Օրհնեցեք Տեր Հայր, հարցս հետևյալն է ճիշտ է, որ ասում են ըստ Աստվածաշնչի, մարդու գործած մեղքերի համար պատասխան են տալիս, իր հարազատները:

Երկրորդումն Օրինաց գրքում Մովսես մարգարեն, Իսրայելի որդիներին բացատրում է Տիրոջ պատվիրաններն ու օրենքները, ի թիվս որոնց Նախահայրը նշում է․ «Հայրերը չպետք է մեռնեն որդիների փոխարեն, ոչ էլ որդիները պետք է մեռնեն հայրերի փոխարեն։ Ամեն մարդ պետք է մեռնի իր գործած մեղքերի համար»։ (Բ Օր․ 24․16)։ Հին Կտակարանից մենք հստակ գիտենք, որ մեղքի արդյունքը մահն է։ Բայց որովհետև բոլորն էլ մեղանչական են, Աստված իր ծառա Մովսեսի միջոցով հստակորեն սահմանել էր մեղքերից փրկագնվելու, զոհաբերությամբ Աստծու ցասումը կանխելու կարգը։ Դա է պատճառը, որ միայն նախասահմանված ամենածանր մեղքերի համար էր, որ Հին Ուխտում մարդկանց մահապատժի էին ենթարկում։ Եզեկիել մարգարեն ևս հայտնում է՝ նշելով․ «Ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի, իսկ որդին հոր մեղքի տակ չպիտի ընկնի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավության» (Եզեկ․ 18։20)։ Այս գաղափարն արտահայտվում է նաև Երեմիայի մարգարեության 31-րդ գլխում, ինչպես նաև Մատթեոսի Ավետարանում, որտեղ մեր Տերն ասում է․ «Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, և այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի» (Մտթ․ 16։27)։ Չի ասվում, թե հատուցվելու է ըստ իր հոր կամ նախահայրերի գործերի, այլ ըստ իր գործերի։ Եվ ուրեմն չպետք է տանջվել այն մտքից, թե մենք պատասխանատու ենք նաև մեր նախնիների մեղքերի մահար։ Մեզ մնում է միայն հոգ տանել, որպեսզի մեր ծնողներն ու հարազատները, ինչպես և մենք, խուսափենք մեղավորների ճանապարհներից և ուղղենք մեր քայլերն առ Աստված։

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․