10 Մենք ունենք մի սեղան, որից ճաշակելու իրաւունք չունեն նրանք, ովքեր խորանին են ծառայում. 11 քանի որ այն անասունները, որոնց արիւնը քահանայապետի ձեռքով սրբարան էր բերւում մեղքերի քաւութեան համար, այդ անասունների մարմինները այրւում էին բանակատեղիից դուրս: 12 Դրա համար էլ Յիսուս, որպէսզի իր արեամբ մաքրի ժողովրդին, չարչարուեց դռնից դուրս: 13 Արդ, եկէք բանակատեղիից դուրս ելնենք նրան ընդառաջ՝ յանձն առնելով կրել նրա կրած նախատինքները. 14 քանզի չունենք մի մնայուն քաղաք այստեղ՝ երկրի վրայ, այլ փնտրում ենք գալիք քաղաքը: 15 Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ մատուցենք օրհնութեան պատարագ, այսինքն՝ նրա անունը դաւանող մեր շրթների պտուղը: 16 Մի՛ մոռացէք բարեգործութիւնը եւ ձեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն: