30 Նոյեմբեր, Շբ
1 Քանի որ ունենք այս պաշտօնը Աստծոյ ողորմութեամբ, չենք տկարանում. 2 այլ հրաժարուեցինք ամօթալի խորհուրդներից, որպէսզի խորամանկութեամբ չընթանանք եւ Աստծոյ խօսքը չնենգափոխենք, այլ ճշմարտութիւնը յայտնելով՝ մենք մեզ յանձնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին՝ Աստծոյ առաջ: 3 Եւ եթէ մեր աւետարանը ծածկուած իսկ է, ծածկուած է կորստեան մատնուածների համար, 4 որոնց՝ այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստուածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի աւետարանի փառքի լոյսը, Քրիստոսի, որ պատկերն է աներեւոյթ Աստծոյ: 5 Ոչ թէ մենք մեզ ենք քարոզում, այլ Յիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպէս ծառաներ ձեզ՝ Քրիստոսի համար. 6 որովհետեւ Աստուած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծոյ փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից: 7 Այսուհետեւ այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ՝ մեզնից: 8 Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ՝ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ՝ յուսահատ, 9 հալածուած, բայց ոչ՝ լքուած, չարչարուած, բայց ոչ՝ մեռած: 10 Ամէն ժամ մեր մարմիններում կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. 11 քանզի քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ: