12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Երբ Դավիթը Երուսաղեմի մեջ եղող բերդը պաշարեց, ուր պատսպարվել էին հեբուսացիները, սրանք բերդի մեջ դրին կույրերին ու կաղերին` Դավթի հետ պատերազմելու համար, որով և ցույց տվեցին բերդի ամրությունն ու Դավթի տկարությունը: Նաև հասկացրին, թե կաղերն ու կույրերն անգամ կարող են քաղաքը պաշտպանել: Այս կաղերն ու կույրերն իրենց լիրբ հանդգնությանն ապավինելով` Դավթի դեմ ելան` չնայելով իրենց կաղ ու կույր լինելուն: Այդ իսկ պատճառով, առողջների արածից ավելի, առավել հպարտություն համարվեց կաղերի ու կույրերի լրբությունը: Ուստի վճռվեց, որ նրանք չպետք է մտնեն Տիրոջ տունը, թեև չկարողացան, հեբուսացիների հետ անգամ, դեմ կանգնել Դավթին:
Մյուս տարակուսանքը ևս. «Ամենայն ոք, ով սրով հարվածի հեբուսացիներին», այս խոսքից մեկնիչներն այսպիսի հետևություն են անում` զորապետ լինի իսրայելցիների զորքերին: Հովաբ զորապետը, որ ընկած էր Դավթի աչքից, որոնում էր կտրիճության համար ժամանակ, որպեսզի առաջին աստիճանին հասնի, հանուն որի ամենքից առաջ անցավ, բարձրացավ բերդի վրա, հարվածեց, սատկացրեց կաղերին ու կույրերին և արժանի եղավ իր քաջության ու հաղթության պարգևին: Սակայն ինչպես լինելը թերի է գրված բուն բնագրում, ինչը թողնում ենք ներհուն իմաստունների քննությանը: