22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հովսեփի վիճակի մասին չեն հայտնում, այլ «մի գազան նրան կերավ» ասելով՝ խաբում են իրենց հորը: Օրինակի համաձայն, եթե անարդար գործ գործողները իրենց հանցանքի համար քավություն չփնտրեն և իրենց եղբոր դեմ գնալով՝ գործած անիրավության և անգիտության վրա ստախոսության հանցանքն էլ են բարդում: Քանի որ, իբրև թե Հովսեփը մեռնելով՝ թաղվեց ջրհորում և հետո հարություն առնելու նման հորից դուրս գալով Եգիպտոս գնաց, այսպես Հովսեփի ողջ եղած ժամանակ «մի չար գազան նրան կերավ» ասելով իրենց հորը խաբելը մեծ հանցանք էր: Ճշմարիտ է, որ Ռուբենը, նախ ցանկանալով ազատել Հովսեփին, հորը նետել և Հուդան՝ վաճառել առաջարկեցին, բայց այս անգամ բոլորն էլ միաբանվում են ստի շուրջ, որպեսզի չհայտնվի իրենց հանցանքը: Թեպետ, եթե Հովսեփին սպանեին, իրենց հանցանքը առավել կծանրանար, բայց մահացած լինելով՝ կասվեր «թշնամու չարագործությանն է հանդիպել»: Ուստի նեղ վիճակում հայտնվելով, մի ուլ են մորթում և Հովսեփի ծաղկանկար պատմուճանը թաթախելով այրան մեջ, իբր թե իրենք բնավ անտեղյակ լինելով և դաշտում գտնելով, իրենց հորը՝ Հակոբին են ուղարկում, որ նայի, թե արդյո՞ք իր որդու պատմուճանն է (Ծննդ. 37:32): Նրանք այս վարմունքով ցանկանում էին ասել, թե «տե՛ս, քո պատրաստած զգեստը Հովսեփին ինչ վիճակի մեջ գցեց», քանի որ կարող էին այն ոչնչացնելով բոլորովին լռություն պահպանել:
Նկատիր, թե նախանձը ի՞նչ աստիճանի չար է, որովհետև պատմուճանը ուղարկելու ժամանակ չեն ասում, թե «նայի՛ր, մեր եղբայր Հովսեփի՞նն է» այլ «նայի՛ր, քո որդո՞ւնն է»: Քանի որ նրանք այնքան էին թշնամացած Հովսեփի հետ, որ իբրև եղբայր չընդունելով, անունն էլ բնավ չեն ցանկանում տալ: Բացի այդ, այսպիսի հարցով իրենց հորն էլ էին հանդիմանություն ուղղում, թե Հովսեփին շատ սիրելով՝ նա էր միայն քո որդին, հիմա ուրեմն տե՛ս քո սիրելի որդու վիճակը: Մանավանդ շատ անգութ և անհավատարիմ եղան իրենց հոր նկատմամբ, քանի որ Հովսեփի պատմուճանը այդ կերպով ուղարկելը Հակոբի կյանքը մեծապես վտանգի տակ դնել էր նշանակում: Քանի որ Հովսեփին սաստիկ սիրելով և նրա արյունաշաղախ զգեստը տեսնելով՝ տխրությունից մինչև անգամ կարող էր մահանալ:
Այո՛, թեպետ Հակոբը ցավից չմեռավ, սակայն մահվան դուռը հասավ: Ո՞վ պիտի մխիթարեր Հակոբին, արդյո՞ք որքա՜ն դառը կսկիծով խորը խոցվեց նրա սիրտը (Ծննդ. 37:33), նրա հոգին այդ մեծ հարվածից ի՜նչ աստիճան անբուժելի վիրավորվեց: Դավիթը պատերազմի դաշտում իր Աբիսողոմ որդու մահը լսելով, այն աստիճան լաց ու կոծ արեց, որ մինչև իսկ նրա փոխարեն մեռնելու ցանկություն հայտնեց (Բ Թագ. 18:33): Իսկ Հովսեփը, որ այնքան առաքինի և բարեբարո մի պատանի էր և միշտ էլ կատարելապես հնազանդ էր իր հորը, արդյոք որքա՜ն մեծ վիշտ պատճառեց Հակոբին, և արտասուք քամեց նրա աչքերից:
Որովհետև նա բարձրաձայն ողբալով ու լացով զգեստներն է պատռում, քուրձ է հագնում և երկար ժամանակ մահվան սուգն է պահում (Ծննդ. 37:34): Թեև նրա որդիները ցանկանում էին մխիթարել նրան, սակայն անհնար է լինում, ընդհակառակը՝ ցանկանում էր մեռնել, որպեսզի գտնի Հովսեփին (Ծննդ. 37:35): Հիրավի, որդիները տեսնելով Հակոբի այս սրտահույզ վիճակը, նրա լաց ու կոծը, նրանց սիրտը ևս մորմոքում և արյունոտում է, քանի որ հանցանքը երբեք չի թողնում, որ մարդու միտքը հանդարտվի, ինչպես որ հետո իրենք էլ խոստովանեցին (Ծննդ. 42:21): Թեև Հակոբը մեռնել է ցանկանում, որպեսզի գտնի Հովսեփին, սակայն Աստված, նրա մահից առաջ, նրա մոտ է ուղարկում Հովսեփին, ինչը որ առաջիկայում պիտի տեսնենք ըստ կարգի:
Խրատ վերցրու աշխարհի այս դյուրափոփոխ և անհաստատ վիճակից: Հակոբը, որքան Հովսեփին շատ սիրելով ուրախանում է նրա համար, այդքան էլ ավելի նրա պատճառով տրտմության և ցավերի է ենթարկվում: Քանի որ, եթե մարդը մարմնավոր ինչին էլ, որ շատ սեր տա, ապա անպատճառ մի օր դրա երեսից վիշտ պետք է կրի: Երբ հայրը իր որդիներից մեկին կամ իշխանը իր հպատակներից մի քանիսին կողմնակալություն և հատուկ վերաբերմունք է ցույց տալիս, կարող է մյուսների նախանձը և հակառակությունը արթնացնել, և տեսակ-տեսակ աղետալի խռովությունների և երկպառակությունների պատճառ դառնալ (Ծննդ. 37:4):
Այստեղ Սուրբ Գիրքը Հակոբի չորրորդ որդու մասին է խոսում, որը ամուսնանալով երեք որդի է ունենում՝ Էր, Օնան և Սիլոմ, սակայն Էրը և Օնանը չար և ամբարիշտ լինելով, Աստված նրանց սպանում է: Հետո նորից երկու որդի է ծնում՝ Փարեզ և Զարա, ինչպես որ իր տեղում արդեն հայտնի է:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902