12 Հոկտեմբեր, Շբ
Քանի որ մարդը պարտավոր է հնազանդվել Աստծուն և Նրա կամքը կատարել, այդ պատճառով Աբրահամը այլ բան չմտածելով, ամենայն հնազանդությամբ ջանում է միայն Աստծո կամքը կատարել: Քանի որ Աստված, որ նրան խոստացավ որդի տալ, անշուշտ տալու ժամանակն էլ գիտի: Հիրավի, Աբրահամին զավակ խոստանալուց հետո շատ ժամանակ անցավ առանց խոստման կատարումը տեսնելու, բայց Աբրահամը ուր գնում էր, մեծ պատիվ և փառք գտնելով՝ բոլոր մարդկանցից հարգանք էր ստանում, քանի որ Աստծուն հավատարմությամբ ծառայողին համայն աշխարհն է ծառայում:
Այն ժամանակ Քանանի երկրում սով լինելով Աբրահամը Եգիպտոս գնաց. Եգիպտոսի փարավոն թագավորը նրա կնոջը՝ Սառային, նրա ձեռքից վերցրեց, կարծելով, թե նրա քույրն է, քանի որ Սառայի շատ գեղեցիկ լինելու պատճառով Աբրահամը օտար տեղերում քույր էր կոչում նրան, որ նրա պատճառով չսպանեն Աբրահամին: Թեպետ մարդասպանությունը և շնությունը հավասարապես մեծ մեղքեր են, սակայն եգիպտացիները շնության մեղքը ավելի մեծ էին համարում, քան մարդասպանությունը, այս պատճառով Աբրահամը իր անձը փրկելու համար Սառային քույր կոչեց: Բայց և այնպես, փարավոնը Աստծուց հանդիմանվելով, առանց Սառայի պատվին դիպչելու, իսկույն նրան անվնաս Աբրահամին է հանձնում և իր մարդկանց էլ պատվիրում է չվնասել նրանց:
Նկատի առ Աստծո զորությունը. Աբրահամը մի պանդուխտ էր, սակայն թագավորը նրանից վախենում է, և մի՛ կարծիր, որ նա Աբրահամից վախեցավ, այլ մանավանդ նրա Աստծուց, քանի որ Աբրահամն իրեն Աստծո պաշտպանությանն էր հանձնել (Սաղմ. ՃԴ 14):
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902