30 Նոյեմբեր, Շբ
1 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լեռան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2 եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3 «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 4 Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն: 5 Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն: 6 Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան: 7 Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն: 8 Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն: 9 Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն: 10 Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 11 Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: 12 Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել: 13 Դուք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կաղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափուի եւ մարդկանց ոտքի կոխան կլինի: 14 Դուք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լեռան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել: 15 Եւ ճրագը վառելով՝ կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են: 16 Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է: