Ադամին արգելված պտղի ծառի անունը ի՞նչ էր:

Անունը հայտնի չէ, բայց մի հասարակ ծառ էր, և դրա անունը Ս. Գրքում անհայտ լինելու պատճառով, ով ինչ էլ որ ասի, չի կարող հաստատել: Եթե ծառի ինչ լինելը հայտնի լիներ, աշխարհը այն վատ ծառ պիտի համարեր, սակայյն ծառի բնաության, կամ իսկության մեջ անպետքություն չկար (Ծննդ Գ 6), քանզի Աստված անպետք բան չստեղծեց (Ա Տիմ. Դ 4): Այո՛, կան որոշ բաներ, որոնք, եթե մարդիկ կամ անասունները ուտեն՝ կմահանան, սակայն դրանց վերաբերյալ էլ վատը չի ասվում, քանի որ անտարակույս, եթե Աստված ստեղծել է, ուրեմն մի բանի համար օգտակար են: Սրա վերաբերյալ, եթե մեկը այլ մեկնություն տալով ասի, որ անպատճառ ծառ կամ ուտելու պտուղ չպիտի հասկանալ, Ս. Գրքի իմաստը կխեղաթյուրի:

Պատիժը վատ գործի համար է, բայց վատ գործը երկու կերպ է լինում, մեկը՝ ինքն իրենով բնությամբ վատ է, օրինակ՝ մարդասպանություն, շնություն, գողություն, ստություն, ագահություն և սրանց նման այլ բաներ, որոնք բնական օրենքներին հակառակ լինելով՝ արգելված են, և որոնք գործողները անպատճառ պատժի կարժանան, իսկ մյուսը՝ արգելված լինելու համար է, որ վատ է ասվում: Առաջինը վատ կամ չար լինելու համար է արգելվում, երկրորդը՝ արգելված լինելու համար է, որ չար է կոչվում:

Եթե բնությամբ չար չեղող բաների համար արգելք և պատվիրան չկա, դրանք գործողները պատժի չեն արժանանում. օրինակ՝ մի թագավոր իր տերության մեջ ինչ-ինչ բաներ արգելում է, որոնք մեկ այլ թագավորի թագավորության մեջ արգելված չեն, դրանք գործողները կպատժվեն միայն արգելված թագավորությունում: Ահա այսպես հասկացիր նաև արգելյալ պտղի վերաբերյալ, քանզի եթե պատվիրանը չլիներ, այն ուտելը հանցանք չէր լինի (Հռոմ. Է 8): Ուրեմն խնդիրը պտղի և այն ուտելու վերաբերյալ չէ, այլ անհնազանդության:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․