6 Հոկտեմբեր, Կիր
Քանզի Աստված պատվիրան պիտի տար Ադամին, իսկ պատվիրանը իշխանություն ունեցողն է տալիս, այդ պատճառով Ադամի ստեղծագործությունից հետո իշխանություն արտահայտող բառն էլ Աստված բառի հետ գրվեց, որպեսզի ինչպես որ մարդը որպես Արարիչ է ճանաչում Աստծուն, այնպես էլ Տեր և Իշխան ճանաչելով՝ Նրան հնազանդվի: Քանզի մարդը, կամքի տեր լինելով, կարող է Աստծուն հնազանդվել կամ չհնազանդվել: Արդ, պատվիրվում է, որ հնազանդվողին պատիվ և փառք, իսկ անհնազանդին՝ պատիժ տրվի. քանզի իշխանությունը պատվիրան տալու և պատվիրանի փոխարեն հնազանդություն տեսնելու մեջ է կայանում, քանի որ հնազանդություն չպահանջող պատվիրանը խրատ է կոչվում:
Հիրավի, Աստված բոլորին հրամայում էր, բայց որոնք, որ կամքի տեր չեն, նրանց տրված հրամանում պատվիրան չկա, այլ պարզապես հրաման, քանզի նրանք հրամանին հակառակ գործելու անկարող լինելով, իրենց բնության մեջ հաստատված զորությունը անկարող են թողնել, միայն թե Աստծո բարձր կամքը լինի. և այն ժամանակ բնության զորությունը ետ մնալով՝ հրաշք է լինում: Եվ մի ասա, որ հրաշք լինելով բնությունը խաթարվում է, այլ ընդհակառակը՝ բնության մեջ հնազանդական կարողություն գտնվելով՝ նրա կատարելությունը առավել ևս է հայտնվում:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902