Պատասխան – Քրիստոս աստվածությամբ հավասար է Հայր Աստծուն, բայց մարդեղությամբ փոքր, քան հրեշտակները (Եբր. 2:9): Եվ որովհետև, ըստ սովորության, փոքրը, Աստծո կարգադրությամբ, մեծից է ուսանում, դրա համար Աստվածորդին, ինչպես չարհամարհեց Իր կողմից հաստատված թլպատության օրենքը, նույնպես և անարատ պահեց Իր կողմից սահմանված կանոնը՝ կամենալով հրեշտակների միջնորդությամբ սովորել: Եվ մանավանդ, օրինակ տալու համար առաքյալներին, թե բոլոր պարգևները, որ ի վերուստ են իջնում ներքևում գտնվողների համար, կարգով և աստիճանով են: Ինչպես մի թագավորի զավակ, թեպետ նախօրոք գիտի իր հոր կամքը, բայց դեսպանի միջոցով հարցնում է ու տեղեկանում, որ տեսնողներն ու լսողները չկասկածեն, թե գործը հոր կամքին հակառակ է կատարել:
Նմանապես և Քրիստոս՝ Երկնավոր Հոր Որդին, գիտեր Հոր կամքը, որովհետև Իր և Հոր կամքը մեկ՝: Սակայն, որպես մարդ, կամեցավ տնօրինաբար իմանալ և սովորել: Այն, որ մարդասիրության պատճառով նվաստություն չհամարեց Իրեն՝ մարդանալով շրջել երկրի վրա, ուստի նաև ամոթ չհամարեց մարդկայնորեն հարցնելը:
Այս հարցին գեղեցիկ պատասխան է տալիս Սուրբ Դիոնիսիոսը: Ահա նրա բուն շարադրանքը, որտեղ ասում է. «Հիսուս Ինքը, որ գերագույն էությամբ պատճառ է երկնային էությունների, մեր բնությամբ անփոխադրաբար գալով՝ չի խուսափում Իր կարգած և ընտրած մարդավայել բարեկարգությունից, այլ կամավոր հոժարությամբ հնազանդվում է Հայր Աստծուն՝ հրեշտակների ազդեցությամբ»: