Աստված Աբրահամին ինչո՞ւ հրամայեց զոհաբերել Իսահակին:

Աբրահամի հավատքն ու հավատարմությունը ամբողջ աշխարհին հայտնի դարձնելու համար: Քանի որ Աբրահամը բազում ազգերի հայր պիտի կոչվեր,  ուստի նրա հավատը ամբողջ աշխարհի համար հռչակելը հույժ կարևոր էր, որպեսզի ամեն մարդ նրանից օրինակ վերցնելով, նրա բռնած ուղղության ճանապարհով ընթանա (Հովհ. 8:39):

Մասնավորապես, որովհետև ամբողջ մարդկային ազգը Աբրահամի զավակով պիտի օրհնվեր, և այս զավակը Ինքը Քրիստոսն էր (Եբր. 11:19), որի պատկերն էր Իսահակը: Եվ դարձյալ, ճշմարիտ է, որ Աբրահամը իր ամբողջ կյանքի ընթացքում փորձությունից զերծ չմնաց, սակայն այս անգամ նրա արդարությունն ու հավատարմությունը հայտնապես պայծառությամբ փայլեցին, որ երկրի վրա առաքինության տիպար լինելուց բացի, նաև բոլոր մարդկանց մեծ հույս և մխիթարություն եղավ (Գաղ. 3:16):

Որովհետև եթե մարդը, որ բնությամբ տկար է, Աստծո սիրո համար իր որդուն չխնայեց, մի՞թե մարդկանց փրկության համար Աստված պիտի խնայեր Իր Որդուն: Արդարև հայտնի է Սուրբ Ավետարանի մեջ այն պատգամը, թե՝ «Ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը արեք և դուք նրանց»: Սակայն չի համարվում, որ Աբրահամի այս գեղեցիկ արարքի պատճառով էր, որ Փրկիչը աշխարհ եկավ. Նա արդեն պիտի գար մարդկային ազգը մեղքի գերությունից փրկելու համար, իսկ այս դիպվածը Նրա գալստյան օրինակը եղավ, ինչպես վերը հիշատակեցինք:

Քանի որ Աստված այն աստիճան սիրեց մարդուն, որ նրա փրկության համար, Իր միածին Որդուն՝ Աստծո Բանին, աշխարհ ուղարկել ցանկացավ (Հովհ. 3:16): Մարդն էլ այն աստիճան պարտական մնաց Աստծուն, որ եթե հարկ լինի, Նրա սիրո և փառքի համար իր անձը պետք է զոհի: Այս պատճառով հավատի համար մահացողները «վկա» են կոչվում, որովհետև իրենց արյամբ կրոնի ճշմարտությունն են հաստատում:

Հետո, երբ Աբրահամի կինը՝ Սառան 127 տարեկան հասակում մահանում է, Աբրահամը գերեզմանի համար հատուկ տեղ է գնում Քեբրոնում, որտեղ թաղվում է Սառան: Այս պետք է նկատի առնել, որ Աբրահամը Քանանի երկրում այն աստիճան փառքի էր հասել, որ կարծես թե Աստծո կողմից թագավոր էր կարգված (Ծննդ. 24:6), ամեն մարդ նրան հարգում և մեծարում էր, սակայն այսուամենայնիվ սեփական հող գնելով տուն չկառուցեց, այլ վրանաբնակ և իբրև պանդուխտ շրջելով ապրում էր, միայն Սառային թաղելու համար գերեզմանատեղի է գնում: Քանի որ երկրավոր կալվածքը կամ սեփականությունը մարդու համար մնայուն և տևական չլինելով, Աստծո արքայության անվախճան ժառանգության փափագով էր տոչորվում միշտ:

Արդարև Աբրահամին խիստ շատ բարիքներ պարգևվեց ի վերուստ, սակայն նա էլ Աստծո պարգևած բարիքն ու երախտիքը հասկանալով, ամեն ինչով հնազանդվեց Նրա պատվիրաններին և այսպես երկու աշխարհներում ևս փառավորվեց: Դու էլ, եթե Աստծո կողմից քեզ պարգևված բարիքը հասկանաս, պիտի փառավորվես երկրավոր և երկնավոր կյանքում: Քանի որ Աստված ոչ միայն Աբրահամին հրավիրեց, որ իր բնիկ երկիրը, ազգը, հողն ու տունը թողնելով Երուսաղեմի երկիրը գնա, այլ նաև բոլոր մարդկանց կանչում է երկնային Երուսաղեմ գնալ և ժառանգել:

Սակայն ոչ թե ամենքն էլ Աբրահամի նման երկիր կամ վայր պիտի փոխեն, այլ մեղքի պատճառ հանդիսացող ամեն ինչ թողնելով՝ առաքինության ճանապարհով ընթանան դեպի հոգևոր կատարելություն, որպեսզի ինչպես որ Երուսաղեմի երկիրը Աբրահամին տրվեց, այդպես էլ արքայության փառքն ու մեծությունը բոլորին շնորհվի, որով էլ Երուսաղեմը արքայության օրինակն է:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․