6 Հոկտեմբեր, Կիր
Պատասխան – Պետք է մտածել, որ Աստված անոխակալ է, ինչպես նաև նկատի առնել, թե ինչպիսին է զղջացողի զղջման կերպը: Հիշենք, որ ժամը տասնմեկին այգի եկող մշակներն ընդհանրապես վարձատրվեցին առավոտյան եկածների հետ հավասարաչափ (Մատթ. 20:9): Իսկ ի՞նչ կարող ենք ասել վերջին վայրկյանին ճշմարտապես զղջացողի համար: Միայն այսքանը պետք է իմանալ. չլինի թե մեկը, հիմնվելով այս խոսքիս վրա, վերոնշյալ ժամանակին թողնի զղջումը: Թող իմանա, որ մահը երբեմն հանկարծակի է պատահում: Ինքն անպատրաստ կարող է գտնվել և հույսով մեղանչելով՝ անհույս կկորչի: Ղուկասի Ավետարանում կարդում ենք (Ղուկ. 12:16). մեծատունը, որի անդաստաններն առատ բերք էին տվել, մտածում էր, թե ի՞նչ անի, ո՞ւր լցնի այդքան արդյունքը: Որոշում է շտեմարանները քանդել, մեծացնել և այնտեղ լցնել առատ բերքն ու հաճույքին հետևել: Երբ տակավին այդ մտածմունքների մեջ էր, նույն գիշերը պահանջվեց նրա հոգին:
Արդ՝ մեր խոսքին անդրադառնանք: Եթե վերջին շնչում մահամերձը խելամտորեն ի սրտե զղջա և այնպիսի ուխտ անի, թե Աստծո ողորմածությամբ, երբ առողջանա ու չմեռնի, այլևս խոստովանած մեղքերը չի գործի և կհրաժարվի չար սովորություններից, այդպիսին թողության կարժանանա: Իսկ թե ոչ, չենք կարող ասել՝ կարժանանա՞ արդյոք ներման: Եթե այդպես չվարվի, խոստովանությունը ոչ մի արժեք չի ունենա: