Պատասխան – Ավետարանի այս խոսքի մասին որ հարցրիր, ասեմ, այդ տողը կարդալուց առաջ, կարդա դրան նախորդող տողը ևս, որպեսզի ասեմ հարցիդ մեկնությունը: Ահա սրանից առաջ եղող տողը. «Հրեաները առավել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն կոչում էր իր Հայրը և իր անձը Աստծուն հավասար էր դասում» (Հովհ. 5:18):
Հիմնական վեճը վերաբերում էր շաբաթ օրով անդամալույծին բժշկելուն: Արդ՝ խոսքի ճշմարիտ իմաստն այս էր. կարծես թե կամենում էր ասել հրեաներին. «Դուք հանցանք եք համարում շաբաթ օրով իմ գործելը, ես այնպիսի գործեր եմ կատարում, որ Հայրս էլ է անում, քանզի, ըստ Աստվածությանս, Հայրս և ես մի ենք բնությամբ և կամքով, բայց ըստ մարդկությանս՝ թեպետ մարդկային կամքս այլ է Հորս կամքի հետ համեմատած, բայց և այնպես համաձայն է Հայր Աստծո կամքի հետ և «ոչինչ չեմ կարող անել» Նրա կամքին հակառակ: Եվ ինչպես Ինքը չի կարող ստել ու մեղանչել, նույնպես և ես չեմ կարող մեղանչել: Ուստի եթե մեղք էր և Հայր Աստծո կամքին հակառակ շաբաթ օրը հրաշք գործելը, ես ո՛չ միայն չէի կամենա գործել, քանզի չեմ կարող մեղանչել: Հետևաբար՝ ինչ որ ես անում եմ՝ նաև ըստ որում որպես մարդ, չեմ կարող ինքնուրույն անել: Մինչև Հայր Աստծուց ինձ հայտնություն չլինի, չեմ կարող գործել:
Ինչ որ անում է Հայր Աստված, ես ևս նույնն եմ անում, քանզի Իր կամքը և կարողությունը տարբեր չէ իմ կամքից ու կարողությունից: Թեպետ որպես մարդ ունեմ Աստծուց տարբեր կարողություն և մարդկային կամք, բայց Հայրը սիրում է ինձ նաև որպես մարդ, և տվել է ինձ գործելու կամք ու կարողություն ոչ միայն այն, ինչ տեսաք, այլև՝ առավել, որ պիտի տեսնեք ու զարմանաք»: Ահա սա է հարցիդ համապատասխանող միտքը՝ ըստ երևելի վարդապետների մեկնության: