Հարց 107 – Երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս հրավիրվեց փարիսեցու տուն, այնտեղ գտնվող օրինականներին հանդիմանելով՝ ասաց. «Վա՜յ ձեզ, որ մարգարեներին շիրիմներ եք շինում, իսկ ձեր հայրերը նրանց սպանեցին։ Դրանով իսկ դուք վկայում եք, թե կամակից եք ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին մարգարեներին, իսկ դուք նրանց գերեզմաններ եք շինում» (Ղուկ. 11:45-46)։ Արդ՝ այն օրինականների հայրերը, որոնք մարգարեներին սպանեցին, հիրավի պարտավոր են, բայց նրանց որդիները, որ սպանվածների գերեզմաններն են շինում, ի՞նչ հանցանք ունեն, որ նրանց ևս վայ է տալիս:

Պատասխան – Չարաչար սպանված մարդուն փառավոր գերեզման շինելու չորս պատճառ են մատնանշում վարդապետները, որոնք և արտաքին պարագաներից են հայտնի դառնում:

Նախ՝ հարկավոր է կառուցել միայն սպանվողի փառքի համար, ինչպես նախնի քրիստոնյաներն էին մեծ-մեծ գերեզմաններ կանգնեցնում՝ ի փառս և ի հիշատակ սուրբ մարտիրոսների:

Երկրորդ՝ փառավոր գերեզման է կանգնեցվում հանիրավի սպանվողների համար, որպեսզի հանդիմանություն լինի սպանողին և փոքր-ինչ համապատասխան հատուցվի անիրավաբար մահացածին, որը նշանակում է, թե անկարող լինելով կյանք պարգևել՝ մարմինն են փառավորում: Քրիստոս այս երկու գովելի տեսակի մասին չի խոսում այստեղ, քանզի պախարակում է գերեզման շինելը:

Երրորդ՝ մարդ կարող է հոյակապ գերեզման կանգնեցնել՝ սպանված սրբի փառավորության համար, բայց պարզապես պարծենալու մտադրությամբ, որպեսզի ուրիշի առջև մեծագործ և բարեպաշտ համարվի: Այսպիսի հպարտությունը թեպետ պարսավելի է, սակայն մարդասպանության հետ կամակից լինել չի նշանակում:

Չորրորդ՝ մեծածախս գերեզմաններ են շինում ո՛չ թե սպանվողի փառքը, այլ սպանողի կարողությունը ցույց տալու համար: Իբր կամենում են ասել, թե մեր նախնիներն այնպիսի կարողության տեր էին, որ այսպիսի փառավոր մարդկանց կյանքը վերցրին, որովհետև իրենց կամքին հակառակ գտնվեցին: Նման չար պարծանքով պարտադրում են, որ հասարակությունը իրենցից վախենա: Այս մտքով սպանվողների վրա գերեզման կանգնեցնելը մատնացույց է անում սպանողի հետ համամիտ և կամակից լինելը:

Ահա այսպիսին էր փարիսեցիների կամ օրինականների գերեզման կանգնեցնելը մարգարեների մարմինների վրա: Հենց այս պատճառով Քրիստոս հանդիմանեց նրանց՝ ասելով. «Դրանով իսկ դուք վկայում եք, թե կամակից եք ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին մարգարեներին, իսկ դուք նրանց գերեզմաններ եք շինում»:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․