30 Նոյեմբեր, Շբ
2 Յուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտէր այն տեղը, որովհետեւ Յիսուս եւ իր աշակերտները շատ անգամ այնտեղ էին հաւաքուել: 3 Եւ Յուդան, իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ՝ ուղարկուած քահանայապետներից ու փարիսեցիներից, այնտեղ եկաւ ջահերով, լապտերներով ու զէնքերով: 4 Իսկ Յիսուս, իր վրայ եկող այս ամէնը տեսնելով, դուրս ելաւ ու նրանց ասաց. «Ո՞ւմ էք փնտրում»: 5 Նրան պատասխանեցին՝ Յիսուս Նազովրեցուն: Յիսուս նրանց ասաց՝ ես եմ: Նրանց հետ էր եւ Յուդան, որ մատնում էր նրան: 6 Երբ Յիսուս ասաց՝ ես եմ, յետ-յետ գնացին եւ գետնին ընկան: 7 Դարձեալ նրանց հարցրեց՝ ո՞ւմ էք փնտրում: Նրանք ասացին՝ Յիսուս Նազովրեցուն: 8 Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, թէ՝ ես եմ. արդ, եթէ ինձ էք փնտրում, նրանց թոյլ տուէք գնալ». 9 որպէսզի կատարուի խօսքը, որ ասել էր, թէ՝ «Նրանց, որոնց ինձ տուեցիր, նրանցից եւ ոչ մէկին չկորցրի»: 10 Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետեւ սուր ունէր, քաշեց այն եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա աջ ականջը կտրեց: Եւ այն ծառայի անունը Մաղքոս էր: 11 Յիսուս Պետրոսին ասաց. «Այդ սուրդ նորից իր պատեանը դիր. այն բաժակը, որ Հայրն է ինձ տուել, չպիտի՞ խմեմ»: 12 Իսկ գունդը, հազարապետը եւ հրեաների պահակները բռնեցին Յիսուսին եւ կապեցին: 13 Եւ նախ նրան տարան Աննայի մօտ, որը Կայիափայի՝ այդ տարուայ քահանայապետի աներն էր: 14 Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խրատ տուեց, թէ աւելի լաւ է, որ ժողովրդի համար մէկ մարդ մեռնի: 15 Եւ Յիսուսի յետեւից գնում էին Սիմոն Պետրոսը եւ միւս աշակերտը: Եւ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանօթ էր, Յիսուսի հետ մտաւ քահանայապետի տան գաւիթը: 16 Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մօտ՝ դուրսը: Միւս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելաւ, դռնապանին ասաց եւ Պետրոսին ներս մտցրեց: 17 Այն աղջիկը, որ դռնապանն էր, Պետրոսին ասաց. «Մի՞թէ դու էլ այդ մարդու աշակերտներից ես»: Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ: 18 Այնտեղ կային ծառաներ եւ պահակներ, որոնք խարոյկ էին արել եւ տաքանում էին, քանի որ ցուրտ էր: Պետրոսն էլ նրանց հետ կանգնել էր ու տաքանում էր: 19 Իսկ քահանայապետը հարց տուեց Յիսուսին նրա աշակերտների եւ վարդապետութեան մասին: 20 Յիսուս նրան պատասխանեց. «Ես բացայայտ ասացի բոլորին. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում եւ տաճարի մէջ, ուր հաւաքւում էին բոլոր հրեաները. եւ ծածուկ ոչինչ չեմ խօսել: 21 Ինձ ինչո՞ւ ես հարցուփորձ անում. հարցուփորձ արա նրանց, ովքեր լսել են, թէ ես նրանց հետ ինչ եմ խօսել. ահա նրանք գիտեն, թէ ինչ եմ ասել»: 22 Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մէկը մի ապտակ տուեց Յիսուսին ու ասաց. «Այդպէ՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»: 23 Եւ Յիսուս նրան ասաց. «Եթէ վատ խօսեցի, վկայիր վատի մասին, իսկ եթէ լաւ՝ ինձ ինչո՞ւ ես խփում»: 24 Եւ Աննան նրան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մօտ: 25 Եւ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր ու տաքանում էր. նրան ասացին. «Մի՞թէ դու էլ նրա աշակերտներից ես»: Նա ուրացաւ եւ ասաց՝ ո՛չ, չեմ: 26 Եւ քահանայապետի ծառաներից մէկը՝ նրա ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս տեսայ քեզ նրա հետ պարտէզում»: 27 Պետրոսը դարձեալ ուրացաւ. եւ իսկոյն մի աքաղաղ կանչեց: