30 Նոյեմբեր, Շբ
7.20 Այն չափով, որ Յիսուս երդումով քահանայ եղաւ (որովհետեւ կան ոմանք, որ առանց երդումի են քահանաներ կարգուել, 21 բայց սա՝ երդումով, նրա՛ ձեռքով, ով ասաց նրան. «Երդուեց Տէրը եւ էլ չի զղջայ. դու յաւիտեան քահանայ ես»), 22 այդ նոյն չափով Յիսուս երաշխաւոր եղաւ լաւագոյն մի ուխտի: 23 Եւ այսպէս, շատ քահանաներ եղան, որովհետեւ մահը արգելք էր լինում, որ նրանք տեւապէս քահանայ մնան: 24 Իսկ սա, յաւիտենական լինելու պատճառով, ունի անանց քահանայութիւն: 25 Ուստի եւ կարո՛ղ է իր միջոցով Աստծուն մօտեցողներին մէկընդմիշտ փրկել. քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխօս լինելու նրանց համար: 26 Արդարեւ, մեզ պէտք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատուած մեղաւորներից եւ բարձրացած աւելի վեր, քան երկինքները, 27 որը, ինչպէս այլ քահանայապետներ, պէտք չունի նախ իր մեղքերի համար զոհեր մատուցելու եւ ապա՝ ժողովրդի մեղքերի համար. իսկ Քրիստոս մէկ անգամ առ միշտ կատարեց այդ բանը, քանի որ ինքը իրե՛ն պատարագ մատուցեց: 28 Օրէնքը քահանայապետներ է կարգում տկարութիւններով պատած մարդկանց, իսկ երդման խօսքը, որ օրէնքից յետոյ է գալիս, կարգում է Որդուն, որ յաւիտեան կատարեալ է:
8.1 Եւ իմ ասած խօսքերի գլխաւորն այս է. այնպիսի քահանայապետ ունենք, որ նստեց երկինքներում Մեծութեան աթոռի աջ կողմում 2 որպէս պաշտօնեայ սրբարանի եւ ճշմարիտ խորանի, որ Տէ՛րը կանգնեցրեց եւ ոչ թէ մարդը: 3 Ամէն մի քահանայապետ զոհեր եւ պատարագներ մատուցելու համար է սահմանուած, ուստի պէտք է, որ նա էլ մի բան ունենայ, որ մատուցի, 4 քանզի, եթէ նա երկրի վրայ լինէր, թերեւս քահանայ չլինէր իսկ, քանի որ կան քահանաներ, որ պատարագ են մատուցում ըստ օրէնքի. 5 նրանց սպասաւորութիւնը երկնաւոր բաների նմանութիւնն ու ստուերն է միայն, ինչպէս որ Մովսէսին էլ հրամայուեց, երբ նա պիտի կանգնեցնէր վկայութեան խորանը. «Տե՛ս, - ասում է, - ամէն ինչ կ՚անես ըստ այն օրինակի, որ ցոյց տրուեց քեզ լերան վրայ»: 6 Բայց արդ, Յիսուս աւելի բարձր սպասաւորութեան էլ հասաւ, քանի որ միջնորդ է առաւել լաւ ուխտի, ուխտ, որ լաւագոյն խոստումների վրայ հիմնուեց. 7 եթէ առաջինը անթերի լինէր, ապա երկրորդի համար տեղ չէր փնտռուի: 8 Եւ ահա մեղադրում է նրանց եւ ասում. «Ահաւասիկ օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - եւ Իսրայէլի տան հետ ու Յուդայի տան հետ նոր ուխտ պիտի կատարեմ, 9 բայց ոչ նման այն ուխտի, որ կնքեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ նրանց ձեռքից բռնեցի՝ Եգիպտոսից դուրս հանելու համար: Եւ որովհետեւ նրանք չմնացին իմ ուխտի մէջ, ես էլ անհոգ եղայ նրանց հանդէպ, - ասում է Ամենակալ Տէրը: 10 Բայց ա՛յս է այն ուխտը, որը պիտի կնքեմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, - ասում է Տէրը: Իմ օրէնքները պիտի դնեմ նրանց մտքի մէջ եւ նրանց սրտո՛ւմ պիտի գրեմ դրանք. եւ ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, եւ նրանք ինձ ժողովուրդ պիտի լինեն:11 Եւ իւրաքանչիւրն այլեւս չպիտի ուսուցանի իր համաքաղաքացուն, ոչ էլ՝ իւրաքանչիւրն իր եղբօրը. եւ պիտի չասեն, թէ՝ ճանաչի՛ր Տիրոջը, որովհետեւ պիտի ճանաչեն ինձ բոլորը՝ նրանց փոքրերից մինչեւ ամենամեծերը. 12 քանզի պիտի ներեմ նրանց անիրաւութիւնները եւ նրանց մեղքերն ու անօրինութիւնները այլեւս չպիտի յիշեմ»: 13 Արդ, նոր ուխտի մասին խօսելով՝ նա հին դարձրեց առաջինը. եւ ինչ հնանում է ու ծերանում, մօտ է անհետանալու: