Սառայի մահվանից հետո Աբրահամը նորից ամուսնացա՞վ:

Ամուսնացավ, սակայն նախ Իսահակին ամուսնացրեց: Չցանկացավ Քանանի ազգից իր որդու համար աղջիկ առնել, այլ իր հավատարիմ Եղիազարին, իրենց սովորության համաձայն երդվեցնելով, մեծամեծ ընծաներով ուղարկում է Խառանի երկիրը՝ իր ցեղից Իսահակին կնության համար մի աղջիկ բերելու:

Եղիազարը այս հրամանի համաձայն գնալով Խառանին մերձ մի աղբյուրի մոտ, որտեղ աղջիկները ջուր վերցնելու էին գալիս, հանգիստ է առնում: Եղիազարը մտքում որոշում է, որ եկող աղջիկներից մեկից ջուր խնդրի և եթե այդ աղջիկը իրեն ջուր տալուց հետո «ուղտերին ևս ջուր տամ» ասի, նա լինի Իսահակի կինը: Հիշյալը այս մտքերի մեջ էր, երբ Աբրահամի ցեղից Բաթուելի դուստր Ռեբեկան, սափորն ուսին, ջրի եկավ և լցրեց այն, և Եղիազարը աղջկանից ջուր խնդրելուն պես, նա էլ ասում է նրան, որ թե՛ իրեն և թե՛ ուղտերին էլ ջուր կտա և հորից ջուր է հանում և խմեցնում:

Սրանից ուրախանալով՝ Եղիազարը Աստծուն շնորհակալ է լինում, որ իր խնդրանքը ընդունեց: Հետո հարցնելով, թե ում դուստրն է, իմանալուն պես ընծաներից Ռեբեկայի ականջին ոսկե օղ և ձեռքին ապարանջան է դնում: Աղջիկը տուն գալով, եղբորը՝ Լաբանին պատմում է եղելությունը, որն էլ Եղիազարին տուն հրավիրելով պարզաբանում է խնդիրը: Եվ երկու կողմերի հաճությամբ Եղիազարը Ռեբեկային բերում է և Իսահակը նրա հետ ամուսնանալով, մոր՝ Սառայի մահվան վշտից սփոփանք է գտնում:

Հոգևոր մտքով Եղիազարը՝ սուրբ առաքյալների, իսկ Ռեբեկան՝ եկեղեցու օրինակն է, իսկ օղն ու ապարանջանը՝ քրիստոնյաների առաքինի և բարի գործերն են, որոնք առ Հիսուս Քրիստոս եղած հավատքով են գործվում և նրա պատվիրաններին և օրենքներին հնազանդվելով (Բ Կոր. 10:5):

Որովհետև Աբրահամը բազում ազգերի հայր պիտի լիներ, ուստի (Աստծո հրամանով) իր աղախնի՝ Քետուրայի հետ ամուսնանալով վեց զավակներ ունեցավ նրանից, բայց ինչպես առաջ Իսմայելն ու նրա մայրը՝ Ագարը բաժանված էին նրանից, նույնպես Քետուրայից ծնված զավակներին իր մոտ չպահելով, արևելյան կողմերն է ուղարկում նրանց, որպեսզի բազմանալով յուրաքանչյուրը մի-մի ազգ կազմի: Քանի որ Իսահակի առումով Աբրահամին տրված խոստումը կատարվել էր, ուստի աղախինուց եղած զավակները իրենց մոր անվամբ կոչվեցին: Աբրահամը 175 տարեկան հասակում մահացավ, որին Իսահակն ու Իսմայելը թաղեցին Քեբրոնում՝ Սառայի մոտ: Իսահակը հոր օրհնությունը, Փառքն ու ստացվածքները ժառանգելով՝ Աստծուց օրհնվեց:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․