30 Նոյեմբեր, Շբ
1 Եւ երկու օր յետոյ Զատիկ էր ու Բաղարջակերաց տօնը. քահանայապետները եւ օրէնսգէտները հնար էին որոնում, թէ ինչպէս նրան, նենգութեամբ բռնելով, սպանեն: 2 Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»: 3 Եւ մինչ նա Բեթանիայում էր՝ բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկաւ մի կին, որ հետն ունէր նարդոսի ազնիւ, մեծարժէք իւղի մի շիշ. եւ շիշը կոտրելով՝ իւղը թափեց Յիսուսի գլխին: 4 Աշակերտները զայրացան եւ ասացին. «Այդ իւղն ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր. 5 կարելի էր այդ անուշահոտ իւղը վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի եւ տալ աղքատներին»: Եւ խիստ զայրանում էին կնոջ վրայ: 6 Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետեւ նա ինձ համար մի բարի գործ արեց: 7 Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք եւ, երբ ուզէք, կարող էք նրանց բարիք անել: Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք: 8 Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւէտեց իմ մարմինը ի նշան պատանքուելու: 9 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ուր էլ քարոզուի այս աւետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա յիշատակի համար»: 10 Եւ Յուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Յիսուսին մատնի նրանց: 11 Երբ նրանք լսեցին, ուրախացան եւ խոստացան նրան դրամ տալ. եւ նա առիթ էր փնտրում, թէ ինչպէս յարմար ժամանակ մատնի նրան: