4 Նոյեմբեր, Բշ
Հայտնի է, որ ջրային կենդանիներին, խոնավությունից նեխած փայտի մեջ ապրողներից չվերցրեց, սննդի համար անպետք անասուններից երկու-երկու հատ՝ արու և էգ, իսկ ուտելի և Աստծուն զոհելու անասուններից արու և էգ, յոթ-յոթ հատ վերցրեց՝ հրամանի համաձայն:
Եթե առարկես, թե այդքան կենդանիներ մի ամբողջ տարի ինչպե՞ս տեղավորվեցին տապանում, կպատասխանեմ, որ տապանի երկարությունը երեք հարյուր կանգուն, լայնությունը հիսուն կանգուն, և բարձրությունը երեսուն կանգուն լինելով, ներսն ու դուրսը նավթով պատած էր, վերևից ներքև մինչև մեկ կանգուն հաստությամբ սնդուկի նման կառուցվածք ունենալու պատճառով Տապան կոչվեց (Ծննդ. Զ 14): Եվ ներսից երեք հարկերով ու առանձին-առանձին բնակության համար նախատեսված բաժիններ կառուցվեցին, որպեսզի կենդանիները չկարողանան միմյանց վնասել:
Պետք չէ ասել, թե Նոյը այսքան կենդանիներին ինչպե՞ս կարողացավ տապանում հավաքել, քանի որ ինչպես նրանց անուններ դնելու համար նրանք իրենք իրենց Ադամի մոտ եկան, նույնպես էլ իրենց փրկության համար, Աստծո հրամանով տապանը մտնելով, Նոյ նահապետին հնազանդվեցին: Թեև տապանի կառուցման վայրը Աստվածաշնչում նշված չէ, սակայն համարվում է, որ Անտիոքի մեջ է կառուցվել, ինչպես որ Մովսես Խորենացին է իր Աշխարհացույցի մեջ նշում:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902