Կռապաշտությունը ինչի՞ց առաջացավ:

Առաջին՝ հպարտությունից, քանի որ ինչպես վերոհիշյալ Նեբրովթը հպատակներին ստիպում էր երկրպագել իր պատկերին, նույնպես իր որդիները և ուրիշներ նրա օրինակին հետևեցին և անհնազանդներին էլ պատժում էին: Ինչպես որ երեք մանուկները Նաբուգոդոնոսորի ստեղծած պատկերին զոհ չմատուցելու համար բորբոքված (կրակի) հնոցի մեջ նետվեցին (Դան Գ. 21): Սակայն հեշտ է գուշակել, որ ոմանք երկյուղի, ոմանք կեղծավորության և ուրիշներն էլ ստիպողաբար սկսեցին կուռքեր պաշտել:

Երկրորդ՝ զավակի ցավից (Իմաստ. ԺԴ 15), քանի որ երիտասարդ տարիքում մահացած զավակի հայրը մխիթարվելու համար հյուսնին պատրաստել է տալիս նրա պատկերը փայտից, և զանազան թանկագին նյութերով զարդարած՝ պատիվ է տալիս անշունչ պատկերին. նրա հպատակներն էլ հոր պատվի համար սկսում են նույն հարգանքը մատուցել պատկերին, ուրիշներն էլ նույն կերպ պատրաստելով և պատվով պահելու համար այլ տեղեր են տանում: Ուրիշներն էլ նույնպես հաճոյանալու համար տեսակ-տեսակ ընծաներ են բերում դրան:

Երրորդ՝ ագահությունից (Իմաստ. ԺԴ 18). որովհետև ճարտարագետ մարդիկ, հարստանալու մտադրությամբ, սկսեցին ոսկուց, արծաթից, փայտից և մինչև իսկ ցեխից կուռքեր պատրաստել և վաճառել: Այս մոլորյալ սովորությունը իր համար այնքան նյութ գտավ, որ սկսեց տիրապետել և բռնակալ մարդիկ իրենց կուռքերի համար կռատներ կառուցելով պաշտոնյաներ էլ հատկացրեցին, որոնք էլ իրենց շահի համար այլ և այլ պայմաններ հնարեցին:

Չորրորդ՝ սատանայի դավաճանությունից, քանի որ մարդը արարածների մեջ իր փափագին լրում չգտնելով, միշտ այն լրացնելու կարող անձի է փնտրում, և Աստծուց բացի իր փափագին հագուրդ տալ կարողացող մեկին չգտնելով՝ մարդը հարկադրված Աստծուն է փնտրում, և Նրան չգտած մարդը հանգիստ չունի, ուստի, սատանան այս իմանալով կուռքերի մեջ է մտնում և մարդկանց հրապուրիչ պատասխաններ է տալիս, որպեսզի դրանց որպես աստված ճանաչել տալով, նրանց հուսադրի, որ իրենց փափագների գոհացումը այդ կուռքերից սպասեն՝ դրանց երկրպագելով և պաշտելով:

Հիմա դու տե՛ս սատանայի ճարպիկ, խորամանկ և չարագործ հաջողությունն ու մարդկանց թշվառ և անմիտ վիճակը, քանի որ նա այն աստիճան կապեց և կաշկանդեց մարդկանց այդ անշունչ և անզգա կուռքերի հետ, որ անգամ այդ գարշելիների սիրո համար իրենց զավակներին զոհելով կրակի մեջ այրում էին (Սաղմ. ՃԵ 33): Եվ երբ մի քանի խելացի մարդիկ՝ «մարդու սարքածը անկարելի է, որ Աստված սարքած լինի» ասելով տարակուսում էին, այն ժամանակ սատանան իր նենգավոր հնարագիտությամբ սկսում է կենդանիներին ցույց տալ որպես աստված, և հաջողեցնում է դրանց երկրպագել տալ (Դան. ԺԳ 22): Նմանապես, երբ կենդանիների վերաբերյալ էլ տարակուսանք է առաջանում, նզովյալ չար ոգու ճարը կտրած, արևը, լուսինը, կրակն ու ջուրը ներկայացնում է որպես Աստված: Որովհետև վերջիններս մարդկանց համար օգտակար և հարկավոր լինելով, թերևս նրանց նկատմամբ ամեն տեսակ տարակույս և կասկած չունենալով, միշտ կռապաշտության մեջ մնան, և մարդիկ էլ իր նման որպես Աստծո դեմ  ապստամբներ՝ դժոխք գնան:

Ահա այսպես, թեև սատանան շատ աշխատեց բոլոր մարդկանց կռապաշտության մեջ բանտարկելու համար, այդ ու հանդերձ միշտ գտնվեցին մարդիկ, որոնք արարածներին որպես աստվածներ չընդունեցին, այլ երկինքն ու երկիրը արարող գերագույն Տիրոջը ճանաչեցին աղոտ կերպով: Քանի որ միայն բնական լույսով և առանց շնորհի չի կարելի այդ գերագույն և սուրբ Էակի վերաբերյալ բավական գիտություն ունենալ, ուստի թե՛ գիտունն ու անգետը, թե՛ մեծն ու փոքրը, կռապաշտության խոր խավարի մեջ ընկղմված, թշվառ և դատապարտելի վիճակի էին մատնվել, մինչև որ բարեգութ Աստված մարդկանց գթալով՝ հայր Աբրահամին կանչեց:

Զգուշացիր, ո՛վ մարդ, կռապաշտությունը երկու տեսակի է, մեկը՝ հայտնի և մյուսը՝ գաղտնի: Հայտնի կռապաշտը նա է, որ Արարչին չճանաչելով կուռքերին է պաշտում, իսկ ծածուկ կռապաշտը նա է, ով թեև Աստծուն ճանաչում է, սակայն իր սիրտը արարածներին տալով, նրանց սիրո համար Աստծո պատվիրաններին հակառակ է գործում: Քանի որ մարդը Աստծուց առավել ինչ որ սիրում է, այն է աստվածացնում: Այսպիսի մարդիկ, եթե իրենց արածների համար զղջալով մեղքերի կուռքերը չթողնեն, հայտնի կռապաշտներից ավելի մեծ պատժի պիտի ենթարկվեն, քանի որ նրանք անգիտաբար գործեցին, իսկ սրանք գիտությամբ՝ մեկը կռապաշտ է կրոնով, մյուսը՝ գործով:

Արդարև Աստծո հրամանին հակառակ գործող մարդը, ով էլ որ լինի, պատժի և դատապարտության է արժանի: Սակայն քանի որ մարդը երեք պատճառով է մեղանչում՝ տգիտությամբ, տկարությամբ և չարությամբ, ուստի նա, ում խելքը չի հասնում, կամ անճար մնալով մեղանչում է, հայտնի է, որ նրա պատիժը թեթև է լինում, իսկ նա, ով գիտությամբ և չարությամբ է մեղանչում, նրա պատիժը խիստ ծանր և սաստիկ է լինելու Ավետարանի համաձայն (Ղուկ. ԺԲ 47, 48):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․