30 Նոյեմբեր, Շբ
6.2 «Թէ որ կշռելով կշռէր մէկը իմ սրտմտութիւնը, ցաւերս էլ բարձէր նժարին կշռի, ծովի աւազներից էլ ծանր կլինէին դրանք: 3 Խօսքերս կարծես խենթ-խելառ լինեն, 4 զի նետերն Տիրոջ մէջն են իմ մարմնի, զայրոյթը նրա արիւնս է ծծում. բերան բացելիս կտտում են ինձ: 5 Արդ, մի՞թէ զուր է էշն վայրի զռում, եթէ չի խնդրում իր համար նա կեր: Կամ թէ կգոռա՞յ եզը մսուրում, եթէ ունենայ առատ կերակուր: 6 Կամ կուտուի՞ առանց աղի հաց: Կամ համ կլինի՞ դատարկ խօսքերում: 7 Չի կարող հանդարտուել իմ հոգին, քանի որ շարաւոտ եմ տեսնում կերակուրս, ինչպէս հոտն առիւծի: 8 Երանի՜ կատարուի խնդիրքն իմ, եւ յոյսս լիացնի Տէրը: 9 Սկսեց Տէրը ինձ խոցոտել, սակայն թող չսպանի ինձ իսպառ: 10 Գերեզմանս թող լինի քաղաքն իմ, որի պարսպի վրայ ճեմում էի. չպիտի խնայեմ ես նրան, որպէսզի սուտ չելնեն խօսքերը սուրբ Աստծուս: 11 Զօրութիւնս ի՞նչ է, որ համբերեմ. ժամանակս ի՞նչ է, որ դիմանայ իմ հոգին: 12 Մի՞թէ քար զօրութիւն է ուժն իմ. մարմինս պղնձի՞ց է միթէ: Կամ չէի վստահում ես դրան: 13 Զրկուեցի ինքս իմ նեցուկից. օգնութիւնը հեռացաւ արդ ինձնից. Տիրոջ այցն անտեսեց ինձ լրիւ: 14 Մերձաւոր չնայեց երբեք ինձ. նուազած առուի պէս, ալիքի պէս անցան իմ կողքով: 15 Ովքեր դողում էին ինձնից, 16 այժմ ահա եկել են ինձ վրայ: 17 Ձիւնն ինչպէս կամ ինչպէս քարացած սառոյցը, որ իսկոյն հալչում է ջերմոյթից, չի յիշում, թէ ինչ էր ինքն առաջ, 18 նոյն ձեւով լքուեցի բոլորից նաեւ ես, կորստեան մատնուեցի ու դարձայ ես տնանկ: 19 Եւ դուք, որ նայում էք Սաբայի շաւիղին, տեսէք եւ ճամփաներն թեմնացւոց. 20 ամօթով կմնան, ովքեր որ յոյս դրեցին քաղաքի, ինչքերի վրայ այս: 21 Դէ ահա դուք նոյնպէս անողորմ հասել էք ինձ վրայ. գէթ վէրքիս նայելով՝ դուք երկիւղ կրեցէք: 22 Այժմ բան խնդրեցի՞ ես ձեզնից 23 կամ մի՞թէ ձեր ուժով կարող եմ փրկել ինձ թշնամուց կամ փրկել հզօրաց ձեռքերից: 24 Ուսուցէ՛ք դուք էլ ինձ, կլռեմ: Իսկ եթէ մոլորուած ես լինեմ, ինձ խելքի՛ բերէք դուք: 25 Բայց կարծես իզուր են խօսքերն այս ճշմարիտ. չէ՞ որ ես ձեզնից զօրութիւն չեմ խնդրում: 26 Ոչ էլ ձեր կշտամբանքի բառերն են կարող լռեցնել. պիտ չանսամ նաեւ ձեր բարբառած խօսքերին: 27 Բայց քանի հասել էք ինձ վրայ՝ իբրեւ մի որբուկի, շարժուել էք բարեկամի վրայ ձեր, 28 էլի ես, նայելով ձեր դէմքին, պիտ երբեք չստեմ: 29 Նստեցէ՛ք. դատի մէջ անիրաւ բան չլինի. եւ դարձեալ արդարին հետեւէ՛ք, 30 քանի որ իմ լեզուին անիրաւ բան չկայ, քիմքս էլ չի ձգտում երբեք իմաստութեան:
7.1 Փորձութիւն չէ՞ միթէ երկրի վրայ կեանքը մարդու. վարձկանի օրական վարձը չէ՞ կեանքը իր: 2 Ինչպէս որ ծառան է վախենում տիրոջից ու պահւում ստուերում, կամ ինչպէս վարձկանն է սպասում իր վարձին, 3 այնպէս էլ ես զուր եմ սպասել ամիսներ: Ցաւագին գիշերներ են բաժին ընկել ինձ. 4 թէ քնեմ, ասում եմ. “Ե՞րբ պիտի բացուի լոյս”. արթնանամ, դարձեալ թէ՝ “Ե՞րբ կլինի երեկոյ”: Ցաւով եմ լեցուն ես իրիկուն-առաւօտ: 5 Ծածկուած է մարմինս զազրելի որդերով. խեցեր եմ մաշել ես թարախոտ վէրքերն իմ քերելու: 6 Եւ կեանքս խօսքից էլ թեթեւ է. կորել է նա ունայն յոյսերում: 7 Յիշի՛ր, որ քամի է կեանքը իմ. աչքերս է՛լ չեն տեսնի բարի բան. 8 չեն նայի այլեւս ինձ աչքերն տեսնողի: Աչքերդ ինձ վրայ ես յառում. այլեւս չեմ լինի երկնքից ջնջուած ամպի պէս: 9 Զի եթէ իջնի մարդ գերեզման, 10 չի ելնի այլեւս, չի դառնայ իր տունը. իր տեղն էլ նրան չի ճանաչի: 11 Այսուհետ չպիտի զսպեմ ես բերանս. պիտ խօսեմ, քանի դեռ վիշտ ունեմ, տագնապով պիտ բացեմ դառնութիւնն իմ հոգու: 12 Ծո՞վ եմ ես, թէ՞ կէտ ձուկ, որ շուրջս պահակ ես դու կարգել: 13 Ասացի՝ ամոքեն պիտի ինձ մահիճներս. եւ ինքս պիտ քննեմ անկողնում իմ բոլոր գործերը: