է, որ նա միշտ ճշմարիտ հավատացյալների հետ է: Հետո այդտեղից Ձիթենյաց լեռան գագաթը եկան, երբ արդեն կեսօր էր, ու այնտեղ Հիսուսը, հավատացյալներից առանձնանալով, բոլորի ներկայությամբ երկինք համբարձվեց և Հոր աջ կողմում նստեց: