Հարց 83 - Ինչպե՞ս է մարդն ավանդում հոգին և ավանդելուց հետո ինչպիսի՞ն է լինում:

Պատասխան – Սուրբ Գրիգոր եռամեծ վարդապետն այսպես է գրում. «Երբ Սուրբ Կույս Մարիամը հրեշտակից իր վերափոխման ավետիսն իմացավ, իր մոտիկներին հավաքեց և փրկության վերաբերյալ նրանց շատ բաներ ուսուցանեց»: Այս ուսուցանածներից մեկն էլ քո հարցի պատասխանն է, որ ասում է՝ երկու հրեշտակ՝ մեկը՝ չար, մյուսը՝ բարի, գնում են մարդու հոգին առնելու: Երբ մարդու մահվան օրն ահեղ ու սարսափելի է, չար հրեշտակն է մոտենում և նեղն ընկած հոգին պահանջում: Այդ ժամանակ չար դևերը ևս մոտենում են: Եվ եթե մեռնողը սուրբ լինի հոգով, մարմնով ու զգայությամբ, ապա բարի հրեշտակը կուրախանա և որպես բարեկամ ու սիրելի՝ կողջունի նրան: Չար դևերը տրտմությամբ կհեռանան, իսկ հրեշտակը հոգին կառնի ու քաղցրությամբ կբռնի երկնքի ճանապարհը:

Հիրավի, օդային չար դևերն առջևն են դուրս գալիս, որպեսզի վրան մեղքերի արատ գտնեն: Երբ չեն կարողանում գտնել, ետ են դառնում՝ հրեշտակից ամաչելով: Սուրբ հրեշտակը տանում է այն հոգին Աստվածության Աթոռի առջև և երկրպագել տալիս: Ապա տանում և դնում է արդարների կարգը, որը Պողոս առաքյալն անվանում է «Կատարյալ անդրանիկների ոգիներ» և այնտեղ է մնում մինչև դատաստանի օրը՝ անմահության հույսով լցված, երբ պիտի յուրաքանչյուրին հատուցում լինի՝ ըստ կատարած գործերի: Դավիթն ասում է. «Քեզ սպասում են արդարները, մինչև հատուցես»: Բայց միջակ արդար եղողների հոգին, որ քիչ հանցանք ունի, իր նման հոգիների կարգն է դնում, որոնք հույս ունեն դատաստանի օրն արժանանալ Աստծո ողորմությանը՝ Սուրբ Եկեղեցու աղոթքների օժանդակությամբ:

Եթե հոգին շաղախված է մեղքով, բարի հրեշտակը տրտմում է, իսկ չար դևերն ուրախանում են, որովհետև հավիտենապես պիտի տանջեն այդ հոգին: Բայց այն հրեշտակը, թեպետ կամքից ակամա, սակայն Աստծո հրամանի համաձայն է ավանդել տալիս հոգին և սոսկալի մի կերպարանք է ցույց տալիս նրան՝ ինչպես թագավորի կողմից ուղարկված դահճինն է, երբ պիտի տանջի չարագործներին, որի համար և չար հրեշտակ է կոչվում:

Դավիթը գրում է. «Ուղարկեց նրանց տանջանքներ չար հրեշտակի ձեռքով»: Բայց ոչ թե բնությամբ է չար հրեշտակը, այլ չարաչար տանջանքների համար է չար անվանվում: Իսկ դևը հոգի ավանդել տալու իշխանություն չունի: Երբ չար հոգին բաժանվում է մարմնից, հրեշտակը վերցնում է այն և օդ բարձրանում: Այդ ժամանակ նրան դեմ են դուրս գալիս դևերի գնդերը, ուրախանում այդ կորած հոգու համար և կամենում հափշտակել սուրբ հրեշտակի ձեռքից: Նրա բոլոր չար գործերը բացահայտում են՝ ասելով, թե իրնցն է այդ հոգին, իրենց կամքին է հետևել, որի համար Հովհաննես Ավետարանիչն իր ննջման աղոթքի մեջ ասում է. «Երբ ես գամ քեզ մոտ, հուրը կընկնի, հնոցը կշիջի, կամաչեն չար հրեշտակները»: Տանջանքի գործիքներ են պատրաստում, կրակի բոց հանում, սաստիկ սառնամանիք ցույց տալիս, որ մեղավոր հոգին իմանա, թե այդ ամենը պիտի պատահի իրեն՝ դատաստանի օրը, և ապա հրեշտակը հեռացնում է դրանք: Մեղավոր հոգին չի արժանանում երկինք բարձրանալուն և Աստծուն երկրպագելուն, այլ հրեշտակը տանում է մյուս չարագործ հոգիների մոտ, ուր ողբով ու կոծով սպասում է հավիտենական տանջանքների: Թեև իրենց չար գործերի համար կատարյալ պատժի չեն արժանանում, բայց չարչարվում են անտանելի տրտմությամբ: Իսկ արդարները փառքի և պսակի հույսով են միշտ ուրախանում ու հանգստանում:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․