Բարև ձեզ։ Իմաստություն Սողոմոնի Գլուխ 2-ում, հերքվում է Հիսուսի մահը։ Մեկնաբան եմ։ Առաջին իսկ տողերից գրված է, որ չար մարդիկ ուզում են խոշտանգել Հիսուսին և խայտառակ մահվան դատապարտել։ Ասում են, «տեսնենք, արդյոք Աստված օգնական կլինի նրան»։ Չակերտները փակվում են և 21- րդ տողում Սողոմոնը շարունակում է, ասում է «այսպես խորհեցին և ԽԱԲՎԵՑԻՆ ամբարիշտները, որովհետև նրանց կուրացրել էր իրենց չարությունը։ Այսինքն մտածեցին, որ Հիսուսին պետք է սպանեն, բայց խաբվեցին, այսինքն տեղի չունեցավ այդ ամենը։ Եվ հետո, Սողոմոնը շատ ճիշտ խոսքերով ավարտում է։ Ասում է, որ մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով, և ով նրա բաժինն է, նա էլ պիտի կրի այն։ Այսինքն, ամեն մեկը իր մեղքի համար պետք է պատասխան տա, ոչ թե բոլորի մեղքերը գրվեն մեկի վրա։ Կողմնակի ասեմ, որ արևմտյան երկրների աստվածաշունչներում Սողոմոնի Իմաստությունը հանված է, գոյություն չունի։ Նույնիսկ ոչ բոլոր հայկականների մեջ կա։ Այսինքն բացահայտ թաքցնում են։ Խնդրում եմ մեկնաբանել սա։ Չնայած ըստ իս, սա այլ մեկնաբանություն չունի։ Շնորհակալություն։

Աստված օրհնի: Նախ պիտի ասենք, որ Սողոմոնի Իմաստություն գրքում Հիսուս անունը չի հիշվում, այլ օգտագործվում է «Աստծու որդի» արտահայտությունը։ Եթե անգամ վերոնշյալ Սուրբգրային արտահայտությունը վերագրում եք Հիսուսին, Սողոմոնի Իմաստություն գրքի հեղինակը ձեր ասածի ճիշտ հակառակն է ասում։ Նրանք փորձում են Աստծուն և իրենց կասկածն են հայտնում Աստուծո գոյության, ամենազորությանը։ Հիսուսի մահվան մասին արդեն իսկ Ծննդոց գրքի 3-րդ գլխից սկսած խոսվում է։ Գրեթե բոլոր մարգարեները այդ մասին խոսում են։ Եվ եթե ուշադիր լինենք Նոր Ուխտը մեզ նոր բան չի ասում, այլ փաստում է Հին Կտակարանի ասվածի իսկությունը։ Նոր Կտակարանը մեզ ասում է, որ Հին Կտակարանը իրականացավ Նոր Կտակարանում։ Այստեղ որևէ բան չկա թաքցնելու, ամեն բան շատ բացահայտ է և հստակ։

Ինչ վերաբերում է, թե ինչու Սողոմոնի Իմաստություն գիրքը չկա որոշ Աստվածաշնչերում, պատճառը հետևյալն է։ Հին Կտակարանի 7 գրքեր՝ Սողոմոնի Իմաստություն, Սիրաքի Իմաստություն, Բարուք, Ա, Բ և Գ Մակաբայեցվոց գրքերը, Ա Եզրաս և Տոբիթը երկրորդականոն գրքեր են։ Երբ ասում ենք Երկրորդականոն, հադկանում են, որ Եբրայական կանոնից բացակայում են, այսինքն հրեաների համար անընդունելի են և Ադտվածաշնչի կանոն են մտել ավելի ուշ շրջանում։ Այսինքն ընդունելի են միայն քրիստոնեաների համար։ Դրա համար մենք պետք է հասկանանք, թե որ Աստվածաշունչի ինչ կանոնի է հետևում։ Մեզ հայերիս համար ընդունելին Մայր Աթոռի հրատարակությունն է և մեզ համար այս գիրքը միշտ ընդունելի է եղել։ Հայերենով կան բազում Աստվածաշնչեր, որոնք հետևում են տարբեր կանոնների։ Սա նորմալ է, որովհետև նաև անհրաժեշտություն է ուսումնասիրելու և Աստվածաշնչի կանոնի պատմությունը հասկանալու համար։

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․