30 Նոյեմբեր, Շբ
16.1 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2 «Շատ եմ լսել ես այդպիսի բաներ. խեղճ ամոքիչներ էք դուք բոլորդ էլ: 3 Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խօսքերի, կամ մէկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես: 4 Ես էլ ձեզ պէս կխօսէի, եթէ ձեր հոգին էլ իմի պէս լինէր: 5 Ձեզ պէս ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խօսքերով: 6 Գուցէ իմ բերանում ուժ ունենայի ու ես չզլանայի շրթունքներս շարժել, 7 քանզի թէ խօսեմ, չի փարատուելու ցաւը վէրքերիս, իսկ եթէ լռեմ, աւելի՞ քիչ եմ խոցոտուելու ես: 8 Արդ, դարձրել է ինձ ջարդուած, փտած ու ընդարմացած: 9 Ձեռքը գցել է ահա ինձ վրայ. մարտիրոսուել եմ: Դէմս է կանգնեցրել իմ ստութիւնը, երեսովս տուել պատասխաններս: 10 Բարկութեամբ մղուած՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրայ: Նրա հէների նետերն են վրաս տեղացել ուժգին, աչքերի տէգով շարժուել ինձ վրայ: 11 Իրար յետեւից խփել է ծնկիս. բոլորը մէկտեղ խուժել են վրաս: 12 Տէրն ինձ մատնել է ձեռքն անիրաւի, ամբարիշտների մէջ է գցել ինձ: 13 Մինչ խաղաղ էի, քայքայել է ինձ, քաշել մազերիցս ու փետել դրանք: 14 Թիրախ կանգնեցրել, տէգեր են պատել: Երիկամներս են խոցել անխնայ, գետնին են թափել մաղձն իմ. 15 ինձ կործանել են՝ հարուած հարուածի վրայ իջեցնելով: Վրաս են թափուել զօրաւորները 16 եւ քուրձ են կարել մորթիս վրայ նրանք: 17 Յանգել է գետնին զօրութիւնը իմ. լալուց խաշուել են աղիքները իմ. մահուան ստուերն է իջել կոպերիս: 18 Անիրաւութիւն չկար իմ ձեռքին, եւ անարատ էր աղօթքն իմ հոգու: 19 Երկի՛ր, մի՛ ծածկիր արիւնն իմ մարմնի. թող աղաղակս կանգ չառնի բնաւ: 20 Եւ ահա հիմա վկաս երկնքում, դատապաշտպանս այն բարձունքում են: 21 Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի, ու նրա առաջ աչքերս արտասուեն: 22 Երանի՜ մէկը պաշտպան կանգնի ինձ Տիրոջ յանդիման, ինչպէս որ մարդը՝ իր ընկերոջը: 23 Իմ տարիները հաշւուած են արդ. բռնել եմ արդէն անդարձի ուղին:
17.1 Կորչում եմ հողմավար. կարօտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում: 2 Նեղւում, տանջւում եմ. ի՞նչ եմ անելու: Գողացան օտարներն ինչքերս: 3 Այն ո՞վ է, որ ձեռքն իր իմ ձեռքի մէջ դնի: 4 Քանի որ սրտները հեռու է դատումից, ուստի չես բարձրացնի դու նրանց: 5 Նրանց փոխարէն են պատմելու չարիքները բիւր: Աչքերս որդոցս համար հալուեցին: 6 Ողջ սերունդների չարախօսութեան ենթարկեցիր ինձ. նրանց ծաղրանքի առարկան դարձայ: 7 Բարկութիւնից իմ մթնեցին աչքերս. խիստ պաշարուած եմ բոլորի կողմից: 8 Ճշմարիտ մարդիկ զարմացած են այս ամէնի վրայ. արդարը հիմա վեր է կենալու անիրաւի դէմ: 9 Հաւատարիմը թող հաստատ մնայ իր ճանապարհին, իր մաքուր ձեռքով քաջալերութիւն ստանայ թող միշտ: 10 Բայց դուք էլ, ամէնքդ, վե՛ր կացէք, եկէ՛ք. ձեր մէջ չեմ գտնում ճշմարտութիւն ես: 11 Իմ օրերը խիստ շարաւոտ եղան. սրտիս երակներն ամէն պայթեցին: 12 Գիշերս ցերեկուայ տեղ դրեցին նրանք. լոյսը մերժուեց մութի երեսից: 13 Թէ համբերեմ ես, դժոխք կդառնայ ինձ համար տունս: Խաւարի մէջ է փռուած մահիճս: 14 Մահը ինձ համար ես հայր կոչեցի, նեխուածքը՝ մայր, քոյր: 15 Ո՞ւր է յոյսը իմ, կամ բարիքներս պիտի տեսնե՞մ ես: 16 Թէ՞ այդ բոլորը պիտի գերեզման իջեցնեմ հետս. բոլորս իրար հետ հո՞ղն ենք իջնելու»: