12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Սա մի Աստվածային գաղտնիք է: Սակայն մարդկայնորեն կարող ենք ասել, թե նախ՝ Աստվածային կամքն էր՝ մեզ ծանոթացնել Սուրբ Հոգու անձը նշանավոր բարերարությամբ, քանզի Հայր Աստծո անձից մեզ էր ուղարկվել միայն Միածին Որդին, Միածին Որդու անձից՝ Իր մարդանալը և մեզ փրկելը: Այնուհետև Սուրբ Հոգու անձից պետք է մեզ տեսակ-տեսակ Շնորհներ պարգևվեին, որպեսզի մենք մեզ արժանացնեինք փրկության պտղի վայելքին: Սուրբ Հոգին պետք է լուսավորեր մեր մտքի աչքը՝ ծանոթանալու համար Աստվածային խորհուրդներին և զորանալու՝ Աստվածային պատվիրանները պահպանելու համար:
Երկրորդ՝ կամեցավ, որ առավել հռչակավոր լինի գիտության պարգևը, որ տրվեց Սրբազան Առաքյալներին՝ Սուրբ Հոգու կողմից: Եթե Քրիստոսի կենդանության օրոք առաքյալները բոլոր գիտությունները կատարյալ ուսանած լինեին, շատերը կասեին, թե դա իրենց բնական իմաստությունն է: Բայց Քրիստոսի մահվանից հետո, երբ բոլորին արդեն հայտնի էր առաքյալների տգետ ու երկչոտ լինելը, իսկ Սուրբ Հոգու իջման օրը հանկարծ այնքան իմաստուն ու քաջասիրտ դառնալը՝ բացահայտորեն ցույց էր տալիս Աստվածային զորության ներգործությունը և մեր հավատի հաստատման նոր ու պայծառ նշանը:
Երրորդ՝ Քրիստոս այնպես կամեցավ, որ առաքյալները և մենք սովորենք, թե արտաքին ու ականջալուր խոսքերը բավական չեն՝ մեզ ճշմարտության ճանապարհին դարձնել և փրկության շնորհին արժանացնել՝ առանց Սուրբ Հոգու շնորհների: Ե՛վ հավատի ճշմարտությունը քարոզողները, և՛ մոլության ճանապարհից ետ դարձողները չմտածեն, թե իրենց ճարտարությունն է, այլ՝ Սուրբ Հոգու շնորհների զորությունը: Պետրոսը, Սուրբ Հոգու էջքից առաջ, մի աղջկանից վախենալով, երեք անգամ ուրացավ Քրիստոսին՝ «չգիտեմ, չեմ ճանաչում» ասելով: Բայց երբ Սուրբ Հոգին իջավ, հայտնաբարբառ Քրիստոսի Աստվածությունը քարոզելուց հետո, մեկ օրվա մեջ երեք հազար հոգի միանգամից մկրտեց: Վերջապես գիտես, որ մարդեղության խորհուրդը, անվանվում է երկրորդ արարչություն:
Ահա ինչպես նախնական արարչագործությամբ Հայր Աստված ստեղծեց ամեն բան, այստեղ ևս նույն կերպ նորոգում է՝ համաձայն նախնական արարչության. «Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա», որ ըստ մեծ Շնորհալու նշանակում է. «Ջրերի վրա լինելով՝ ստեղծում էր արարածներին»: Ահա և այս երկրորդ արարչության մեջ, Սուրբ Հոգին իջնելով Առաքյալների վրա, նրանցով ծնում է բոլոր հավատացյալներին՝ սուրբ ավազանի ամենամաքուր արգանդից:
Ահա այսպես, ըստ մարդկային մտքի տկարության, ուսանում ենք, թե այս պատճառով Միածին Որդին անկատար է թողնում առաքյալներին, որպեսզի Սուրբ Հոգու առաքմամբ նրանց հասցնի կատարելության գագաթը: