14 Նոյեմբեր, Եշ
Պատասխան - Այո՛, հնարավոր է, բայց քանի որ Աստված ի հավիտենից գիտի նրանց վախճանը, թեև ընկնեն, կարող են ելնել, և կմնան նույն նախասահմանության ներքո: Ահա քեզ օրինակ՝ երկու նախասահմանված սրբերի. մեկը՝ Դավիթը: Նա, հիրավի, նախասահմանված էր փառքի համար, սակայն սայթաքեց՝ քետացի Ուրիայի կնոջ՝ Բերսաբեի հետ շնանալով և սպանելով նրա ամուսնուն: Ահա երկու գլխավորագույն մեղքեր՝ շնություն և մարդասպանություն (Բ Թագ. 11): Բայց աստվածային շնորհը և ողորմածությունը զղջման կոչեցին նրան՝ Նաթան մարգարեի միջնորդությամբ: Ինքն էլ տեղի տալով այս հրավերին՝ ասաց. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ», իսկ Նաթանն ասաց. «Տերը ներեց քո մեղքերը և դու չես մեռնի» (Բ Թագ. 12:13, 14): Ահա նախասահմանյալն սայթաքեց, բայց, աստվածային շնորհին տեղի տալով, բարձրացավ:
Իսկ մյուս օրինակը Պետրոս առաքյալն էր: Նա նախասահմանված էր փառքի համար, բայց երեք անգամ ուրանալով Քրիստոսին՝ սարսափելի մեղքի մեջ ընկավ: Սակայն երբ նրան ևս, Նաթանի նման, Աստծուց ապաշխարության հրավեր ուղարկվեց, այնքան զղջաց ու ապաշխարեց, մինչև ինքն էլ, իր Վարդապետի նման, հանուն Նրա սիրո խաչվեց: Ահա նախասահմանյալի անկումը և շնորհով հառնելը:
Եթե կամենում ես իմանալ, թե ո՞րն էր Աստծուց՝ Պետրոսին հղված հրավերը, տե՛ս Ղուկասի Ավետարանը (22:61) «Շրջվեց Տերը և նայեց Պետրոսին»: Նույն Ավետարանիչը նույն տեղում վկայում է, որ այս հայեցողության շնորհին տեղի տալով՝ Պետրոս առաքյալը, Հիսուսի՝ իրեն նայելուց հետո, դուրս ելավ և արտասվեց դառնապես: Ուրեմն՝ նախասահմանյալները, ըստ որում անձնիշխան և ըստ որում՝ մարդ, կարող են սայթաքել և դարձյալ Աստծո շնորհներին տեղի տալով հառնել: