30 Նոյեմբեր, Շբ
27 Եւ Յիսուս նրանց ասաց. «Այս գիշեր ամէնքդ գայթակղուելու էք իմ պատճառով, որովհետեւ գրուած է. “Պիտի հարուածեմ հովուին, եւ ոչխարները պիտի ցրուեն”: 28 Բայց իմ յարութիւնից յետոյ ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ»: 29 Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէկուզ բոլորն էլ գայթակղուեն, բայց ես չեմ գայթակղուի»: 30 Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու այս գիշեր իսկ, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ պիտի ուրանաս ինձ»: 31 Իսկ Պետրոսն առաւել եւս պնդում էր ու ասում. «Եթէ քեզ հետ մեռնել իսկ հարկ լինի, քեզ չեմ ուրանայ»: Եւ ամէնքն էլ նոյնն էին ասում: 32 Եկան այն տեղը, որը Գեթսեմանի էր կոչւում: Եւ նա աշակերտներին ասաց. «Նստեցէ՛ք այստեղ, մինչեւ ես աղօթեմ»: 33 Եւ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին եւ սկսեց տխրել ու տագնապել: 34 Այն ժամանակ նրանց ասաց. «Տխուր է հոգիս մեռնելու աստիճան. մնացէ՛ք այստեղ եւ արթո՛ւն կացէք»: 35 Եւ փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսի վրայ ընկաւ գետնին. եւ աղօթում էր, որ եթէ կարելի է, այդ ժամը իրենից հեռանայ: 36 Եւ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, ամէն ինչ քեզ համար հնարաւոր է. այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու ես կամենում»: 37 Եւ Յիսուս եկաւ ու նրանց քնած գտաւ. եւ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես. չկարողացա՞ր մէկ ժամ արթուն մնալ: 38 Արթո՛ւն կացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք: Հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»: 39 Եւ նորից գնաց, աղօթքի կանգնեց ու նոյն բաներն ասաց: 40 Կրկին անգամ դարձաւ այնտեղ եւ նրանց քնի մէջ գտաւ. որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին, եւ չէին իմանում, թէ ինչ պատասխան տան նրան: 41 Երրորդ անգամ եկաւ եւ նրանց ասաց. «Քնեցէ՛ք այսուհետեւ եւ հանգստացէ՛ք, քանի որ վախճանը հասել է. եկաւ ժամը, եւ ահա մարդու Որդին մատնւում է մեղաւորների ձեռքը: 42 Օ՛ն, վե՛ր կացէք գնանք, որովհետեւ ահա մօտեցաւ նա, ով ինձ մատնելու է»: 43 Եւ մինչ նա դեռ խօսում էր այս բաները, եկաւ Յուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մէկը, եւ իր հետ՝ սրերով, մահակներով զինուած ամբոխ՝ ուղարկուած քահանայապետների, օրէնսգէտների ու ծերերի կողմից: 44 Մատնիչը նրանց նշան էր տուել՝ ասելով. «Ում հետ ես համբուրուեմ, նա է, բռնեցէ՛ք նրան եւ տարէ՛ք զգուշութեամբ»: 45 Եւ մօտենալով նրան՝ իսկոյն ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛». եւ համբուրեց նրան: 46 Եւ նրանք ձեռք դրեցին նրա վրայ ու բռնեցին: 47 Ապա նրա շուրջը գտնուողներից մէկը սուրը քաշեց եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա ականջը կտրեց: 48 Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Սրերով եւ մահակներով դուրս էք եկել ինձ բռնելու որպէս աւազակի՞: 49 Ես միշտ ձեզ մօտ էի եւ ուսուցանում էի տաճարում, եւ ինձ չբռնեցիք. բայց այս եղաւ, որպէսզի մարգարէների գրուածքները կատարուեն»: 50 Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ լքեցին նրան եւ փախան: 51 Եւ մի երիտասարդ գնում էր նրա յետեւից՝ իր մերկ մարմնի վրայ մի սաւան գցած: Երիտասարդները նրան բռնեցին, 52 եւ նա, թողնելով հագի կտորը, մերկ փախաւ նրանցից: 53 Եւ Յիսուսին տարան Կայիափա քահանայապետի մօտ. եւ նրա հետ հաւաքուած էին բոլոր քահանայապետները, օրէնսգէտներն ու ծերերը: 54 Իսկ Պետրոսը հեռուից նրա յետեւից գնաց մինչեւ ներս՝ քահանայապետի գաւիթը: Եւ նստած էր սպասաւորների մօտ ու տաքանում էր կրակի բոցի առջեւ: 55 Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը մի որեւէ վկայութիւն էին փնտրում Յիսուսի դէմ, որպէսզի նրան սպանեն, բայց չէին գտնում. 56 քանի որ նրա դէմ շատերը սուտ վկայութիւն էին տալիս, բայց վկայութիւնները իրար նման չէին: 57 Ոմանք վեր կենալով սուտ էին վկայում նրա դէմ ու ասում. 58 «Մենք լսեցինք դրանից, երբ ասում էր. “Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը եւ երեք օրում կշինեմ մէկ ուրիշը՝ անձեռակերտ”»: 59 Բայց եւ այնպէս նրանց վկայութիւնը նոյնանման չէր: 60 Ապա քահանայապետը, կանգնելով մէջտեղում, Յիսուսին հարց տուեց ու ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. այդ ինչե՜ր են վկայում դրանք քո դէմ»: 61 Եւ նա միայն լուռ էր մնում ու պատասխան չէր տալիս: Քահանայապետը կրկին անգամ հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնեալ Աստծոյ Որդին»: 62 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դու ասացիր, թէ ես եմ. բայց պիտի տեսնէք մարդու Որդուն՝ ամենազօր Աստծոյ աջ կողմում նստած եւ երկնքի ամպերի վրայով եկած»: 63 Եւ քահանայապետը իսկոյն պատռեց իր պատմուճանը եւ ասաց. «Էլ ի՞նչ պէտք են մեզ վկաներ: 64 Ահա ամէնքդ դրա բերանից լսեցիք հայհոյութիւնը. ձեզ ինչպէ՞ս է թւում...»: Եւ ամէնքը դատապարտեցին նրան, թէ մահապարտ է: 65 Եւ ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորով գլուխը ծածկել, բռունցքով խփել ու ասել. «Մարգարէացի՛ր մեզ, Քրիստո՛սդ, այն ո՞վ է, որ քեզ խփեց»: Եւ սպասաւորները ապտակում էին նրան: 66 Եւ մինչ Պետրոսը դեռ ներքեւում՝ գաւթում էր, քահանայապետի մի աղախինը եկաւ եւ տեսաւ նրան տաքանալիս: 67 Նայեց նրան ու ասաց. «Դու էլ Յիսուս Նազովրեցու հետ էիր»: 68 Նա ուրացաւ եւ ասաց. «Չեմ ճանաչում նրան եւ չգիտեմ՝ ինչ ես ասում դու»: Եւ երբ նա դրսի գաւիթը ելաւ, աքաղաղը կանչեց: 69 Աղախինը նորից տեսաւ նրան եւ սկսեց իր շուրջը գտնուողներին ասել. «Սա էլ նրանցից է»: 70 Եւ Պետրոսը դարձեալ ուրացաւ: Փոքր-ինչ յետոյ, նորից, նրանք, որ շուրջը կանգնել էին, ասացին Պետրոսին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ գալիլիացի ես, եւ քո խօսուածքն էլ նման է»: 71 Եւ նա սկսեց նզովք կարդալ, երդուել եւ ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խօսում էք»: 72 Եւ հէնց նոյն ժամին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց: Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուս ասել էր իրեն, թէ՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ ինձ պիտի ուրանաս». եւ սկսեց լալ: