12 Հոկտեմբեր, Շբ
Վախեցավ: Քանի որ գիտեր, որ Եսավի բարկությունը ժամանակի ընթացքում չէր մեղմանում: Այս առումով մեծ մտատանջության մեջ էր, ուստի նրա սիրտը հանգստացնելու համար, Աստծո կողմից հրեշտակներ են ուղարկվում օգնության համար, որոնք պատերազմող բանակի նման Հակոբին ընդառաջ են գալիս (Ծննդ. 32:2): Թեև սա իմացավ նրանց առաքման նպատակը, այսուհանդերձ մարդուն վայելը գործադրելը իր պարտքը համարեց և հատկապես եղբայրական սիրո համաձայն մարդ ուղարկեց Եսավի մոտ՝ իր գալուստը հայտնելու համար, որպեսզի անկեղծությամբ հայտնի դառնա նրա եղբայության նկատմամբ վստահությունը:
Այս լուրը ստանալուն պես, թե ի պատիվ Հակոբի և իր փառքի համար, Եսավը չորս հայրուր մարդկանց ուղեկցությամբ նրան ցանկացավ դիմավորել: Հիշյալի այդպիսի բազմությամբ ընդառաջ դուրս գալու լուրը լսելով՝ Հակոբը սաստիկ վախեցավ, ուստի աղոթքի օգնությանը դիմելով, նախ շնորհակալությամբ մեկ առ ամեկ հիշում է մինչ այդ իրեն կատարած Աստծո բարիքները, և խոստովանելով, որ անկարող է բավարար խոսքեր գնտել դրանց համար իր երախտագիտության զգացումը արտահայտելու, խնդրում է, որ իրեն Եսավի ձեռքից նորից ազատելու շնորհն անի (Ծննդ. 32:10):
Այստեղից սովորիր աղոթքի պայմանները, որպեսզի խնդրածդ ընդունես Աստծուց: Հիրավի, Հակոբը աղոթքի առումով անթերի գտնվեց, սակայն մարդուն պատշաճ և հարմար երևացող խոհական կարգադրություններն էլ ձեռքից չթողնելով, իր մարդկանց և ընտանիքը երկու մասի բաժանեց, որպեսզի եթե հանկարծ Եսավը մի մասին վնասի, գոնե մյուս մասը ազատվի: Եվ այն ժամանակների պահանջների համաձայն, այծ, կով, ուղտ և սրանց նման անասուններ է ուղարկում Եսավին որպես ընծա, որպեսզի սրանք տեսնելով՝ թերևս բարկությունը մեղմանա:
Բացի այդ ինքն իրեն ծառայի տեղ դնելով, սրտի խոնարհությամբ և աղաչանքով լուր է ուղարկում, որ բարեհաճի ընդունել իր ընծաները: Հետո ամբողջ ընտանիքը Հորդանան գետի հանդիպակած ափն անցկացնելով, ինքն այդ գիշեր իր եղած տեղում է մնում, որպեսզի աղոթքներով և խնդրվածքներով նորից Աստծուն դիմի:
Հակոբից օրինա՛կ վերցրու, որին Աստված հրամայեց գնալ Քանանի երկիրը և նրան օգնելու համար հրեշտակներ հատկացրեց, և նա սակայն դարձյալ աղոթում է: Որովհետև ինչքան էլ Աստված Իր ողորմությունը չի խնայում մարդու համար, սա դարձյալ պարտական է աղոթքից հետ չմնալով, միշտ գոհությամբ և շնորհակալությամբ հանդերձ, աղաչել Աստծուն, որ է՛լ առավել շնորհների և ողորմությունների արժանացնի: Ինչպես այս անգամ Հակոբի աղոթելու ժամանակ, մարդկային կերպարանքով մի հրեշտակ գալիս և գոտեմարտում է նրա հետ, և Հակոբը, նրան մարդ կարծելով, ջանք է թափում, որ չհաղթվի (Ծննդ. 32:24):
Այս բանը պատահեց ոչ թե երազում, այլ արթուն ժամանակ և միմյանց հաղթելու փափագով մարտը մինչև առավոտ շարունակվեց, սակայն երբ Հակոբը մինչև առավոտ անպարտելի մնաց, հրեշտակն ասաց. «Թող ինձ, որովհետև լույսը բացվեց», սակայն Հակոբը չի թողնում, ուստի հրեշտակը, ճզմելով նրա ազդրի ջլերը, անզգայացնում է նրան, որպեսզի թողնի իրեն: Հակոբը դարձյալ չի թողնում մինչև, որ իրեն չօրհնի (Ծննդ. 32:26). քանի որ իմանում է, որ իր հետ գոտեմարտողը Աստծո հրեշտակն է, դրա համար էլ նրանից օրհնություն է խնդրում:
Առարկելու բան չէ, թե հրեշտակը ինչո՞ւ չհաղթեց Հակոբին, քանի որ հաղթելու դիտավորություն չուներ, այլ Եսավի երկյուղը նրա սրտից փարատելու, ինչպես նաև նրա հավատը և մանավանդ նրան արված Աստծո շնորհը աշխարհին հայտնելու: Այդ պատճառով հրեշտակը հայտնում է. «Այսուհետև քո անունը Հակոբ թող չկոչվի, այլ Իսրայել» (Ծննդ. 32:28): Ոմանք «Իսրայել» բառով օրհնությունն են հասկանում, քանի որ Հակոբը օրհնություն էր խնդրել, կամ թե քանի որ «Հակոբ» «խաբող» է նշանակում՝ նախ անունն է փոխում և ապա օրհնում, որպեսզի չկարծեն, որ Հակոբը խաբեբա մարդ էր, այլ մաքուր, սուրբ և հավատարիմ:
Քանի որ ինչպես Աբրահամը Աստծո սիրելի, Իսահակը Աստծո ծառա, նույնպես էլ Հակոբը Աստծո սուրբ կոչվեց (Դանիել 3:35):
Նկատի ունեցիր, որ Աբրահամի անվան վրա միայն մեկ տառ ավելացավ, սակայն Հակոբի անունը ամբողջությամբ փոխվեց, քանի որ «Աբրահամ» բառը շատ ազգերի հայր նշանակելով՝ Աբրահամի առումով իրականացավ, սակայն «Իսրայել» բառը «Աստվածատես» էր նշանակում և միայն Հակոբին չէր վերապահված, այլ նրա ցեղը ևս պիտի կոչվեր «Իսրայել»: Ուստի անունը փոխվելով Իսրայել է կոչվում, որպեսզի մարդիկ դրա նշանակությունը և պատճառը իմանան և Հակոբի նման կատարյալ հավատով և մաքուր սրտով Աստծուն ապավինելով՝ թշնամուց ազատվեն և դրախտում Աստծուն տեսնելուն արժանանան:
Դարձյալ, մարդկային կերպարանքով հրեշտակի Հակոբի հետ գոտեմարտելը և Իսրայել անվանակոչությունը հայտնում էր Մեսիայի Հակոբի ցեղից սերելը և ով Քրիստոսին հավատալով նրա հրամանին հնազանդվի, նա է Իսրայելը, այս պատճառով է, որ քրիստոնյաները իրավացիորեն Նոր Իսրայել են կոչվում:
Վերջապես Հակոբի խնդրանքների համաձայն հրեշտակը նրան օրհնելով քաջալերում է, որ չվախենա Եսավից, քանի որ կարող եղավ մենամարտել հրեշտակի հետ, մարդկանց ևս պիտի հաղթի (Ծննդ. 32:28): Երբ Հակոբը հրեշտակից բաժանվում է, լույսը բացվում է, բայց նա սկսում է կաղալ: Սակայն մի՛ կարծիր, թե Հակոբի կաղալը նրա համար պատիժ էր, այլ՝ ազդարարություն, որ ամեն քայլափոխի Աստծո ողորմությունը մտաբերելով՝ գոհանա. նրա որդիները նույնպես Աստծո բարիքը չմոռանան (սա է պատճառը, որ հրեաները կենդանու ազդրը չեն ուտում). նաև, Հակոբի կաղությունը տեսնելով՝ թերևս Եսավի բարկությունը մեղմանա:
Հակոբը տեսնելով, որ Եսավը գալիս է, իսկույն ընդառաջ գնալով, յոթն անգամ մինչև երկիր խոնարհվեց ողջունելու համար, Եսավը նույնպես Հակոբին տեսնելուն պես առաջ եկավ և արտասուքներով միմյանց պարանոցին փաթաթվելով՝ սիրալիր տեսակցվեցին: Եսավը ցանկանում է, որ միասին գնան, սակայն Հակոբը, պատճառ բերելով իր ընտանիքի բազմությունը, առաջարկում է, որ նա առաջ գնա, իսկ ինքը ծանրաքայլ կգա: Ուստի Եսավը բաժանվելով իր տեղը գնաց: Հակոբը Սոքովտ անվանված տեղը գալով, իր և անասունների համար տեղ է կառուցում, որտեղ մի որոշ ժամանակ բնակվելուց հետո փոխադրվում է Սամարիայի կողմերը՝ Սիկիմ անունով վայրը, որն այժամ Նապուլոս է անվանվում:
Այստեղ Հակոբը, հարյուր ոչխար տալով, անասունների համար հող է գնում, և քաղաքի մոտ վրան կանգնեցնելով, սեղան է կառուցում և աղոթելով գոհանում է Աստծուց (Ծննդ. 33:20): Մտորի՛ր, Հակոբը ինչպես որ նախկինում, երբ երկյուղի մեջ էր, աղոթքի է դիմում, նույնպես իր սիրտը խաղաղվելուց հետո դարձյալ չի դադարում աղոթելուց: Քանի որ աղոթքը հարկավոր է ոչ միայն այն ժամանակ, երբ մարդիկ նեղությունների և տառապանքների մեջ են գտնվում և աշխարհի վշտերի, վտանգների և վախի սպառնալիքների տակ չարաչար ճնշվելով՝ աստվածային օժանդակության կարիքն ունեն ազատվելու համար, այլ նաև հանգստության և երջանկության օրերում պարտականություն է շնորհակալությամբ և երախտագիտությամբ աղոթք, գոհություն և փառք մատուցել Աստծուն, որպեսզի Նրա մարդասեր բարիքները չմոռացվեն:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902