30 Նոյեմբեր, Շբ
12 Այսպէս ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնին չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմնի ապրելով. 13 որովհետեւ եթէ ըստ մարմնի ապրէք, կմեռնէք. իսկ եթէ Հոգով մարմնի գործերը սպանէք, կապրէք. 14 որովհետեւ նրանք, որ առաջնորդւում են Աստծոյ Հոգով, նրանք են Աստծոյ որդիներ. 15 քանի որ չստացաք ծառայութեան հոգին վերստին երկիւղի մէջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրութեան հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր: 16 Նոյն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ Աստծոյ որդիներ ենք. 17 եւ եթէ որդիներ ենք, ապա եւ՝ ժառանգներ. ժառանգներ Աստծոյ եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ նրա չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին: 18 Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ. 19 որովհետեւ ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծոյ որդիների յայտնութեանը, 20 քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց)՝ 21 այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծոյ որդիների փառքի ազատութեանը հասնելու համար. 22 քանզի գիտենք, որ բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ. 23 եւ ոչ միայն այս, այլեւ մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք եւս մեր մէջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրութեանը՝ մեր մարմնի փրկութեանը. 24 որովհետեւ յոյսով փրկուեցինք. իսկ տեսանելի յոյսը յոյս չէ, քանի որ մի բան, որ մէկը տեսնում է, էլ ինչո՞ւ յուսայ. 25 իսկ եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն համբերութեամբ սպասում ենք դրան: 26 Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով: 27 Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտէ, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծոյ կամքի է բարեխօսում սրբերի համար: